Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը հանրահավաքին

Մայիս 08,2012 21:11

Բոլորդ ականատես եք, թե ինչ խայտառակ ընտրություններ տեղի ունեցան: Համադրելով մեր վստահված անձանց, միասնական շտաբի, ինչպես նաեւ անկախ դիտորդների եւ լրագրողների դիտարկումները, կարելի արձանագրել հետեւյալը: 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ նրանք անցել են զանգվածային, պետականորեն կազմակերպված օրինախախտումներով, այդ թվում, բազմակի քվեարկության, ադմինիստրատիվ ռեսուրսի, ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ապօրինի ուղղորդման լայնածավալ կիրառմամբ: Ընտրակեղծիքների երկու հիմնական աղբյուրները հետեւալն են

1.      նախօրոք կազմակերպված բազմակի քվեարկողների բրիգադներին հրամայվել է գնալ տեղամասեր առավոտյան 8.00-ին: Առավոտյան ժամերին դեռ գործում էր անձնագրերի դրոշմակնքման այն թանաքը, որը ոչ թե պահպանվում էր 12 ժամից ավելի` համաձայն օրենքի պահանջի, այլ անհետանում էր 20 րոպեում: Սա հնարավորություն ստեղծեց, որ բազմակի քվեարկողները կարողանան կատարել իրենց սեւ գործը` մինչեւ, նորից օրենքի խախտմամբ, սկսեցին կիրառել սովորական չանհետացող թանաքը:

2.      Ընտրակեղծիքների մեկ այլ աղբյուրը դա ժողովրդի մի զգալի մասին ընտրակաշառքի եւ սպառնալիքի զուգորդությամբ ընտրության բերելն էր: Այս երեւույթը պետք է իսկապես լավ հասկանալ, ուստի կուզեի մի փոքր ծանրանալ դրա վրա: Ընդհանրապես, դեմոկրատական ազգերում սովորաբար խորհրդարանական ընտրություններին մասնակցում է մարդկանց 40-50 տոկոսը: Դա քաղաքականապես ակտիվ մարդկանց այն զանգվածն է, որն ունի ակտիվ քաղաքական հայացքներ: Մյուս 50-55 տոկոսը դա այն զանգվածն է, որ ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ եւ չի մասնակցում ընտրություններին: Հայաստանում Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը ստեղծել է պետականորեն կազմակերված մի հանցավոր համակարգ, որի միակ նպատակն է դրա համար հատուկ ստեղծված ցանցերի միջոցով բաժանել ընտրակաշառք եւ զուգորդելով դա ահաբեկման տարբեր մեխանիզմներով, պետական եւ մասնավոր տրանսպորտի օգտագործմամբ բերել քվեարկության: Ընտրությունները դարձել են պետականորեն կարգավորվող մի բիզնես, որի մեջ ընդգրկված են հատուկ բրիգադիրներ: Նրանք հավաքագրում են համապատասխան քաղաքացիներին, վերցնելով նրանցից անձնագրերը կամ պատճեննները, ստանում եւ բաժանում են կաշառք, կազմակերպում են տրանսպորտի աշխատանքը: Կասկածողների կամ տատանվողների նկատմամբ կիրառվում են ոստիկանական կամ քրեական աշխարհի ճնշումներ, ահաբեկման եւ սպառնալիքների տարբեր մեխանիզմներ:

Մեր նախնական գնահատականներով բազմակի քվեարկությամբ եւ պետականորեն կազմակերպված ընտրակաշառման եւ ահաբեկման արդյունքում լցոնվել է մոտ 600000 ձայն: Մեր դիտարկումների համաձայն այդ ձայներից 500 հազարը լցոնվել է Հանրապետական կուսակցության օգտին, եւ մոտ հիսունհազարական` երկու կուսակցությունների հաշվին, որոնց անունը կտամ մեր ուսումնասիրությունների ամբողջացումից հետո, քանի որ չեմ ցանկանում, որ մեր այս ասածները մերկապարանոց հնչեն:

Այսպիսով Սերժ Սարգսյանի ռեժիմը հաստատել է Հայաստանում մի հանցագործ ընտրական համակարգ, որը եթե չկազմաքանդվի, ապա բոլոր ընտրություններում, ինչքան էլ որեւէ քաղաքական ուժ իրական ձայն հավաքի, կուզի` ստանա ամբողջ հասարակության աջակցությունը, միեւնույն է` Հանրապետական կուսակցությունը, ոչ միայն կապահովի իր մշտական մեծամասնությունը, այլ նաեւ իր ուզած կուսակցություններին կնշանակի ընդդիմության դերի: Սա մի բան էլ նշանակում: Այսօր Սերժ Սարգսյանը, իր կուսակցությունը եւ իշխանական այլ կուսակցություններ զբաղված են սեփական ժողովրդին փչացնելով եւ այլասերելով, վերածելով նրան մի քանի հազար դրամով հոգին ծախող զոմբիների:

Ոստի, այսուհետեւ մեր միակ գործը պետք է լինի` համախմբելով Հայ Ազգային Կոնգրեսի դրոշի տակ մեր ժողովրդի ազնիվ, գաղափարական, սկզբունքային, հոգեւոր մարդկանց` պատերազմ հայատարարել այս անբարո, այլասերող եւ մարդկային ցանկացած արժեք պղծող իշխանություններին: Մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներում. փողոցներում եւ խորհրդարանում, բոլոր հրապարակներում, որովհետեւ եթե սրանք մի քիչ էլ մնան իշխանության, ազգի սերուցքը ուղղակի լքելու է Հայաստանը, չցանականալով իրենց երեխաներին ենթարկել փչացման այն գորընթացին, որն այսօր սլանում է Հայաստանում:

Նրանք ստիված էին զիջել Կոնգրեսին: Դա մեր հաղթանակն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031