«ԱՕԿՍ-ը մերն է» պահանջով, այսօր «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին կազմակերպել Աբովյան փողոցում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության` ԱՕԿՍ-ի շենքի առջեւ:
Հենց տեղում նրանց բացատրություններ տալու էր եկել Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքին քանդման վտանգ չի սպառնում: Այս մասին հավաքվածներին վստահեցրեց նաեւ ԱՕԿՍ-ի պատասխանատու Աննա Էգիբյանը: Նա բացատրեց, որ ոչ թե շենքն է քանդվում, այլ շենքի հետևին կից մի կառույց, որը ավելացվել է 1960-ականներին, մինչդեռ ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1910 թվականին:
Պարոն Այվազյանն էլ բացատրեց, որ շենքի հետնամասում կառուցվող հյուրանոցը առնչվում էր պատմական երկու շենքերի հետ, ու նախարարությունը խնդիր է դրել, որ պետք է ուժեղացվեն շենքի հիմքերն ու նկուղային հարկի պատերը, ինչը դժվար կլիներ նախատեսված շենքը սարքելուց հետո. «Կառուցապատողը մեր առաջարկն ընդունեց, ու բոլոր ուժեղացումները կատարեց»:
Պարոն Այվազյանը վստահեցրեց., որ նախարարությունը պատասխանատվություն է կրում շենքի ամրացման որակի առումով:
Կարդացեք նաև
Կինոգետ Արծվի Բախչինյանն էլ ասաց, որ ԱՕԿՍ-ի խնդիրը քաղաքի հերթական տհաճ անակնկալն է.«Քնում, վեր են կենում ու հերթական տհաճ անակնկալն է մատուցվում մեզ, Երեւանի ամենագեղեցիկ շենքի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Մեզ գուցե հանգստացնեն, միայն հետեւի մասն է ապամոնտաժվել, բայց ի՞նչ երաշխիք, որ ճակատային մասն էլ չի արժանանա հետնամասի կառույցի բախտին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ