Այսօր հրավիրած ասուլիսում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բացատրություններ տվեց երեկ ՀԱԿ-ի հանրահավաքում հնչած մեղադրանքների հետ կապված: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի շարք գյուղերում, մարզերում 100, 102 տոկոս մասնակցությանը: Ըստ Տիգրան Մուկուչյանի, «ամբողջ հանրապետությունում առկա չէ որեւէ մարզ, որտեղ ներկայացվել է 100 տոկոս մասնակցություն, մասնավորապես Տաշիրն էին օրինակ բերում: Առաջին անգամ ԿԸՀ-ն ըստ տեղամասերի ստանում էր այդ տեղեկությունները՝ էլեկտրոնային եղանակով, ստանալուն պես անմիջապես հրապարակում, չի բացառվում մարդկային գործոնով պայմանավորված սխալի առկայությունը»: Տիգրան Մուկուչյանը նաեւ նշեց, որ այն ընտրատեղամասերը, որտեղ եղել է 100 տոկոս մասնակցություն, Քրեակատարողական հիմնարկ է եղել, պատահել է, որ նոր քաղաքացի է եկել այդ օրը ու ընտրողների թվից մասնակցությունն ավելի է կազմել: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի հրապարակած այն գյուղին, որտեղ 84 ընտրողից ընտրել է 86 մարդ, Տիգրան Մուկուչյանի բացատրելով՝ մեխանիկական սխալ է. «Խոսքը վերաբերում է 80 ընտրողով գյուղի եւ ոչ թե ամբողջ մարզի մասին, որը փորձ է արվում ներկայացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ