ՀՀ Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի՝ քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր։ Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց։
– Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը։
– Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել։ «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել։
– Կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայներ է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցե լա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում։
Կարդացեք նաև
– Լավ չենք աշխատել։
– Լավ չեք աշխատել ի՞նչ իմաստով՝ քարոզչությո՞ւնը լավ չեք արել, թե՞ ընտրակաշառքը լավ չեք բաժանել։
– Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի՝ լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ։
– Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ն է ընտրակաշառք բաժանել։
– Ես որեւէ բան ԲՀԿ-ի մասին չասացի, օրիո՛րդ։ Մենք քարոզարշավից ենք խոսում, դուք՝ ընտրակաշառքից։ Քարոզչությունը, քարոզչությունը լավ չենք արել… Որը ձեզ դուր գալիս ա, էն էլ գրեք։
– Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կուսակցությունը, որ անընդհատ շեշտում եք, թե ձեզ ինչպես հարմար է, այդպես էլ գրեք։
– Ինչի՞ց որոշեցիք… դե որովհետեւ շատ ես պնդում հարցդ, ես էլ ասում եմ՝ մենք վատ ենք աշխատել քարոզչության ընթացքում, դրա համար երեւի մեր ձայները քիչ են։
– Իսկ հնարավո՞ր է՝ Հանրապետական կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է «հանձնարարել» «Բարգավաճ Հայաստան»-ի համար աշխատել, եւ դա է եղել պատճառը, որ քիչ ձայներ եք հավաքել։
– Հովիկ Աբրահամյանը, լինելով շտաբի պետ, Հանրապետական կուսակցության անդամ, ինչպե՞ս կարող է հանձնարարություն տալ ԲՀԿ-ի համար աշխատել։ Բանականություն ունեցող մարդիկ նման լուրեր չէին տարածի, որոշ թույլ մտային կարողություններ ունեցողները, բնականաբար, կարող էին այդպիսի լուրեր տարածել, դա տրամաբանությունից շատ հեռու է։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Ժողովուրդ»