«Ամեն ինչ գնում է հին ձեւով. նույն օլիգարխների մասնակցությունը, նույն քաղաքական իմիտացիաները, կոալիցիայի մեջ նույն տարաձայնությունները: Իրականում ոչինչ էլ չկա, այսինքն՝ որեւէ նոր իրավիճակ, որի պարագայում կարելի էր գնալ ընտրությունների՝ ոչ մանդատի համար, այլ իրավիճակը փոխելու՝ չկա: Իրավիճակը, որը հիմա Հայաստանում ստեղծվել է, թույլ չի տալու գաղափարական պայքար տանել եւ խորհրդարանական ընտրություններն իսկապես դարձնել համակարգային փոփոխության ձեւ, գործիք, փուլ»,- ուղիղ երկու ամիս առաջ` դեռ մարտի 8-ին, «Առավոտին» ասել էր ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, որից տաս օր հետո «Նոր ժամանակներ» կուսակցությունը քաղաքական որոշում էր ընդունել` որեւէ ձեւով չմասնակցել ԱԺ ընտրություններին. «Իշխանության կողմից ծրագրված այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակահարմար է»:
Այսօր «Առավոտի» հարցին` ներքին ուրախություն, չարախնդություն չե՞ք ապրում` «տեսաք, բա որ ասում էի», պարոն Կարապետյանը պատասխանեց, որ մի 20 տարի առաջ, երբ դեռ երիտասարդ էր, գուցե չարախնդար, սակայն հիմա «տեսնում եմ վիճակը, որ գնալով ավելի անկառավարելի, անհասկանալի, պարադոքսալ է դառնում, ինչի՞ վրա ուրախանամ, որ մեր ժողովուրդն այնքան կենսունակ չէ, այնքան ուղեղ չունի, որ էդքան ճնշումներից հետո գնաց 80% կոալիցիային ձայն տվեց…»:
Մեր հարցին` «ասում եք 80% կոալիցիա, ուզում եք ասել, որ չհավատացի՞ք ԲՀԿ-ի «ընդդիմադիր» խաղերին», պարոն Կարապետյանը պատասխանեց. «Դասական քաղաքականության մեջ այն ուժը, որ կոալիցիայի մեջ է` կոալիցիայի մեջ է, որը կոալիցիայի մեջ չէ` կոալիցիայից դուրս է, բայց որ մարդը լինի բոլոր տեղերում` միաժամանակ, ես քաղաքականության մեջ նման բան չգիտեմ»:
Ըստ պարոն Կարապետյանի` ԲՀԿ-ն առժամանակ պաուզա կպահի, ավելի ուշ որոշում կընդունի` մտնե՞լ կոալիցիայի մեջ, թե՞ չէ:
Կարդացեք նաև
Արամ Կարապետյանը նաեւ այսօր կայացած ասուլիսում տեսակետ էր հայտնել, որ միջազգային հանրությանը այս իշխանությունները լիովին ձեռնտու են, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն են գնում: Հետաքրքրվեցինք` ի՞նչ է, «Նոր ժամանակները» դե՞մ են հարաբերությունների կարգավորմանը: Պարոն Կարապետյանը պատասխանեց.«Այն տեսքով, ինչ տեսքով ուզում են կարգավորել` կատեգորիկ դեմ ենք: Հարաբերությունները պետք է կարգավորել, ԼՂ հարցը պետք է լուծել, բայց ի՞նչ գնով: Դա նման է նրան, որ նստես տանը, ոչինչ չանես եւ ընտանիքդ պահելու համար տունդ եւ տանդ ապրանքները վաճառես: Բայց կարելի է փորձել գնալ աշխատանք գտնել եւ այդպես ընտանիք պահել` բացառելով ամեն ինչ վաճառելը: Մեզ ասում են` եկեք ամեն ինչ վաճառենք, որ լավ ապրեք, բայց հայերի գենետիկայի մեջ դա չկա: Ես դրան դեմ եմ, կողմ եմ, որ մեր իշխանությունը, որը միշտ ավելի հեշտ ճանապարհն է ընտրում, գտնի գեոպոլիտիկ ճեղքման ճանապարհը: Սերժ Սարգսյանը որպես մարդ վախենում է նման մեծ ծրագրերից, խաղերից, ասում է` գնանք հանգիստ մեր գլուխը պահենք, տեսնենք ինչ է լինելու: Բայց իրավիճակն ուրիշ բան է թելադրում, մեզ ճեղքում է անհրաժեշտ: Դա ստրատեգիական մտածելակերպի բացակայությունից է, որ այդպես են անում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ