Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարի ազատազրկում` «Շտապօգնության» բժշկին սպանողին

Մայիս 08,2012 16:44

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց 28-ամյա Արտակ Կարապետյանին, որը մեղադրվում էր Գյումրու «Շտապօգնության» 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով մահվան հասցնելու մեջ:

Դատարանը լսեց ամբաստանյալի վերջին խոսքը, որն այդպես էլ չընդունեց իր մեղքը` ասելով, որ թերևս խուլիգանություն է կատարել, բայց ոչ մարդասպանություն: Վճռից դժգոհ մնաց նաև բժշկի այրին` Ջուլիետա Գրիգորյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, թե պահանջում է ցմահ ազատազրկում: «Ինչի, ամեն օր բժի՞շկ են սպանում, նրան ծեծելով սպանեցին, որովհետև բարեխղճորեն կատարում էր իր պարտականությու՞նը, երբ մարդը գնացել է փրկելո՞ւ:Վճիռը շատ մեղմ էր, եթե սա քննվեր մեկ այլ դատարանում, մեկ այլ երկրում, ինձ թվում է ավելի արժանի պատիժ կստանար: Ես անպայման կբողոքարկեմ: Ես ցմահ բանտարկություն եմ պահանջում, ինձ թվում է դա է ճիշտը, իսկ եթե հին ժամանակներում, Աթենքում ապրեինք, կասեինք՝ քառահատում, դա երևի ավելի ճիշտ կլիներ: Եթե մարդը օգնության է հասնում , ինչպե՞ս կարելի է ծեծել ու սպանել», -ասաց տիկին Գրիգորյանը:

Արտակ Կարապետյանի շահերը պաշտպանող Թամարա Յայլոյանն էլ կարծիք հայտնեց, որ անարդարացի էր պատիժը, քանի որ իր պաշտպանյալը որևիցէ մեկին դիտավորությամբ չի սպանել: «Արարքը սխալ է որակված: Ես իմ պաշտպանյալի հետ որոշ հարցեր կամ հանգամանքներ ճշտեմ, նոր հստակ կասեմ ` կբողոքարկվի՞ վճիռը, թե՞ ոչ: Այն, որ հրաժարվեցին իրականում մեր միջնորդությունները բավարարել և արյան փորձաքննություն անցկացնել` պարզելու համար, թե ինչի՞ց է վերջապես մահացել , մի կողմ թողնենք էն վնասվածքները, որոնք որ նշել էի, որովհետև դրանց վերաբերյալ ևս կասկածներ կան, գոնե իմ պաշտպանյալի մոտ իր եղած կասկածները փարատելու համար: Իրականում երևի իմ պաշտպանյալը ճիշտ է. մահվան պատճառը չի եղել այն, որ քաշքշոցի կամ ծեծի հետևանքով է անձը մահացել», -ասաց Թամարա Յայլոյանը:

Ըստ փաստաբանի, արդար դատաքննություն չի կատարվել, և եթե իր պաշտպանյալը ցանկանա, ինքը կարող է մինչև վերջ բողոքել, ընդհուպ հասնել մինչև Եվրոպական դատարան: «Մենք հավասար դիրքերում չէինք, նաև հավասարության սկզբունքը խախտվեց. դատախազությունը բերեց փորձաքննության եզրակացություն, իսկ պաշտպանական կողմը չի կարող նման եզրակացություն բերել. նախ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատաբժշկական փորձագետները ենթարկվում են Առողջապահության նախարարությանը, երկրորդը, որ մահացողը բժիշկ է և բնականաբար ոչ մի բժիշկ չէր ցանկանա այլ կարծիք հայտնել, որ գոնե մեկ մասնագիտական կարծիք ներկայացնեինք դատարանում», -դժգոհեց Թամարա Յայլոյանը:

Դատարանը երիտասարդին դատապարտեց երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում, և 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը: Առաջին հոդվածով 14 տարի պահանջեց, երկրորդ հոդվածով` 1 տարի, ու վերջնական պատիժ նշանակեց 15 տարի ազատազրկումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031