Մայիսի 6-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունները չեն եղել արդար ու ազատ. ընտրություններում դիտորդական առաքելության ընթացքում արձանագրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Հայելի» ակումբում թվարկեց իրենց արձանագրած ընտրախախտումները: Նրա խոսքերով, գերակշռող է եղել վաղուց մոռացված կարուսելը..«Գրեթե ամեն տեղամասում քվեատուփերից առնվազն 2-3 ծրարում չկային քվեաթերթիկները»:
Տեղական դիտորդները նաեւ արձանագրել են զանգվածային ընտրակաշառքի բաժանում ոչ միայն ընտրությունների, այլեւ դրան նախորդող լռության օրը: Գրասենյակին հասած տեղեկություններով, այս անգամ ընտրակաշառք բաժանելու մեջ ակտիվ են եղել ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը:
ԱրթուրՍաքունցն ասաց, որ ընտրակաշառքի բաժանման դեպքերն արձանագրել են տեսանյութերով ու ձայնագրությամբ, բայց ոստիկանությունը, անգամ փաստերի դեպքում, կանխարգելիչ քայլեր չի իրականացրել: Դրոշմակնիքների թանաքի օքսիդացման խնդրից բացի, տեղական դիտորդներն արձանագրել են նաեւ տեղամասային հանձնաժողովների նախագահների ու անդամների օրենսդրության չիմացությունը:
Կարդացեք նաև
Որպես քվեարկության խախտման մեկ այլ դեպք, պարոն Սաքունցն առանձնացրեց քվեախցիկների՝ մեջքով դեպի լուսամուտ տեղադրման փաստը, ըստ նրա, որոշ տեղամասերում այդկերպ քաղաքացիների քվեարկությունը վերահսկել են դրսից:
Պարոն Սաքունցի խոսքերով, իրենց ահազանգերը պատշաճ քննության չեն ենթարկվել, մինչդեռ իրենց արձանագրած բոլոր ընտրախախտումները այնպիսի խախտումներ էին, որոնք էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքների վրա:
Այսօր պարոն Սաքունցը ներկայացրեց իրենց նախնական հաշվետվությունը, իսկ ամբողջությամբ կներկայացնեն 10 օրից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ