Այսօր Կոնգրեսը պատրաստվում է նոր հանրահավաք կազմակերպել: Թե ինչ հայտարարություն է անելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքում՝ երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ինտրիգներ խոստացավ. «Չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ կլինեն, կգաք հանրահավաք, ինքներդ կտեսնեք, թե շեշտն ինչի վրա է դրվելու: Ամեն ինչ կախված է, թե այսօր ընդհանրապես ինչ իրադարձություններ տեղի կունենան, ինչ բանակցություններ, եւ բանակցությունների արդյունքում արդեն արդյոք որոշակի գործարք կլինի՞, թե՞ ոչ»: Մենք ճշտեցինք՝ ո՞ւմ հետ եւ ո՞ւմ կողմից բանակցությունների եք սպասում՝ նա պատասխանեց. «Մենք շատ լավ գիտենք, թե նման իրավիճակներում իշխանությունն ինչ մեթոդների է դիմում: Ես հույս ունեմ, որ «Բարգավաճը» եւ Դաշնակցությունը կգիտակցեն, որ եթե գնացին գործարքի, ապա վերջնականապես փչանալու են: Եվ կհասկանան նաեւ, ամեն դեպքում իրենց պաշտպանության բնազդը կաշխատի, որ իրենք չեն շահելու այդ գործարքից, եւ հետո շատ ցավալի է լինելու իրենց համար: Եթե մենք շարունակելու ենք պայքարել եւ վերջապես մենք հասնելու ենք արդյունքի, իսկ ես հույս ունեմ մոտ ապագայում, ապա Դաշնակցության եւ «Բարգավաճի» դեպքում վախճանը շատ ավելի տխուր է լինելու՝ անկախ նրանից, որ այսօր որոշակի ձայներ ունեն եւ խորհրդարանում ներկայացված են լինելու: Համենայնդեպս, ԲՀԿ ղեկավարությունը այն դիրքերը, որ մինչեւ հիմա պահել է եւ որոշակի իմիջ է ձեռք բերել երկրում բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժի, պարտավոր է այդ դիրքերը պահել: Հակառակ դեպքում այլեւս երբեք նրան չեն հավատա, եւ նույնիսկ փողը այստեղ արդեն չի կարող աշխատել, որովհետեւ Ծառուկյանը ԲՀԿ-ի դեպքում ձայներ ստացավ նաեւ նրա արդյունքում, որ փորձեցին նույն շեշտադրումով խոսել, ինչ ՀԱԿ-ը, եւ ժողովուրդը հավատաց նրան»: Ըստ տիկին Սարգսյանի՝ շատ բնական են իրենց մտավախությունները՝ ԲՀԿ-ի հետ կապված, բայց հույս ունեն, որ այս անգամ իրենք հուսախաբ չեն լինի:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ