Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի գործիչների ակնկալիքները՝ նորընտիր խորհրդարանից

Մայիս 08,2012 14:01

Աշխատավարձերի վերանայումից մինչեւ սահմանների ապահովություն

«Առավոտը» դիմեց մեր մշակույթի անվանի գործիչներին՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է իրենց ոլորտի թիվ 1 խնդիրը՝ կապված օրենսդրական դաշտի հետ, ինչը նորընտիր պատգամավորները պարտավոր են լուծել առաջին հերթին:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հարց ուղղեց նորընտիր պատգամավորներին՝ մեր հասարակությանը ընդհանրապես բարձրարվեստ մշակույթ պե՞տք է, թե՞ ոչ:

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն էլ գտնում է, որ մեզանում կյանքը շարժվում է օրենքներից առաջ, մինչդեռ պատգամավորների խնդիրն է տեղերը փոխել՝ օրենքը բերել առաջ. «Հակառակ դեպքում մեր կյանքն ընդհանրապես, այդ թվում եւ մշակութայինը, կլինի անորոշ վիճակում»: «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի երազանքն է, որ, ի վերջո, ստեղծվի Մշակութային օրենսգիրք, ինչը կնպաստի տարբեր ոլորտների կարգավորմանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հորդորեց նորընտիր պատգամավորներին թեթեւացնել ոլորտի հարկային դաշտը: Նույն տեսակետին է նաեւ Խամաճիկների թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանը: Նրա խոսքերով՝ պետք է ստեղծվի մի մեխանիզմ, ինչը հնարավորություն կտա մշակույթն աջակցողներին ու ֆինանսավորողներին ազատել հարկերից: Միայն այս դեպքում մշակույթի գործիչը դռնեդուռ չի ընկնի:

Երեւանի կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը ուզում է տեսնել այնպիսի չափորոշիչներ, որով գնահատվում է մշակույթի գործչի կատարած աշխատանքը:

Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանը ցանկություն ունի հեղինակային իրավունքները տեսնել պաշտպանված. «Ստացվում է, որ երգիչը ձայնագրում է CD եւ արդյունքում բոլորը, բացի կատարողից, վարձատրվում են»:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը ուզում է նորընտիր պատգամավորների առաջին գործը լինի մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձի վերանայումը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը գտնում է, որ օրենսդիր մարմնի գերխնդիրը պետք է լինի մշակույթի տարբեր ոլորտներում ազգայինի առաջնության քաղաքականությունը, ինչը պայմանավորված չէ միայն գումարով:

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, նշելով, թե մշակույթի խնդիրները 1-2-ը չեն, ասաց. «Եթե ես լինեի պատգամավոր, կաշխատեի այնպիսի օրենքների ստեղծման ուղղությամբ, որոնց շնորհիվ առաջին հերթին էլ ավելի ապահով կլինեին երկրի սահմանները, կզարգանար տնտեսությունը, հետո նոր հանգիստ կանդրադառնայի մշակույթին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031