Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Անդրանիկյանը՝ իր վրձնակցի մասին. Արուտչյանը հետաքրքիր էր եւ տաղանդավոր (Տեսանյութ)

Մայիս 08,2012 17:30

Այսօր Եղիշե Չարենցի տուն- թանգարանում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես լրագրողներին  տեղեկացրեց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ցուցահանդեսը

նվիրված է արվեստագետի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին. «Ցուցադրված են ինչպես թանգարանի ունեցած, այնպես էլ Արուտչյանի անձնական հավաքածուից նմուշներ՝ գրաֆիկական գործեր,  «Երկիր Նաիրի» վեպի եւ «Եվգենի Օնեգինի» ձեւավորումները, կա նաեւ կանացի կերպարների հրաշալի շարք: Որոշ գործեր առաջին անգամ են ցուցադրվում»:

Բացման խոսքում Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն առանձնացրեց 20-30-ական թթ. երկու մեծ վարպետներ համարվող Չարենցին եւ Արուտչյանին՝ նշելով նրանց դերը ժամանակի մշակութային կյանքի, հատկապես հայ գրքի եւ թատերական ներկայացումների ձեւավորման գործում. «Դա պատմական ժամանակաշրջան էր, եւ մենք պետք է ուրախ լինենք, որ Արուտչյանի նման նկարիչը Մոսկվայում մեծ գնահատականի է արժանացել»:

Aravot.am-ի հետ զրույցում Արուտչյանի ընկեր, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը նշեց, որ Արուտչյանն այն նկարիչներից էր, որը մեծ հետք թողեց հատկապես 1920-30 -ական թվականների արվեստի վրա. «Նա հետաքրքիր էր եւ տաղանդավոր, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում էր բնակվում: Նրան շնորհվեց Հայաստանի պատվավոր նկարչի կոչում, բայց պետք է ասել, որ Հայաստանում նա արժանի կերպով չի գնահատվել, նրա մասին նույնիսկ մոնոգրաֆիա չկա տպագրված»:

Անդրանիկյանը նշեց, որ բախտ է ունեցել Արուտչյանի հետ աշխատել «Հյուսիսային ծիածան» ֆիլմում. «Ժամանակ եղավ, որ նա հիվանդ էր եւ չկարողացավ մասնակցել նկարահանումներին,  եւ ես փոխարինեցի նրան, որ չզգացվի իր պակասը: Նա զգեստների նկարիչ էր, մարդամոտ եւ հյուրընկալ անձնավորություն»:

Նշենք, որ Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Երևանի, Բաքվի, Թբիլիսիի թատրոններում, եղել է  «Խասփուշ», «Զամալլու», «Պեպո», «Դավիթ- Բեկ», «Հյուսիսային ծիածան» ֆիլմերի բեմադրող նկարիչը, պատկերազարդել ինչպես հայ, այնպես էլ ռուս հեղինակների գրքեր: «Շատ նկարիչների, ինչպես եւ Արուտչյանին, մարդիկ պարզապես չեն հիշում: Դա մեր ազգի վատ կողմն է, մենք չենք կարողանում ըստ արժանվույնս գնահատել մեր նկարիչներին»,-ասում է Ս. Անդրանիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031