Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պատասխանում է «Ժառանգության» գնահատականներին

Մայիս 08,2012 19:00

Պարզաբանում

 

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան բնակարանների հասցեներում: Ըստ «Ժառանգության» գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական և ժամանակավոր ցուցակների հետ իրականացված «մանիպուլյացիաներն» ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ոստիկանությունը անհիմն է որակում տարածված տեղեկատվությունը:

Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը  բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում:

Թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան: Բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները քվեարկության օրվանից երկու օր առաջ հրապարակվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ ոստիկանության համացանցային կայքերում` համապատասխանաբար որոնման և ներբեռնման հնարավորություններով:

Քվեարկության օրը ստացվել է ընտրացուցակների անճշտության վերաբերյալ ընդամենը մեկ հավաստի հաղորդում, որը չի վերաբերվել միևնույն անձի` տարբեր ցուցակներում միաժամանակյա ընդգրկված լինելուն:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ցանկացած ահազանգի արագ և օպերատիվ արձագանքելու իր գործելաոճին՝ «Ժառանգության» կուսակցությանը կոչ է անում տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ թեկուզ մեկ փաստ, եթե դրան, իհարկե, տիրապետում է:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031