Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակիցների նախնական ցուցակը:
Յուրաքանչյուր քաշային կարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է լինելու վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60կգ քաշային կարգ) վաստակած միավորներով 10-րդն է, իսկ հրազդանցի 66 կգ քաշային Արմեն Նազարյանը (լուսանկարում)՝ 16-րդը:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր քաշային կարգում մեկական «սպիտակ քարտ» է հատկացվելու կազմակերպիչ երկրին եւ ինը քարտ՝ ձյուդոյում նոր զարգացող երկրների ազգային ֆեդերացիաներին: Մայիսի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների վերջնական ցուցակը:
Ներկայումս Հայաստանի ազգային հավաքականը վերականգնողական առողջարարական հավաք է անցկացնում Ջերմուկ քաղաքում, որն ավարտվում է այսօր: Այնուհետեւ մեր թիմը մեկնելու է Անթալիա, որտեղ օլիմպիական խաղեր մեկնող եվրոպական երկրների ընտրանիների հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո մեր մարզիկները Չեխիայում մասնակցելու են միջազգային մրցաշարի, որին հաջորդելու է երեւանյան եզրափակիչ ուսումնամարզական հավաքը օլիմպիական խաղերից առաջ:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ