Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ իր արձագանքն է ներկայացրել Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության Եվրոպայի և Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակ Ռոբերտ Հիլթընը նշել է, որ Հայաստանում անցյալ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հանգիստ և խաղաղ մթնոլորտում՝ ընդդիմադիր կուսակցությունների և ընտրությունների դիտորդների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի արտգործնախարարության Եվրոպայի և Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակը ողջունել է Հայաստանում համապետական մակարդակի վրա նախկինում անցկացված ընտրությունների համեմատությամբ տեղ գտած բարելավումները:
«Սատարում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելության եզրակացությունը, որի համաձայն ընտրություններն անցկացվել են «մրցակցային, աշխույժ և մեծ մասամբ խաղաղ: Միաժամանակ կիսում ենք նաև նախընտրական շրջանում և ընտրությունների օրը «անհավասար մրցակցային դաշտի», ինչպես նաև ձայների գնման և ընտրողների նկատմամբ ոչ պատշաճ ճնշում գործադրելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները», – ասել է Հիլթընը:
Կարդացեք նաև
«Հետընտրական ժամանակաշրջանում շարունակելու ենք հետևել ընտրությունների միջազգային և տեղական դիտորդների կողմից հայտնաբերված փաստերին, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ հարուցված գործերի քննությանը», – նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության Եվրոպայի և Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակ Ռոբերտ Հիլթնը:
«Ամերիկայի Ձայն»