Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական խաղը խոսում է երեխայի ապագայի մասին

Մայիս 08,2012 17:38

Յուրքանչյուր ծնող  ձգտում  է  իր   փոքրիկի  համար գնել  գեղեցիկ և  գունավոր   խաղալիքներ:  Սակայն երբեմն  նրանք  նույնիսկ  զարմանում  են,  որ  երեխան  այդ  խաղալիքներին  ուշադրություն  չի  դարձում,   այլ   խաղում  է  մեծերի  իրերի հետ:  Ի՞նչ   է  խաղը  երեխայի  համար,  ինչպե՞ս  կարելի է  բացատրել  երեխաների ցուցաբերած ուշադրություը մեծերի  իրերի   նկատմամբ:   Այս  հարցի  շուրջ  փորձեցինք  բացատրություններ  ստանալ  հոգեբան  Անահիտ  Զուռնաչյանից:

«Ծնողները պետք  է  ուշադրություն  դարձնեն  այն  հանգամանքին,  որ  յուրաքանչյուր  երեխայի  համար  հետաքրքիր  են  բոլոր  այն  իրերը,  որոնք  հետաքրքիր  են  նաև  ծնողներին:  Բնականաբար,  ծնողները  խաղալիքներով  չեն  խաղում,  այդ  պատճառով  էլ  երեխաները  ևս  մոտ  10-15  րոպե  խաղալիքով  խաղալուց  հետո  սկսում են  հետաքրքվել  հենց  այն  առարկաներով,  որոնցով  ծնողներն  են  հետաքրքրվում»,-ասում է  նա:

Հոգեբանի  խոսքով`  երեխայի  համար  խաղալիք  գնելիս  պետք  է  առաջին  հերթին  հաշվի  առնել   նրա  տարիքը:  Մեկ  տարեկան երեխային չեն  հետաքրքրում  տիկնիկների  հավաքածուն,  այլ  նրանց  համար  պետք  է  գնել  այնպիսի  խաղալիքներ,  որոնք  ունեն  տարբեր  գույներ,  հոտեր,  կառուցվածքներ,  լույսեր  են  արձակում,  այսինքն  հնարավորություն  են  տալիս  երեխային պատկերացում  կազմելու   վերոնշյալ  երևույթների  մասին:

Երեխայի   կյանքում  խաղի   դերակատարության   և  նշանակության  մասին,  խոսեցինք  նաև  մանկաբույժ   Մարինե  Նազարյանի  հետ:  Երեխայի  կյանքում  կարևորելով  խաղի  դերը՝ տիկին  Նազարյանը  ասում  է.«Ընդհանրապես  եթե  երեխան  շատ  ժամանակ է  տրամադրում  ակտիվ  խաղին,  անընդհատ  շարժման  մեջ  է,  ապա  դա  խոսում  է  նրա  առողջ լինելու  մասին:  Բացի  այդ,  փաստերը  ցույց  են  տալիս,  որ  որքան  երեխան  փոքր  ժամանակ  շատ  է խաղում,  մեծ  տարիքում,  այնքան  կենսուրախ  է  լինում»:

Խոսելով  մի  քանի  երիտասարդ  ծնողների  հետ՝  պարզեցինք,  որ  երեխաները,  բացի  խաղից,  մեծ  հետաքրքրություն  ունեն  տարբեր մուլտֆիլմերի  հանդեպ:  Նրանք  օրվա  ընթացքում  կարող  են  նույնիսկ  ժամերով  նստել  հեռուստացույցի  մոտ  և  դիտել   հետաքրքիր  մուլտֆիլմեր:

«Իմ  փոքրիկը,  եթե  նայում է  իր  սիրելի  մուլտֆիլմը,  ապա  ոչ  մի  բանով  չենք  կարող  շեղել  նրա  ուշադրությունը,  կարող է  ժամերով  խելոք նստել  և  նայել, իսկ  ես  այդ  ընթացքում  հասցնում  եմ  իմ  բոլոր  գործերը անել»,- մեզ  հետ  զրույցում  ասում  է 5-ամյա    Սոնայի  մայրիկը`  տիկին Նունեն:

Սակայն մանկաբույժը  ծնողներին  խորհուրդ է  տալիս,  որ  իրենց  հեշտ  լինելու  համար   չթողնեն,  որ  երեխաները տարվեն  միայն  մուլտֆիլմերի  կամ  մանկական  տարբեր  հաղորդաշարերի  դիտումով:

«Ակտիվ  խաղը  և  շարժումները  նպաստում են  երեխայի ֆիզիկական  աճին:  Երեխաների մկանները  ամրանում են,  բացի  դրանից՝  շարժման  մեջ  գտնվելով՝  երեխան  բարեկազմ է  լինում,  խաղը  չի  թողնում,  որ  երեխան  գիրանա»,-ասում  է  տիկին  Նազարյանը:

Իսկ   հոգեբան   Անահիտ Զուռնաչյանը  ծնողներին  խորհուրդ  է  տալիս,   երեխաներին  թողնել   խաղալու  փայտե  խաղալիքներով,   գնդակով,  ավազով  խաղալու  համար  նախատեսված  տարբեր  խաղալիքներով,  որոնք  նպաստում  են  երեխայի  ստեղծագործական մտքի  զարգացմանը:

Անի  Գյոզալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031