Լրահոս
Օրվա լրահոսը

Լավատեսական սցենար

Մայիս 09,2012 12:54

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շատ դիպուկ միտք էր արտահայտել. եթե դու կարող ես օրինական դաշտում (ոչ սամիզդատի մակարդակով) գործող լրատվամիջոցով տվյալ վարչակարգն անվանել «ռեժիմ», ապա իրականում ոչ մի ռեժիմ էլ գոյություն չունի: Իհարկե, խոսքը բռնապետության մասին է, որը անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ չկար եւ, հուսով եմ, չի էլ լինելու: Առավել եւս՝ հիմա, երբ հայաստանյան եթերում կան երկու կուսակցությունների դիրքորոշումն արտահայտող հեռուստաընկերություններ, իսկ այդ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ընտրարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը դրսեւորում էին միանգամայն ընդդիմադիր կեցվածք: Եթե նույնիսկ հաշվի չառնենք կայքերն ու սոցցանցերը, որոնք համեմատաբար նոր երեւույթ են, եւ թերթերը (ընդդիմադիր թերթեր միշտ էլ եղել են), ապա կարելի է արձանագրել, որ իրավիճակը լրատվական դաշտի առումով միանգամայն նոր է: Ընդդիմադիր հեռուստաընկերություններ Հայաստանի եթերում չեն եղել. կար «Ա1+»-ը, որը անկախ էր, եւ որը եթերազրկվեց 2002 թվականին, մնացածը, մինչեւ 2012-ի ապրիլը, «ազատ էին, բայց պատասխանատու»:

Մնում է, որ՝ 1/ այն երկու հեռուստաընկերությունների «սեփականատեր» քաղաքական ուժերը պահպանեն իրենց հարաբերական ինքնուրույնությունը, 2/ այդ լրատվամիջոցները չլինեն չափից դուրս կուսակցականացված եւ հնարավորություն տան արտահայտվելու թե այլ ընդդիմադիրներին՝ ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», թե իշխանության ներկայացուցիչներին եւ թե ստեղծված համակարգից դուրս գտնվող մարդկանց, 3/ առաջին երկու պայմանների դեպքում իշխանությունն այնքան խոհեմություն դրսեւորի, որ չհետապնդի այս երկու հեռուստաընկերություններին: (Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու մեզ գրեթե ցույց չեն տալիս ընտրակեղծիքների մասին հավաստող տեսանյութեր):

Այդ երեք հանգամանքների միահյուսումը կնպաստի ամբողջ հեռուստատեսային դաշտի առողջացմանը, որովհետեւ՝ եթե երկուսը վայելում են որոշակի ազատություն, ապա ինչո՞ւ մնացածը չպիտի վայելեն: Դուք կասեք՝ միեւնույն է, համացանցն ազատ է: Բայց նախ՝ ինտերնետը մատչելի է հայաստանցիների միայն մեկ երրորդին: Երկրորդ՝ առայժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում թերթերն ու հեռուստաընկերությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են, քան համացանցային ռեսուրսները: Եթե այդ լավատեսական սցենարը գործի, հեռուստատեսությունն իսկապես կկարողանա ավելի ակտիվորեն բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրները: Բնականաբար, դրանք ոչ բոլորին են հետաքրքրում. դե, այդ քաղաքացիներն էլ կշարունակեն սերիալներ ու զվարճալիքներ նայել:

Երբ ասում են, որ Հայաստանում բռնապետություն է, դա պարզապես հռետորական դարձվածք է՝ ուրիշ ոչինչ: Ավելին՝ երբ ասում են, թե այս ընտրությունների արդյունքում ոչինչ չի փոխվել, դա էլ խիստ չափազանցություն է: Ընդհանրապես կյանքի օրենք է՝ ամեն մի նոր օր նոր բան է բերում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031