Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իշխող կլանը ոչ միայն ընտրացուցակ, այլեւ թանաք կեղծող է»

Մայիս 08,2012 13:47

Ասում է Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավարը

Մուրադ Գրիգորյանը Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկն էր, որը պայքարում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ «Շիրակի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի դեմ: Վերջինիս, ի դեպ, սատարում էր Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, սակայն այս ընտրատարածքում փաստացի հաղթեց ԲՀԿ-ականը: «Առավոտը» Մուրադ Գրիգորյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա անցկացված ընտրություններին՝ հետընթա՞ց, թե՞ առաջընթաց է նկատվում նախորդների համեմատ: Ի պատասխան մեր հարցին՝ պարոն Գրիգորյանը սկսեց խախտումներից. «Ինչքան ասես խախտումներ տեղի ունեցան՝ սկսած ընտրացուցակներ կազմելուց, վերջացրած անձնագրեր կնքելը: Իշխող կլանը կամ որ նույնն է՝ խուժանը իր դեմքը պատռեց, ցույց տվեց՝ ինչի է ընդունակ, օրենքով նախատեսված դրոշմակնքումը իրենք շատ համարեցին, էնքան մեղք ու խեղճ էին, էնքան էին տագնապի մեջ ու լարված իրենց ձայների քանակի համար, որ նույնիսկ քիմիական բնույթի մանիպուլյացիա էին արել՝ թանաք էին կեղծել, ոչ միայն քվեաթերթիկ, ոչ միայն ընտրացուցակ, այլեւ թանաք կեղծող են»: Մեր զրուցակիցը սրանից զատ, որպես նոր ընտրախախտումներ, թվարկում է նաեւ ընտրակաշառքները նոր մոդելներով ու նոր հնարքներով բաժանելը: «Մի բառով ասած՝ խուժանություն էր իշխող կուսակցության կողմից, եւ գնահատական մենք կտանք այսօրվա հանրահավաքում, որը, իմ կարծիքով, կլինի մեր ընտրարշավի սկիզբը»: Մուրադ Գրիգորյանի փաստելով՝ Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքի ցուցակներում իրենք արձանագրել են մոտ 1000-ի հասնող անճշտություններ ու կեղծիքներ, որոնք թեեւ ներկայացրել են դիտորդներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն, սակայն ընտրությունների օրը ոչինչ չի փոխվել: «Եվ մեռած մարդիկ կային, եւ հանրապետությունից արտագաղթած, Եվրոպայում, Ռուսաստանում արդեն քաղաքացիություն ստացած մարդիկ, ոչ պակաս ընտրողներ, որոնք գոյություն չունեն, որոնց ոչ ոք չի ճանաչում շենքում, բնակարանում, ինչքանով որ հասցրել ենք ճշտել, դրանք ընտրությունների օրն այդպես էլ մնացել էին ցուցակում»,- դժգոհեց մեր զրուցակիցը: Իսկ թեկնածուի իրավունքները խախտվե՞լ են ընտրատեղամասերում՝ մեր հարցին Մուրադ Գրիգորյանն ասաց, որ թանաքի կեղծում օպերացիայով արդեն իսկ խախտվել են իր իրավունքները: «Օպերացիան տեւեց առնվազն 2 կամ ավելի ժամ, իսկ քանի որ քվեարկության ժամանակ ընտրողների քանակի ֆիքսումը կատարվում է 2-3 ժամ հետո՝ ժամը 11-ի դրությամբ, այդ ժամին մասնակցել է մոտ 7000-7500 ընտրող 34 ընտրատարածքում, ես կարող եմ ենթադրել, որ ոչ ոք երաշխիք չունի, որ 7000-7500 ընտրողը չեն քվեարկել նաեւ այլ ընտրատեղամասերում մի քանի անգամ»,- ասաց Մ. Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ իր մրցակիցները համատեղ քարոզարշավը վերածել էին «զոռբայության ու մրցակցության շոուի»: «Իմ անձնական դիտարկմամբ՝ այն թակարդը, որը լարել էր իշխող կուսակցությունը, ինքը ընկավ իր լարած թակարդի մեջ, ես փաստն եմ արձանագրում՝ առանց մեկնաբանությունների»,- ասաց ՀՀՇ կառույցի ղեկավարը: Մեր այն հարցին էլ, թե հիասթափվա՞ծ է այս ընտրություններից, ասաց. «Ես էդ տեսակը չեմ, որ հիասթափվեմ, էդ տեսակը չենք մենք, որ ռոմանտիկ, իրականությունից կտրված հաշվարկներ ու դատողություններ անենք ու էդ հիմքի վրա հիասթափվենք: Սա մեր առաջին անգամն ու առաջին տարին չէ, մեր ծրագիրը հստակ է, մենք գիտենք մեր անելիքը, մենք Հայաստանում իրականացնելու ենք իշխանափոխություն ժողովրդի աջակցությամբ»: Իսկ ընտրակաշառք վերցնող ժողովրդի հետ դեռ հո՞ւյս է կապում, մեր հարցին ասաց. «Ժողովուրդը կոռումպացված չէ, ուղղակի ժողովրդին էնքան են աղքատացրել, սնանկացրել, որ 5000-10000 դրամ ընտրակաշառքը գայթակղություն է համարվում մի մասի համար»,- ասում է մեր զրուցակիցը: Ընտրությունների արդյունքները բողոքարկելու հետ կապված էլ պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը թանաքի կեղծման մասով նախորդ օրը բողոք ներկայացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ մնացած բողոքներն ըստ նպատակահարմարության կհամակարգեն ու կներկայացնեն կամ վերադաս հանձնաժողով, կամ դատարան:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031