Մի առիթով արդեն գրել ենք այն մասին, որ ընտրապայքարում ամեն ինչ պատահում է, բայց քվեարկության արդյունքները պաշտոնապես ներկայացնելուց հետո ազգը պիտի համախմբվի։
Կյանքը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր ընտրությունից հետո երկիրը յուրայինների եւ օտարների բաժանելը չափից ավելի թանկ հաճույք է։ Դրա համար էլ ողջ քաղաքակիրթ աշխարհում ընտրությունների հաջորդ օրը արտաբերվում է մի ծիսական արտահայտություն՝ թե մենք միասնական ազգ ենք, որն ապացուցեց ժողովրդավարական ընթացակարգին յուր հավատարմությունը, եւ բոլորը շարունակում են զբաղվել իրենց գործերով։
Հայաստանում մինչեւ հիմա ընտրություններից հետո ամեն ինչ միայն նոր էր սկսվում։ Մթնոլորտային ճնշումը քաղաքական դաշտի ներսում սրընթաց ընկնում էր։ Չէինք ասի, թե հորիզոնում փոթորիկներ էին հայտնվում (բացառությամբ 2008 թվականի). դրանք պարզապես չէին էլ կարող առաջանալ, բայց սաստիկ մրրկագոյացումներն ամեն անգամ անխուսափելի էին։
Պարտվող կողմը ճգնում էր ուժով պահել իր դիրքերը, պահպանել անապատի նկատմամբ տիրապետությունը։ Դա բնորոշ է հեղհեղուկ մթնոլորտի համար, երբ վեր է բարձրանում առավել լողունակ ամենը։
Այս անգամ ակնհայտ պարտվածներ ընտրություններում կարծես թե չկան։ Այո, ոմանք ավելին էին ակնկալում, բայց ի՜նչ արած. նախ՝ պետք է սթափ գնահատել սեփական հնարավորությունները, իսկ երկրորդ՝ ավելի լավ աշխատել։
Իսկ ուրիշի հաջողությունը, ուրիշի հարստությունը միշտ մարդու հոգում բարդ զգացում են առաջացնում. սա մարդկային էության հատկանիշ է։ Միշտ ցանկություն կա մտածելու, որ դու ոչնչով վատը չես հաղթանակ տոնող այն սրիկայից, պարզապես նրա բախտը բերեց, իսկ քոնը՝ ոչ, դրա համար էլ նա շոկոլադի մեջ է, իսկ դու՝ մնացած ամենի։
Ամեն դեպքում, կարծում ենք, ոչ մի դժգոհող ու հիասթափված չպետք է ողբերգություն սարքի կատարվածից։ Հակառակը, նրանց նշանաբանը պիտի դառնա «Կյանքը կարգավորվում է» արտահայտությունը՝ անմահ անեկդոտից։
Մի մարդու վռնդում են աշխատանքից, կինը հեռանում է նրանից, գումարած՝ եւս 33 դժբախտություն։ Որոշում է կախվել, պարանը գցում ջահին, օղակը ձգում վզին ու արդեն ուզում է ցատկել աթոռից, բայց հանկարծ լուսամուտագոգին կես շիշ օղի է տեսնում։
Ափսոսում է թողնել։ Իջնում է աթոռից, վերցնում շիշը, մի բաժակ խմում, հետո եւս մեկը, հոգին մի տեսակ թեթեւանում է, ու նա ասում է.
-Իսկ կյանքս ոնց որ թե կարգավորվո՛ւմ է։
Եվ արեւմտյան լրագրողներին էլ հայացքով փնտրել պետք չէ՝ բողոքելու համար։ Արեւմտյան լրագրողների մեծամասնության աչքերում հեշտությամբ կարելի է կարդալ ոչ թե կարեկցանք, այլ անթաքույց գիշանգղություն։ Նրանք անհամբեր սպասում են, թե ինչ-որ մեկի գլխին ահա այստեղ, հենց հիմա իրենց ներկայությամբ կսկսեն հարվածել մահակով։
Իսկ իրենք շատ լավ կադր կունենան World Press Photo-ի համար եւ առաջին մրցանակ կստանան։ Իսկ ստանալով մրցանակը, կարտասվեն բեմի վրա, շնորհակալություն կհայտնեն ծնողներին ու կերդվեն այսուհետ էլ ծառայել իրավունքների եւ ազատությունների տարածման գործին։ Դուք նրանց չեք հետաքրքրում, քանի դեռ ձեզ չեն ծեծել։
Իսկ թե ինչ ասաց այդ բնիկը, ընդհանրապես հուզում է նրանց ամենավերջին հերթին։
Այստեղ ձեռի հետ նկատենք, որ այդ կերպ Արեւմուտքը վերաբերվում է միայն բնիկներին, իսկ իր մոտ՝ հակառակը, խենթանում է մարդասիրությունից ու մերձավորի մասին հոգացողությունից։
Նյու Յորքի կրթության քաղաքային դեպարտամենտը, օրինակ, վերջերս կազմեց սեւ ցուցակ՝ 50 «վատ» բառերից, որոնք արգելված է գործածել անգլերենի, մաթեմատիկայի, հասարակական եւ ճշգրիտ գիտությունների դպրոցական քննական առաջադրանքներում։
Գերատեսչություններին ուղարկված հատուկ շրջաբերականում հավաստիացվում է, որ արգելքի տակ հայտնված բոլոր այդ բառերն ու արտահայտությունները «երեխաների մեջ կարող են առաջացնել տհաճ հիշողություններ, հույզեր կամ պարզապես վիրավորել աշակերտների որոշակի խմբերին»։ Արգելքի տակ ընկան մասնավորապես «ծննդյան օր», «դինոզավր», «աղքատություն» եւ «հարստություն», «ամուսնալուծություն» ու «հիվանդություն» եւ այլ բառեր։
Մենք կարող ենք գնալ հակառակ ճանապարհով։ Այսինքն՝ ոչ թե կազմել ինչ-որ «սեւ ցուցակներ», այլ պարտադրել դժգոհներին ավելի հաճախ օգտագործել «Կյանքը կարգավորվո՛ւմ է» արտահայտությունը։ Իսկ եթե անհրաժեշտություն առաջանա՝ տալ նաեւ կես շիշ օղի:
«Հայոց աշխարհ»