Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություններին հաշմանդամները տանջանքով հասան ընտրատեղամաս

Մայիս 08,2012 13:45

Նրանց համար այս անգամ էլ ոչ բոլոր ընտրատեղամասերն են եղել հարմարեցված

Այս ամուսինները մեծ դժվարությամբ հաղթահարեցին ընտրատեղամասերի աստիճանները:

Այս կինը տնից 12/10 ընտրատեղամաս է հասել 40 րոպեում, 10 րոպե էլ պահանջվել է աստիճանները իջնել-բարձանալու համար:

Թեեւ նախընտրական շրջանում ընտրությունների կազմակերպիչները վստահեցրին, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերը մատչելի լինեն, սակայն մայիսի 6-ին «Առավոտը» մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում արձանագրեց, թե ինչ մեծ ջանքեր էին հաղթահարում տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ, որպեսզի հասնեն քվեախցիկ: Ճիշտ է, այդ ուղղությամբ իսկապես որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն մի շարք ընտրատեղամասերում բացի այն, որ մուտքի մոտ թեքահարթակներ չկային, տեղամասերը գտնվում էին 2-րդ հարկերում, որոնք կրկնակի բարդություն էին առաջացնում հաշմանդամների համար: Այն, որ տեղամասերն իսկապես անմատչելի են, որով եւ խախտվում է հաշմանդամություն ունեցողների ընտրելու իրավունքը, հաստատեցին նաեւ նման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարները, որոնք նույնպես այդ առնչությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել:

«Առավոտի» հետ զրույցում «Փարոս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Օհանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը տեղաշարժման խնդիրներ ունեցողներին սայլակներ եւ մարդիկ է տրամադրել, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց տեղամասեր: Բայց եթե հաշմանդամ մարդը նույնիսկ կարողացել է հասնել ընտրատեղամասի շենքի մոտ, ապա ներս մտնելն, ըստ Ս. Օհանյանի, «Քեոփսի բուրգը մագլցելու» նման մի բան էր: Օրինակ՝ Խնկո-Ապոր գրադարանում տեղակայված ընտրատեղամասի աստիճաններն այնքան անհարմար են, որ հաշմանդամին նույնիսկ հնարավոր չէ ներս տանել: Սուրեն Օհանյանի խոսքերով՝ «Ստիպված խնդրել ենք, որպեսզի քվեատուփը վստահված անձինք դուրս բերեն, իհարկե, հանձնաժողովի անդամների համաձայնությամբ»: Լոռու մարզի ընտրատեղամասերից մեկում էլ, որը կրկին հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցողների համար, Ս. Օհանյանի պատմելով, տեղաշարժման խնդիր ունեցող դիտորդին գրկած տարել են ընտրատեղամաս, որպեսզի իր աշխատանքն անի. «Ընդհանուր առմամբ, այս ընտրություններին ընտրատեղամասերի մատչելիության խնդիրը 5%-ով բարելավվել է, սակայն դա շատ քիչ է»: Եթե որոշ տեղամասեր գոնե թեքահարթակով ապահովվել են, ապա կան տեղամասեր, որոնք բարելավելու փոխարեն՝ դեռ մի բան էլ բարդացրել են հաշմանդամների համար:

«Արեւածաղիկ» ամսագրի խմբագիր Զառա Բաթոյանն էլ, որը նույնպես տեղաշարժման խնդիր ունի, կարողացել է 44 դպրոցում տեղակայված 3/13 ընտրատեղամասի մի քանի աստիճանները բարձրանալ, սակայն Զառան ստիպված է եղել, ինչպես ինքն ասաց՝ 6-7 բարդ աստիճաններ եւս բարձրանալ՝ տեղամաս հասնելու համար. «Նախորդ ընտրություններին գոնե դպրոցի միջանցքում էր ընտրատեղամասը, այս անգամ բարձրացրել էին 2-րդ հարկ: Բացի այդ, դպրոցի բակի մուտքն էլ փակել էին՝ մեքենան չկարողացավ մոտենալ շենքին, ստիպված մոտ 150 մետր քայլեցի: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ դպրոցի մուտքն այնպիսին է, որ թեքահարթակ կառուցելը շատ հեշտ կլինի, բայց չեն անում: Եթե մարդն ուզում է մասնակցել ընտրություններին, կհաղթահարի դժվարությունները, սակայն հաճախ, անգամ փոքրիկ դժվարությունները հիասթափեցնում են»:

«Լիարժեք կյանք» հ/կ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ, որը եւս տեղաշարժման խնդիր ունի, նախօրեին կայացած ԱԺ ընտրության օրը խոչընդոտի է հանդիպել: Պարոն Մաղաքյանի խոսքերով՝ Ստեփանավանում գտնվող թիվ 32/32 ընտրատեղամասում չնայած թեքահարթակ կա, սակայն շենքի ոչ գլխավոր մուտքի մոտ. «Թեքահարթակը այլընտրանքային մուտքի մոտ է, սակայն երբ ես մոտեցա, դուռը փակ էր: Երբ հանձնաժողովի նախագահին հարցրի, թե ինչո՞ւ է դուռը փակ, նա անհեթեթ պատասխան տվեց՝ իբր որպեսզի երեխաները ներս չմտնեն: Դա պարզապես անուշադրություն է հաշմանդամ մարդկանց հանդեպ»:

Պարոն Մաղաքյանի ներկայացմամբ՝ իրենց կազմակերպությունը 4 մարզերում է աշխատել, որի պատասխանները, թե որքանով են խախտվել հաշմանդամ անձանց ընտրելու իրավունքները, դեռեւս ամփոփված չեն: Սակայն, ըստ հ/կ-ի նախագահի, շատերին ուղղակի գրկած են ներս տարել ընտրատեղամասեր:

Մինչ ընտրությունները շատ էր խոսվում, որ կույր եւ մնացորդային տեսողություն ունեցողներն այս ընտրություններին կներգրավեն, քանի որ կարող են օգտվել բռայլեր կաղապարներից: Սակայն նշենք, որ այդ կաղապարները նախատեսված են միայն համամասնականի համար: Նախօրեին ընտրատեղամասերից մեկում հանդիպեցինք կույր կնոջ, որը, սակայն, գերադասեց օգտվել աղջկա օգնությունից, քան կաղապարից:

Մհեր Վասիլյանը, որը «Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրենն է, վստահեցրեց, որ շատ քչերն են օգտվել այդ կաղապարներից. «Մեծ մասը հիմնականում չի էլ օգտվում, ասելով՝ բարդ է, ծանոթ չեմ եւ այլն: Չօգտվելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ կույր ընտրողը մեծամասնական ընտրության համար պետք է դիմի որեւէ մեկի օգնությանը, եւ այս պարագայում նա պարզապես հրաժարվում է կաղապարից, ասելով՝ դե, մեկ ա օգնում է, թող համամասնականի համար էլ օգնի»: Չնայած օրենքը նախատեսել է, որ հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն նման դեպքերում օգնել, սակայն ոչ մի երաշխիք չկա, ստուգող՝ առավել եւս, որ թեկուզեւ անծանոթ օգնողը թերթիկի վրա նշանը կդնի հենց այն անվան դիմաց, որը նախընտրում է կույրը: Ուստի, ինչպես նշեց Մհեր Վասիլյանը, պետք է նաեւ մեծամասնականի համար նախատեսվեն կաղապարները, ինչպես նաեւ հաշվի առնել այն մարդկանց, որոնք տանից չեն կարողանում դուրս գալ, ուղեկցող էլ չունեն, բայց ուզում են մասնակցել ընտրություններին. «Ըստ էության նրանց ընտրելու իրավունքը խախտվում է, քանի որ տնային պայմաններում ընտրելու հնարավորություն չունեն»: Եթե որոշ հասարակական կազմակերպություններ ջանում են, որպեսզի հաշմանդամ մարդիկ լիարժեք մասնակցեն ընտրություններին, ապա «Փրկություն» հ/կ-ի ղեկավար Արփինե Աբրահամյանը պայքարում է, որպեսզի մտավոր հետամնացություն ունեցողներին արգելվի ընտրությանը մասնակցել: Պարզապես, ինչպես մեզ հետ զրույցում ասաց տիկին Աբրահամյանը, մտավոր խնդիրներ ունեցողների մեծ մասն ուղղակի չի կարող ընտրություն կատարել. «Ես առաջարկում եմ, որպեսզի օրենք ընդունվի՝ հաշմանդամության կարգը քննելու ու հաստատելու ժամանակ ստուգվի նաեւ մտավոր հետամնացության մակարդակը՝ գրել, կարդալ գիտի՞, թե՞ ոչ, ի՞նչ աստիճանի է խնդիրը, եւ ըստ այդմ էլ՝ միանգամից եւ վերջնական որոշվի՝ իրավունք տալ ընտրությանը մասնակցել կամ չտալ: Իմ շահառուներն իրենց ծնողների հետ են գնացել ընտրության, ու նրանց փոխարեն մայրն է ընտրել: Նույնիսկ ասացին՝ մաման ասեց՝ այսինչին ենք ընտրել, ու մականունն էլ նշեցին: Իրականում նրանք ինքնուրույն ընդունակ չեն ընտրություն կատարելու, եւ եթե անգամ տանում են տեղամաս, դա նրանց որոշումը չէ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031