Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրվանից հետո լուրեր տարածվեցին, թե միջազգային դիտորդների մի մասը ուշացումով է ներկայացել ընտրատեղամասեր, երբեմն էլ ոչ սթափ վիճակում: Ուստի Aravot.am-ը «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են փաստել իրենց դիտարկումները միջազգային դիտորդական առաքելությունների առումով: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ես այն կարծիքին եմ, որ ԵԱՀԿ-ի դիտորդների հայտարարությունը մի փոքր ավելի խիստ էր, քան նախկին ընտրությունների կապակցությամբ: Ցավում եմ, քանի որ եթե նախկինը խայտառակ ընտրություններ էին, ԵԱՀԿ-ի դիտորդները դրական էին հանդես գալիս, իսկ այս մեկի կապակցությամբ, որոնք քչից շատից դրական ընտրություններ էին, ԵԱՀԿ դիտորդները բացասական են արտահայտվում, թե նկատել են խախտումներ և այլն»:
Հետաքրքրվեցինք՝ ըստ պարոն Համբարձումյանի դա պատվե°ր էր, թե՞ կա այլ մեկնաբանություն: Հ. Համբարձումյանը նկատեց. «Չեմ կարծում, որ պատվեր էր: Ուղղակի նախորդ ընտրությունների ժամանակ բազմիցս նշվել է իրենց անտարբեր վերաբերմունքի մասին, թե գալիս դիտարկում են, որ ամեն ինչ հոյակապ է, իսկ հետո, երբ տեղական կազմակերպությունները խախտումներ են գրանցում, նրանց ինչ պիտակ ասեք՝ չեն կպցնում: Փաստորեն մի քիչ ուշացած նրանք հասկացել են այս խնդիրը և ցավոք, քչից շատից դրական ընտրությունների ժամանակ ավելի չոր են հանդես գալիս»:
Հետաքրքրվեցին՝ ընտրությունների դիտարկման ժամանակ իրենց դիտորդները խնդիրներ ունեցե°լ են: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Մի քանի ընտրատեղամասերում հրաժարվել են արձանագրության քաղվածքը տալ դիտորդին, եղել են դեպքեր, երբ առավոտյան թույլ չեն տվել դիտորդին մուտք գործել ընտրատեղամաս՝ պատճառաբանելով, թե վկայականը և լիցենզիան պիտի կրծքին փակցված լինեն: Իսկ մենք գրպանիկի մեջ էինք նախատեսել, որ այն դրվի, ուստի երկար պայքարելուց հետո թողել են տեղամաս: Այսինքն՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված իզուր քաշքշուկներ: Մի տեղամասում էլ համոզել են դիտորդին, որ ձայների հաշվման գործընթացը երկար կտևի, մինչև ժամը 04.00-05.00, ուստի հորդորել են նրան չսպասել»:
Պարոն Համբարձումյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստացավ ընտրությունների արդյունքները մեկնաբանել հունիսի կեսերին, երբ ընտրական գործընթացներն ավարտված լինեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ