Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ կոալիցիա կձեւավորվի

Մայիս 08,2012 14:29

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին քարոզարշավի ընթացքն ու խորհրդարանական ընտրությունները շատ հետաքրքիր են թվացել, քանի որ, նրա համոզմամբ, ուժերի միջեւ մրցակցությունը բավականին մեծ էր: Իսկանդարյանի փոխանցմամբ՝ հիմնականում մրցակցության մեջ էին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» , ՀԱԿ-ն եւ ՀՅԴ-ն:

«Ընտրությունների հիմնական գործիքը ոչ թե գաղափարն էր, այլ նյութական տեխնոլոգիաները: Ուժերը, որոնք շեշտադրեցին գաղափարներ, այս ընտրություններում պարտվեցին, հաղթեցին նրանք, ովքեր ուղղորդվեցին տեխնոլոգիաներով: Այս խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին նաեւ մարդկանց քաղաքականությունից հոգնածության աստիճանը: Այսինքն՝ մարդիկ պատրաստ էին գնալ հանրահավաքների, լսել ուժերին, դատողություններ անել, բայց միեւնույն ժամանակ վերցնել մի բանկա մուրաբան: Ընտրություններում չէր կարեւորվում գաղափարախոսությունը»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ աննախադեպ հավասարություն էր պահպանվում ընտրությունների լուսաբանումներում, քանի որ անգամ «Հ1»-ը իր լուսաբանումներում սուբյեկտիվ կարծիք չէր հայտնում:

Քաղաքագետը հատկանշական համարեց այն, որ շատերը ընտրակաշառք չվերցրեցին, սակայն, ըստ նրա, այս խորհրդարանական ընտրություններում մեծ գումարներ ծախսվեցին:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա այս անգամ դրանք մարդկանց ուշադրության կենտրոնում չեն եղել: Իսկանդարյանը համոզված է, որ նոր խորհրդարանն ավելի կուսակցականացված կլինի, քան նախորդն էր: Նա նաեւ վստահ է, որ կոալիցիա անպայման կձեւավորվի, ընդ որում. «Անպայման քննարկելիք հարց կլինի: Արդյոք ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կառաջարկի՞ մտնել կոալիցիա, թե՞ ոչ: Բայց այն, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցա կմտնի՝ դա հաստատ է: Բացի այդ՝ ԲՀԿ-ն ընտրարշավի ժամանակ ավելի արմատական ընդդիմություն էր, քան, օրինակ, ՀԱԿ-ը: Ավելին՝ ԲՀԿ-ն դեռեւս կշարունակի ընդդիմադիր կեցվածքի մեջ մնալ ՀՀԿ-ի հանդեպ»:

Իսկանդարյանը նաեւ նշեց, որ ուժերի կողմից սեւ PR գրեթե չիրականացվեց: Բանախոսը հավելեց՝ ինչպես նախորդ խորհրդարանում էր, այս անգամ եւս խորհրդարանում օլիգարխներ կլինեն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031