Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայի առաջնահերթությունների շարքում նաեւ Ղարաբաղի հարցն է

Մայիս 08,2012 15:17

Երկուշաբթի օրը ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը` Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռազմավարական նշանակության 11 հրամանագիր։ Դրանք, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության, սահմանում են երկրի զարգացման եւ կառավարող մարմինների գործունեության առանցքային ուղղությունները։ 

Ստորագրված 11 փաստաթղթերից մեկը «Արտաքին քաղաքական ուղեգծի իրագործման միջոցառումները» հրամանագիրն է, որում նշվում է հակամարտությունների կարգավորման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման խնդրում Մոսկվայի ակտիվ դերակատարությունը։

Պուտինը արտգործնախարարությանը եւ գործադիր իշխանության դաշնային մարմիններին հանձնարարել է միջազգային ասպարեզում հետեւողական լինել օրենքի գերակայության հարցում, պայքարել ՄԱԿ-ի կենտրոնական դերի համար, առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը երկրներից պահանջում է հաստատել հավասարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։

Պուտինը հանձնարարել է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, շարունակել ակտիվորեն որոնել Մերձդնեստրի խնդրի լուծման ուղիները, Մերձնեստրի հատուկ կարգավիճակը որոշելիս հիմնվել Մոլդովայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ չեզոքության սկզբունքների վրա։

Ռուսաստանի նախագահի հրամանագրում ասվում է, որ հարկ է ակտիվորեն նպաստել որպես արդիական դեմոկրատական երկրների` Աբխազիայի հանրապետության եւ Հարավային Օսիայի հանրապետության կայացմանը, միջազգային դիրքերի ամրապնդմանը, երաշխավորել դրանց անվտանգությունը եւ սոցիալ-տնտեսական զարգացումը։

Կա առանձին անդրադարձ Լեռնային Ղարաբաղին, ընդ որում` Պուտինի ստորագրած «Արտաքին քաղաքական ուղեգծի իրագործման միջոցառումները» հրամանագրում որպես այդպիսին չեն հիշատակվում ազգերի ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության թեզերը։

Հրամանագրում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար Ռուսաստանը պետք է շարունակի հետեւողական աշխատանքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ, հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք շարադրված են 2009-2011 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031