Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց.«Գուցե միջազգային դիտորդները գլխի չեն ընկել…»

Մայիս 09,2012 10:53

«Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– Պարոն Սաքունց, միշազգային դիտորդները եւս արձանագրել են ձեր նկատած խախտումները, բայց հայտարարել են, որ խաղաղ ընտրություններ են անցել, եղել են որոշակի թերություններ, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչպիսի՞ն է ձեր եզրակացությունը։

– Ես միայն մեկ փաստ նշեմ, միջազգային դիտորդները իրենց գնահատականը հայտնել են ընդհանուր իրավիճակից, կոնտեքստից կտրված՝ դիտարկելով միայն քարոզարշավի ընթացքը եւ ընտրությունների օրը տեղամասերում տեղի ունեցածը ըստ տեխնիկական կողմի՝ չանդրադառնալով բովանդակայինին։ Նրանք չեն անդրադարձել (գուցե գլխի չեն ընկել) «կարուսել» երեւույթին։ Նրանք բաց են թողել մինչ քարոզչության մեկնարկը՝ ապրիլի 8-ը երկրում ստեղծված վիճակը, բռնությունները, ճնշումները, որոնք անպատժելիության մթնոլորտ են ստեղծում, ահաբեկում ընտրողներին։ Եթե այս ամենը հաշվի չես առնում, ստացվում է խաղաղ, հանգիստ ընտրություն, որը նման է գերեզմանոցային խաղաղության ու հանգստության, որտեղ ոչ մի շարժում չկա, բոլորը նույն վարքա¬գիծն ունեն։ Այնպես որ, ես համաձայն չեմ իրենց գնահատականի հետ, որովհետեւ դա շատ մակերեսային եւ ձեւական մոտեցում է։

– Պարոն Սաքունց, դուք դիտորդական առաքելության մեծ փորձ ունեք։ Կարելի՞ է այս ընտրությունները դիտարկել մեկ քայլ առաջ։ Դա ՀՀԿ-ի գնահատականն է:

– Ընտրական կեղծիքների նոր մեթոդների  տիրապետման, կիրառման առումով իշխանությունները  մեկ քայլ առաջ գնացին։ Բայց դա ազատ եւ արդար ընտրությունների հետ որեւէ կապ չունի։

– Եթե որոշ կուսակցություններ որոշեն բողոքարկել այս ընտրությունների   արդյունքները,   կա՞ն համապատասխան փաստեր, որոնք ընտրությունները չեղյալ համարելու հիմք կհանդիսանան։

– Ընտրական    պրոցեսների արդյունքների բողոքարկումը նույնիսկ ԵԴ-ի պրակտիկայում շատ դժվար քննվող գործերից է, որովհետեւ դժվար է որոշել, թե այս բազմաթիվ փաստերը որքանո՞վ կարող են  ազդել արդյունքների վրա։ Դա պետք է գնահատի դատարանը, իսկ մեր դատական համակարգը ոչ միայն պրակտիկա չունի, այլ նաեւ հակված չէ արդար դատավարություն իրականացնել։ Եթե մարդը ստրկական վիճակում է՝ չի կարող ազատ ընտրություն կատարել։  Այսինքն,  ընտրական գործընթացի ժամանակ ընդամենը նոտարական  վավերացում  է ստանում երկրում առկա վիճակը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031