Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացասաբար է ազդել ընտրացուցակների շահարկումը»

Մայիս 09,2012 13:07

Դավիթ Հարությունյանի պատասխանը եվրոպացի դիտորդներին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների՝ մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախորդ օրը հրապարակած նախնական եզրակացության մեջ, ի թիվս դրական շեշտադրումների, նաեւ բավականին ուշագրավ դիտողություններ կան: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց դրանցից մի քանիսի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ: Առաքելության նախնական եզրակացության մեջ ասված է, որ «քարոզչության վերաբերյալ դրույթների խախտման հետեւանքով անհավասար մրցակցային դաշտը, ընտրողների վրա ճնշման դեպքերը եւ դիմումների ու բողոքների քննության գործընթացներում թերությունները մտահոգությունների տեղիք են տվել»: Այս առիթով պարոն Հարությունյանը նկատեց. «Այդ մասը շատ ընդհանուր է գրված, եւ ինձ համար պարզ չէ, թե իրենք ինչն են նկատի ունեցել: Կան հարցեր, որոնք, ես կարծում եմ, կուղղենք դիտորդներին, որպեսզի հասկանանք, թե իրենք ի՞նչը նկատի ունեն»: Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, վստահ է, որ քարոզչության տեսանկյունից «աննախադեպ» քայլ է եղել այս ընտրություններում՝ եւ մեծ գովազդային պաստառների, եւ բոլոր թեկնածուներին անվճար տարածքներ տրամադրելու, ընդ որում՝ ոչ միայն պետական, այլ նաեւ ՏԻՄ-երի ենթակայության տակ գտնվող, եւ հեռուստատեսության մասով:

Դիտորդները նաեւ արձանագրել են, որ «այն եղանակը, որով ԿԸՀ-ն անդրադարձել է բողոքներին, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը»: Դավիթ Հարությունյանն այս արձանագրման առիթով դիտորդների հետ սկզբունքորեն համաձայն չէ. «Մենք այդ քննարկումը ունեցել ենք շատ ավելի վաղ, երբ իրենց երկարաժամկետ առաքելությունը եկել էր Հայաստան: Ես բացարձակապես չեմ կիսում իրենց դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ: Իրենք ի սկզբանե համարում էին, որ նախատեսված ձեւը արդյունավետ լինել չի կարող, իսկ ես համարում եմ, որ կարող է: Ի դեպ, այս առումով ես չեմ տեսել որեւէ բողոք նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից, երբ նրանք ուսումնասիրում էին օրենքը»: Թեկնածուների գրանցման ընթացակարգի վերաբերյալ դիտորդները վերապահումներ չունեն: Ավելին, արձանագրել են, որ «ընդհանուր առմամբ ամբողջական է եղել, թեպետ քաղաքացիության եւ մշտական բնակության հինգ տարվա պահանջը չի համապատասխանում ԵԱՀԿ պարտավորություններին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին»: Դավիթ Հարությունյանը պարզաբանում է՝ դա մեր Սահմանադրության պահանջն է. «Ես հասկանում եմ, որ Եվրոպայում կան ժամանակակից մոտեցումներ, այնուհանդերձ, քանի դեռ մեր Սահմանադրությունը չի փոխվել, դա մնում է օրենքով»:

Դիտորդները նաեւ արձանագրել են, որ. «Ընտրողների ցուցակների ճշտությունը եւ ընտրակեղծիքների համար դրանց հավանական չարաշահման հնարավորությունը, որպես մտահոգություն, բարձրացվել է մեծ թվով թեկնածուների կողմից՝ ավելացվելով ընտրական գործընթացների նկատմամբ ընդհանուր թերահավատությունը: Մինչ ընտրության օրը ընտրողների ցուցակները հասանելի են եղել հասարակության կողմից ստուգման համար, իսկ իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել դրանց որակը եւ ճշտությունը վերանայելու եւ բարելավելու համար: Չնայած ընտրողների գրանցմանն ուղղված բարեփոխված օրենսդրությանը, ընտրողների ցուցակների ճշտության վրա բացասաբար է ազդել տարբեր հաստատությունների միջեւ տվյալների փոխանակման ոչ բավարար կարգավորվածությունը»: Քանի որ Դավիթ Հարությունյանը համոզված է, որ այս անգամ մեր ընտրացուցակները եղել են «լավագույնը» Հայաստանի ընտրական ողջ պատմության ընթացքում, ուստի հակադարձում է. «Ընտրողների վրա բացասաբար է ազդել այն, որ բոլոր քաղաքական ուժերը փորձել են դա շահարկել: Սակայն բոլոր շահարկում-հարցադրումները մենք ստուգել ենք, եւ դրանք 99 տոկոսով եղել են անհիմն: Ի վերջո, ցուցակները չեն փոխվել, հրապարակված եղել են, եւ եթե որեւէ մեկը պատրաստ է հիմա անգամ նման հարց բարձրացնել, ես սիրով պատրաստ եմ պատասխանել ցուցակների հետ կապված բոլոր հարցադրումներին»:

Եվրոպացի դիտորդների կարծիքով՝ քարոզչության ընթացքում Ընտրական օրենսգրքի քարոզչությանն առնչվող դրույթները երբեմն խախտվել են, մեծամասամբ՝ տեղական իշխանությունների եւ որոշ կուսակցությունների կողմից. «Սա ներառում է դասերի ժամանակ քարոզչական միջոցառումներին ուսուցիչների ներգրավվածությունը, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների կողմից մարդկանց եւ համայնքներին նվերներ տալը եւ քարոզչական նյութեր փակցնելը դպրոցների եւ համայնքային նշանակության շենքերի վրա»: Դավիթ Հարությունյանը կրկին արձանագրում է, որ դիտարկումը ընդհանրական է, փաստարկված չէ, եւ ոչ էլ ինքը նման փաստեր ունի. «Իրենց միջանկյալ զեկույցում այն, ինչը որ ներկայացվել էր, ընդհանրապես որեւէ քննադատության չէր կարող դիմանալ, քանի որ մարդիկ ուղղակի սխալ էին մեկնաբանում օրենքի պահանջը: Կարծում եմ՝ հիմա փորձել են շտկել իրավիճակը՝ նման բան գրելով: Համենայնդեպս, առանց հստակ ձեւակերպումների ինձ դժվար է գնահատական տալ, թե որքանով է նրանց ասածն օբյեկտիվ: Ես չեմ բացառում, որ ինչ-որ տեղեր կարող էին նման խախտումներ լինել, թեեւ կարծում եմ, որ դրանք չեն կրել մասսայական բնույթ: Այնուհանդերձ, ցանկացած նման հարցադրում պետք է ամրապնդված լինի որոշակի դեպքերի նկարագրությամբ, որպեսզի այն գոնե փոքր-ինչ արժանահավատ հնչի»:

Դիտարկումների եւ հակադարձումների այլ մանրամասները կարդացեք 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031