Երիտասարդ 5 աղջիկ և երկու տղա դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ԱԺ ընտրություններից երկու օր առաջ, մայիսի 4-ին Հանրապետության Հրապարակում ՀՀԿ կազմակերպած համերգ-հանրահավաքի ընթացքում փուչիկների պայթյունից տուժածներն են:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի անասթեզիոլոգիական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում.« Երկու հիվանդ ունենք, որոնց վիճակը գնահատվում է կայուն ծանր, օրվա վերջում, վաղն արդեն կվերագնահատենք միջին ծանրության, 5 հիվանդների վիճակը՝ միջին ծանրության է՝ բավարար»:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչի խոսքերով՝ այրվել են երիտասարդների վերին վերջույթները, դեմքի և գլխի հատվածները.«Քանի որ կրակը վերևից է թափվել, բոլոր այդ հիվանդների մոտ նմանատիպ վնասվածքներ են»:
Թե երիտասարդները, թե նրանց ծնողները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում, նրանց հետ հոգեբանների թիմ է աշխատում։ «Բոլորը վախեցել են, ծանր սթրես են տարել, բայց ծնողների,հարազատների, ընկերների դերը շատ մեծ է»,-նշեց բժիշկ Ասլանյանը:
Կարդացեք նաև
Այս պահին երիտասարդներից ամենածանր վիճակում գտնվում է Արմավիրի բնակչուհի 19-ամյա Մելինե Կարապետյանը: Բժիշկ Ասլանյանի խոսքերով՝ այրվել է Մելինեի դեմքը, կրծքավանդակի վերին հատվածը.«Փառք աստծո, կյանքին վտանգ չի սպառնում»: Մելինեն, ինչպես և մյուս երիտասարդները, հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, վերջում միայն մեկ հարց տվեց.«Միջադեպի մեղավորներին գտե՞լ են»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ