ՀՀԿ-ն աննախադեպ որակեց այս ընտրությունները, նույնիսկ Եվրոպայի հետ համեմատած, դուք ի՞նչ թերություններ եք տեսնում, որ կարելի է ուղղել: Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների այս հարցին պատասխանեց, որ համաձայն է գնահատականի հետ . «Ընտրությունների հետ կապված գնահատականը՝ այո, էական տեղաշարժ էր այս ընտրական ամբողջ գործընթացում: Կարող ենք արձանագրել, որ երբեւէ այդան թափանցիկ, այդքան պարզ չի եղել: Իհարկե կան որոշ դեպքեր բախումների, բայց պետք է այդ ամբողջը գնահատել ընդհանուր ֆոնի վրա: Արտառոց է, որ քվեարկության օրը կարելի է քարոզչություն անել հեռուստատեսությամբ»: Խոսքը, ինչպես հայտնի է, վերաբերում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որի մասին Գալուստ Սահակյանը ԿԸՀ բողոք էր ներկայացրել:
ՏԸՀ-ների գրանցամատյաններում հնարավորություն է տրվել գրել բողոքները, սակայն ըստ Տիգրան Մուկուչյանի, առկա չի եղել որեւէ դիմում -բողոք որեւէ սուբյեկտի կողմից, որ ցանկացել է գրառում կատարել գրանցամատյանում եւ վերջինիս դա արգելվել է. «1982 տեղամասերից 91%-ում որեւէ գրառում առկա չէ, միայն 9 տոկոսում է առկա գրառում: Թիվ 15 ընտրատարածքից միայն մեկի գրանցամատյանում է առկա գրառում՝ 75 տեղամասերից»:
ԿԸՀ-ն համամասական ընտրակարգի համար ստացել է 17 ընտրատեղամասի վերահաշվարկի դիմումներ, իսկ մեծամասնականի համար՝ 33 տեղամասի վերահաշվարկի դիմումներ: Հարցին՝ ըստ Ձեզ, եթե դիմումները քիչ են, գո՞հ են ընտրությունների արդյունքներից, թե՞ կարծում են, որ վերահաշվարկը ոչինչ չի տա՝ նա պատասխանեց. «Վերահաշվարկը ներկայացվում է հրապարակային, կարող են մասնակցել դիտորդներ, զլմ-ներ: Ցուցակներն են հաշվարկվում, քվեաթերթիկները: Այն հաշվարկի գործընթացը, որն իրականացվել է տեղամասերի կողմից, իրականացվել է պարզ, թափանցիկ, մարդիկ տեսնելով այդ պարզ իրավիճակը, հարկ չեն համարել դիմումներ ներկայացնել»:
Հարցին՝ անվավեր քվեաթերթիկների քանակը շատ չի՞, պարոն Մուկուչյանը պատասխանեց, որ եթե ընդհանուր թիվը բաժանենք ընտրատեղամասերի քանակի միջեւ՝ շատ չէ:
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն որոշել է համամասնական ընտրակարգով մեկ տեղամասում մեկ վերահաշվարկ կատարել:
Հարցին՝ քանի որ դրոշմակնիքների փոփոխությամբ արդեն բացահայտվեց ընտրողը, ձեւական չէ՞ ընտրողերի ցուցակը գաղտնի պահելը՝ պարոն Մուկուչյանը բացատրեց, որ օրենքն ասում է՝ դրոշմակնիքը պետք է մնա 12 ժամ, դրանից հետո թե երբ պիտի անհետանա՝ չի հստակեցված՝ 3 ժամ հետո, 5 ժամ հետո, ե՞րբ, այնպես որ այս առումով էլ ըստ ԿԸՀ-ի խախտում չկա: Ինչ վերաբերում է ընտրությանը մասնակցած անձին բացահայտելուն՝ Մուկուչյանն ասաց, որ անձնագիրը գտնվում է անձի մոտ եւ չի բացահայտվի, եթե անձը չուզենա:
Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, որ 2,5 մլրդ դոլար ընտրակաշառք է բաժանվել՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչի հիման վրա են ասել նման դատողություններ, ինչ վիճակագրության հիման վրա են արել»: Ըստ նրա՝ եթե չի հրապարակվել, թե ինչ ընտրանք են կատարել, ինչ մեթոդով են որոշել այդ թիվը, դրա մասին կարծիք արտահայտելն անիմաստ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ