ԱԺ ընտրություններն այլեւս անցած փուլ են, բայց այդ ընտրություններում իրար դեմ պայքարում էին ոչ միայն իշխանության եւ ընդդիմության, այլեւ՝ ընդդիմադիր ճամբարի թեկնածուները: Aravot.am-ը փորձեց՝ ըստ ընտրությունների արդյունքների, պարզել, թե ընտրատարածքներում իրար դեմ առաջադրված ընդդիմադիր գործիչներից ովքե՞ր էին, որ այս ընտրություններում իրենց գործընկերներից առավել շատ ձայներ են ստացել:
Թիվ 1 ընտրատարածքում, որտեղ իրենց թեկնածությունն էին առաջադրել ՀԱԿ-ի աջակցությունը վայելող Գայանե Առուստամյանն ու «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը, ավելի շատ քվե ստացել է հենց վերջինս: Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ Գայանե Առուստամյանը ստացել է 5206, Ստեփան Սաֆարյանը՝ 9328 քվե:
Թիվ 4-ում առաջադրվել էին ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը եւ անկուսակցական, «168 ժամ» թերթի խմբագիր, մեր գործընկեր Սաթիկ Սեյրանյանը: Ամենաշատ քվեն այս երեքի թվում կրկին «Ժառանգության» թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանն է ստացել՝ 6827: Արամ Մանուկյանն ու Սաթիկ Սեյրանյանը ստացել են համապատասխանաբար 5453 եւ 3661 քվե: Ի դեպ, այս նույն ընտրատարածքում 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Արամ Մանուկյանը ստացել էր 2114 ձայն:
Թիվ 5-ում առաջադրվել էին ՀԱԿ-ից Հովհաննես Հովհաննիսյանն ու նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Վերջինս ստացել է ընտրողների 3250-ի քվեն, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը՝ 5514 ձայն:
Թիվ 6-ում նույնպես ՀԱԿ-ը` ի դեմս Ավետ Պողոսյանի ստացել է ավելի քիչ ձայն` 1626, քան «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որը ստացել է 4706 ձայն:
Թիվ 8-ում ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատուրյանը, ստացել է 5172 ձայն , այն դեպքում, երբ ՀՅԴ-ից առաջադրված Արթուր Եղիազարյանը ստացել է 6493 ձայն:
Թիվ 9-ում առաջադրվել էին ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն ու «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը: Զուրաբյանը ստացել է ընտրողներից 4290-ի, իսկ Հակոբյանը՝ 4213-ի վստահության քվեն, 77 ձայնով պակաս:
Թիվ 12-ում առաջադրվել էին «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, մեր լրագրող գործընկեր Գոհար Վեզիրյանն ու ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը: Այս ընտրատարածքում վստահության զգալի առավելություն է ունեցել Անահիտ Բախշյանը, ով ստացել է ընտրողների 5382-ի քվեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչը՝ 2968 եւ Գոհար Վեզիրյանը՝ 932 ձայն:
Թիվ 17-ում՝ Արարատի մարզ, ՀՅԴ-ն առաջադրել էր Մանվել Հայրապետյանի, իսկ ՀԱԿ-ը՝ Գագիկ Ներսիսյանի թեկնածությունը: Առաջինը ստացել է ընտորղների 4500-ի, իսկ ՀԱԿ-ականը՝2374-ի քվեն:
Թիվ 30-ում առաջադրվել էին ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանն ու ՀՅԴ-ից առաջադրված Զոհրաբ Թորոսյանը: Վերջինս ստացել է վանաձորցիների 5272-ի, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչը՝ 3501-ի քվեն:
Թիվ 38-ում ՀՅԴ-ն առաջւադրել էր Գագիկ Գեւորգյանին, ՀԱԿ-ը՝ Դավիթ Մաթեւոսյանին: Դաշնակցական թեկնածուն ստացել է 7929, իսկ ՀԱԿ-ի թեկնածուն՝ 1505 ձայն: