Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի մեսիջներն ուղղված էին ՀՀԿ-ի դժգոհ հատվածին

Մայիս 09,2012 13:02

Ասում է քաղաքագետն ու հավելում, թե Ռոբերտ Քոչարյանը հույսը կապում էր այս ընտրությունների գլխավոր ինտրիգի հետ՝ կհավաքի՞ արդյոք ՀՀԿ-ն 50+1 տոկոս խորհրդարանում, թե՞ ոչ:

Մայիսի 3-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլի մի բացառիկ հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանն ու անդրադարձավ հարցերի լայն շրջանակի՝ ԲՀԿ-ի հետ իր կապերին ու ազդեցությանը, գործող իշխանության հետ հարաբերություններին, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը, Պուտինի հետ իր շփումներին ու նախընտրական վիճակին: Ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանն անդրադառնալով էլ՝ ասաց. «Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանո՞վ են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ՝ սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ»: ԱԺ ընտրություններն ավարտվեցին, ու քաղաքական դաշտում՝ առավելապես խորհրդարանում ուժերի հարաբերակցության մասով որոշակի պարզություն արդեն կա, ուստի «Առավոտը» Քոչարյանի հարցազրույցին հետհայացք նետելով՝ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում, ինչու նախկին նախագահը որոշեց կրկին խոսել ու այն էլ ընտրություններից երեք օր առաջ, եւ Ձեր դիտարկմամբ՝ ո՞ւմ եւ ի՞նչ ուղերձներ էր պարունակում նրա հարցազրույցը:

– Կարծում եմ՝ ժամանակի ընտրության մասով նրա գլխավոր մեսիջն ուղղված էր հանրությանն ու քաղաքական շրջանակներին՝ ասելու, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել ու, համենայնդեպս, այս պահին քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, որ ինքը ոչ թե նախկին քաղաքական գործիչ է, այլ գործող քաղաքական անձ է:

– Դա նշանակում է, որ Քոչարյանը որոշակի հավակնություննե՞ր ունի, որոնք պայմանավորված էին կիրակի տեղի ունեցած ընտրություններով:

– Դա նշանակում է՝ այո, նա հավակնություններ ուներ, ու նույնիսկ ասաց, թե դեռ չի որոշել՝ ի՞նչ դրսեւորումներ կունենան իր այդ հավակնությունները:

– Արդյոք նրա այդ հավակնությունները պայմանավորվա՞ծ էին ընտրությունների արդյունքներով ու մասնավորապես՝ նաեւ ԲՀԿ-ի հնարավոր հաջողություններով:

– Կարելի է ասել, որ նա հույսը կապում էր այս ընտրությունների գլխավոր ինտրիգի հետ՝ կհավաքի՞ արդյոք ՀՀԿ-ն 50+1 տոկոս խորհրդարանում, թե՞ ոչ: Եթե դա տեղի չունենար՝ իհարկե, Քոչարյանի հավակնությունները կարող էին ավելի նյութական դառնալու շանսեր ձեռք բերել: Համենայնդեպս, նման ցանկության առկայությունը Քոչարյանն ինքը չբացառեց:

– Ընտրությունները տեղի ունեցան: Որքանո՞վ դրանք կազդեն Քոչարյանի հավակնությունների վրա:

– Ընտրությունների արդյունքում ձեւավորվեց մի ստատուս-քվո, որտեղ, եթե խոսենք բաժնետիրական ընկերություններին վերաբերող տերմինաբանությամբ, Սերժ Սարգսյանն ունի հսկիչ փաթեթ, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր տրամադրության տակ ունի արգելափակող մեխանիզմներ: Այս ստատուս-քվոն երկուստեք ձեռնտու վիճակ է եւ որեւէ սպառնալիք չի պարունակում ոչ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ոչ էլ նախկին նախագահ Քոչարյանի համար: Չեմ կարծում նաեւ, թե այս պայմաններում Քոչարյանի կողմից հակազդեցության տարրեր պարունակող գործողություններ կլինեն: Ըստ այդմ, Քոչարյանն իր քաղաքական մեծ հավակնությունների մասով խոշոր հաշվով այլեւս չեզոքացված է, եւ դա իր անդրադարձը կունենա նաեւ ԲՀԿ-ի քաղաքական վարքագծի վրա:

– Կարծում եք՝ ԲՀԿ-ն կգնա՞ ՀՀԿ-ի հետ վերստին կոալիցիա կազմելու ճանապարհով:

– Կարծում եմ՝ կոալիցիա կազմելու իմաստ չկա, որովհետեւ ՀՀԿ-ին այդպիսի կոալիցիա պետք չի, իսկ ԲՀԿ-ին պե՞տք է, թե՞ ոչ՝ ԲՀԿ-ի խնդիրն է: Չեմ կարծում, որ դա ՀՀԿ-ին առանձնապես կհետաքրքրի: Այն, որ ԲՀԿ-ն Քոչարյանի համար լծկանի դեր է կատարում՝ միանշանակ է, բայց Քոչարյանի հարցազրույցում Սերժ Սարգսյանին հասցեագրված ուղերձն անուղղակի էր: Նրա մեսիջների հասցեատերերը հատկապես ՀՀԿ-ում Քոչարյանի կողմնակիցներն էին, որոնք ՀՀԿ-ի դժգոհ հատվածում քիչ չեն:

– ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունն ԱԺ-ում կարո՞ղ է ճանապարհ հարթել Քոչարյանի վերադարձի համար:

– Որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ԱԺ-ում էլ կհամագործակցեն, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի՝ ենթադրվում է, բայց նույնիսկ այդ դեպքում Քոչարյանի վերադարձը թեեւ գործնականում բացառել չի կարելի, բայց հիմա, երբ ընտրությունների արդյունքներն ամրագրվել են, դա զուտ տեսականորեն է հավանական: Ես կարծում եմ՝ ի վերջո, որոշիչն այդ հարցում այն չէ, թե ինչ կպայմանավորվեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, առավել եւս, որ նրանց միջեւ պայմանավորվածությունները հանրության շահերի հետ հեռավոր կապ անգամ ունենալ չեն կարող, այլ, բարեբախտաբար, որոշիչն այն է, թե ինչպես դա կընկալի հանրությունը: Իսկ ես կարծում եմ, որ հանրության մեջ Քոչարյանի վերաբերյալ բացասական ընկալումները, գոնե իմ տպավորությամբ, շատ ավելի գերակայող են, քան դրական սպասելիքները:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031