Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում թիվ 12/33 ընտրատեղամասի մոտ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ բռնության գործով: Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ քրգործը հարուցվել է Հայաստանի Քր.օր.-ի 164 հոդվածի 2-րդ կետով (Լրագրողի աշխատանքը խոչընդոտելը): Ոստիկանությունը նաեւ պարզել է բռնություն կատարած անձի ինքնությունը, եւ այժմ նյութեր են նախապատրաստում:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այդ անձի անունը Վարդան է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում թիվ 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Էլինա Չիլինգարյանը: Վերջինս պատմել էր, որ դպրոցի հենց դարպասների մոտ 89 համարի երթուղային է եղել կանգնած եւ հարցրել է, թե սա վերջի՞ն կանգառն է եւ ուր է գնում, ինչին ի պատասխան ասել են, որ գծի մեջ չէ ու պատվիրված է: Ընտրատեղամասի մոտ լրագրողը նկատել է խմբված երիտասարդների, փորձել է տեսանկարահանել ընտրատեղամասը եւ «կադրի մեջ ընկած» երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել է լրագրողի հենց այն ձեռքին, որով վերջինս բռնել էր տեսախցիկը:Արդյունքում տեսախցիկն ընկել է ասֆալտին: «Մինչեւ ես ուշքի կգայի, եկավ հարվածեց երկրորդ անգամ, հետո որ սկսեցի գոռգոռալ, ուզում էին ձեռքիս կամերան վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ կամերաս վերցրեցի»,- ավելացրել էր Էլինան: Էլինային հրավիրել են ոստիկանություն եւ նա ցուցմունք է տվել: Ոստիկանությունից նրան նաեւ փոխանցել են, որ ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի: