Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների հետ զրույցում Aravot.am-ը հարցրեց, թե ի՞նչ քայլերի են իրենք պատրաստ դիմել, մինչեւ որտե՞ղ են պատրաստ հասնել՝ իշխանությունը հեռացնելու համար: Նրանցից մեկը պատասխանեց. «Լեւոնը՝ ոնց որ մեր ծնողը: Լեւոնը ոնց կասի՝ մենք նրա ասածով էլ կշարժվենք, ինքնագլուխ ոչ մեկս ոչ մի բան չենք կարող անել: Հլը այսքան ժամանակ այս մարդիկ վատ բան չեն արել»:
Մենք նաեւ ճշտեցինք մարդկանց տրամադրվածությունը՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասի, որ եկեք նախագահականը գրավենք ուժով եւ այլն՝ կգնա՞ք նրա հետեւից, հավաքի մասնակիցները պատասխանեցին. «Նա այնքան կիրթ մարդ է, գրագետ, հայրենասեր, ազգասեր մարդ է, նա երբեք չի ասի, որ մենք գնանք կռվով գրավենք, երբեք այդպիսի բան չի ասի: Եթե դիմող լիներ այդ քայլին, մինչեւ հիմա կդիմեր: Նա մինչեւ հիմա չի մոռանում այն 10 երիտասարդի արյունը, որ թափել են Մարտի 1-ին»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ընտրություններին իրենք անձամբ խախտումների ականատես եղե՞լ են: «Ո՞նց չենք տեսել»,-ասացին նրանք. «Իմ աշխատակցուհուն խոստացել են փող, հետո չեն տվել, այսօր լաց էր լինում: Ասեցի՝ լավ են արել, որ չեն տվել, աչքդ հանել են»: Հանրահավաքի մասնակցի պատմելով՝ այդ կնոջը խոստացել են տալ 50 հազար դրամ, բայց ընտրություններից հետո «քցել» են: Հանրահավաքի մյուս մասնակիցն էլ վստահեցրեց, որ ՕԵԿ-ն է գնացել Մասիսի գյուղեր՝ բաժանած հեռախոսները հետ վերցնելու. «ՕԵԿ-ի թեկնածուն այնտեղ ձայն չի հավաքել, գնացել-ասել է՝ դե հեռախոսները հետ տվեք»:
Հանրահավաքի մասնակիցները վստահ էին, որ թիվ 10 ընտրատարածքում ընտրվել է Սարիբեկ Սուքիասյանը , բայց նրա նկատմամբ «ստորություն են արել, 2000 ձայն հանել են, տվել Նուշիկյանին»:
Կարդացեք նաև
Կոնգրեսականները նաեւ ընդգծեցին, որ ի տարբերություն ՀՀԿ-ի հանրահավաքների մասնակիցների, իրենք պետությանը օգուտ են տալիս, քանի որ տրանսպորտի փող են տալիս, մինչեւ հասնում են Ազատության հրապարակ. «Բանվոր մարդ եմ, 100 դրամ տվել եմ եկել եմ, 100 էլ տալու եմ՝ գնալու եմ, հաշվեք, թե այստեղ ինչքան մարդ կա: Իսկ իրենք երեխեքին ավտոբուսներով հավաքեցին տարան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ