Թիվ 12 ԸԸՀ-ում 11 ընտրատեղամասերի մասով վերահաշվարկ է ընթանում: ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով այդ ընտրատարածքում պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն Aravot.am-ին ասել էր, որ ինքը եւ իր շտաբը վերահաշվարկը սկսելուց հետո են միայն տեղեկացել դրա մասին, այն էլ՝ պատահական մի զրույցում:
ԸԸՀ նախագահ Սոնա Սարգսյանն այս առիթով մեր հարցին ասաց, որ իրենք կատարել են օրենքի պահանջը եւ բոլորին տեղեկացրել են վերահաշվարկի մասին, թեեւ դիմումները ստացել են 17-անց 40, աշխատանքները ուշ ժամի են ավարտվել եւ հանձնաժողովի անդամները շատ հոգնած են եղել:
Պարոն Խաչատրյանը ստո՞ւմ է հարցին տիկին Սարգսյանը հակադարձեց. «Կարող է Լյովա Խաչատրյանի լիազոր ներկայացուցի՞չն է ստում»:
Այդ պահին ներկա Լյովա Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչը ասաց, որ ինքը 10 րոպե առաջ է տեղեկացել. «Պատահական՝ շտաբից զանգեցին ու ասացին, որ գամ էստեղ»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում ԸԸՀ եկավ նաեւ ԸԸՀ-ում Լյովա Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Հարություն Օհանյանը, որը նախ ասաց, թե ինքը պատահաբար թեկնածուից է տեղեկացել վերահաշվարկի մասին: Հետո ասաց, որ այդպես է ասում, քանի որ նկարում էինք: Իսկ ավելի ուշ պարզաբանեց, որ ինքն իմացել է, շտաբին չի տեղեկացրել՝ կարծելով, որ ԸԸՀ-ից կտեղեկացնեն, իսկ ինքը ներկա չի գտնվել, քանի որ գործեր ուներ:
ԸԸՀ նախագահ Սոնա Սարգսյանը նաեւ ասաց, որ դեռ մեկ տեղամասի արդյունքներ են ստուգվել, որտեղ Լյովա Խաչատրյանի օգտին վեց ավել քվեաթերթիկ է եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ