Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց»

Մայիս 08,2012 13:16

Արտաշես Գեղամյանը՝ Վարդան Օսկանյանին

– Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, շատերի համար, օրինակ, անսպասելի էր ՀՀԿ-ի հավաքած տոկոսների այդքան առավելությունը, հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ:

– Մեր թիմը բավականաչափ քրտնաջան եւ հետեւողական աշխատել է ՀՀԿ-ի շտաբների հետ, ու իմ ունեցած տեղեկատվությունը գալիս էր ապացուցելու եւ համոզելու, որ գոնե 45 տոկոս պետք է ՀՀԿ-ն անպայման ստանար: Իսկ մեծամասնականի արդյունքները սպասելի էին: Համամասնականում մեկ տոկոս սխալվեցի: Բայց դե, մենք միասին հասկանում ենք, թե ինչու 44 տոկոս եղավ ՀՀԿ-ի ձայները. հակառակ պարագայում գոնե մեկ միավորում չէր անցնի ԱԺ: Թե որ միավորումն է, մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք:

– Ես չգիտեմ՝ ո՞ր միավորումն է:

– Բավական է նայել ընտրությունների դինամիկան եւ պարզ կդառնա, թե ինչպես է ՀՀԿ-ի տոկոսն իջնում ամենավերջում, իսկ այլ քաղաքական ուժերի տոկոսը բարձրանում:

– Դուք ակնարկում եք, որ ՀՀԿ-ն մեծահոգաբար իր տոկոսները նվիրել է…

– Ես չեմ ակնարկում: Ես ասացի այն, ինչ ասացի: Ձեր մեկնաբանությունները դուք տվեք:

– Իմ տպավորությամբ, օրինակ, ՀՀԿ-ն իր տոկոսները նվիրել է ՕԵԿ-ին:

– Ոչ: Ես ուզում եմ հիշեցնել ՕԵԿ-ի հանդիպումները ընտրողների հետ, որոնք շատ ավելի մարդաշատ էին, քան այլ քաղաքական ուժերի հանդիպումները: Ժողովուրդը շատ ավելի խանդավառված էր:

– Բնականաբար, եթե նկատի ունենանք փաստը, որ ՕԵԿ-ն իր հետ ավտոբուսներով միեւնույն մարդկանց տանում էր իր հանրահավաքներին:

– Բայց այդ ավտոբուսները դատարկ չէին: Որոշակի մարդիկ կային, որոնք պատրաստ էին գիշեր-ցերեկ Հայաստանով մեկ ՕԵԿ-ի պրոպագանդան անել:

– Ամեն դեպքում, ՀՀԿ-ի հավաքած տոկոսները ապշեցուցիչ են: Ինչո՞վ եք բացատրում ժողովրդի այդ անսպառ սերը ՀՀԿ-ի նկատմամբ:

– Անսպառ սեր չի: Ժողովուրդը համոզվել է, որ ամենալուրջ քաղաքական ուժերից մեկը ՀՀԿ-ն է, որը մեծահոգաբար թույլ է տալիս, որ իր կոալիցիոն գործընկերները սեփականաշնորհեն բոլոր դրականը: Վատին ասում է՝ տեր եմ, եւ խոստանում է, որ կփոխի դեպի լավը: Ես էլ չեմ ասում այն բացառիկ պետական եւ մարդկային կեցվածքը, որը դրսեւորվեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտության, ողբերգության ժամանակ: Սառնասրտորեն ամեն ինչ արվեց, որպեսզի մարդիկ խուճապահար վիճակի մեջ չընկնեն եւ իրար ավելի շատ վնասներ չհասցնեն: Հետո մարդկային անկեղծ եւ ամենավեհ դրսեւորումն իրականացվեց՝ հրապարակից հանրապետության եւ Հանրապետականի ղեկավարությունն իսկույն գնացին հիվանդանոցներ: Այո, համերգը փոքր-ինչ շարունակվեց: Ես խորհրդակցել եմ ամենաանվանի հոգեբանների հետ, իրենք ասացին, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կարծես փորձառու հոգեբաններ էին, որովհետեւ այդ վիճակում դադարեցնել համերգը՝ կնշանակի հարյուրավոր մարդկանց հոգեկան տրավմայի մեջ գցել, որից դուրս գալու համար ամիսներ կպահանջվեին:

Ժամացույցի պես աշխատեցին բուժաշխատողները, ոստիկանները, արդյունքում այդ իրավիճակից մենք դուրս եկանք նվազագույն հետեւանքներով, բարեբախտաբար, անդառնալի կորուստ չունեցանք:

– Այդ իրավիճակում ճի՞շտ եք համարում նախագահի նախընտրական ճառը: Այդ պահին ո՞ւմ էր հետաքրքիր, թե ՀՀԿ-ն ինչ է խոստանում:

– Դրանով իսկ տասնյակ հազարավոր մարդիկ հանգստացան, որովհետեւ նրանք գիտեն՝ ելույթ ունեցողը՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի բովով անցած մարդ է, եւ եթե նա նման սառնասրտորեն, հետն էլ նման ջերմությամբ դիմում է հավաքվածներին, ապա նա իրենց սիրտ ու հոգի հաղորդեց:

– Ինքս հրապարակում էի եւ բավականին հայհոյախառն արտահայտություններ հնչեցին թե երկրի նախագահի, թե երգիչ-երգչուհիների հասցեին:

– Իմ կարծիքով՝ այդ հայհոյախառն բառերն ուղղված էին այն ապիկարներին, ովքեր հելիումի փոխարեն այդ փուչիկների մեջ ջրածին էին լցրել՝ վտանգելով նաեւ իրենց կյանքը: 40-50 հազարի մեջ 2-3 հայհոյախոսող կգտնվեր, ինչի՞ եք զարմանում: Միգուցե այդ մարդիկ տեսան, որ սպասված նենգ արդյունքը չի լինում՝ իրենց իսկ զայրույթը չկարողացան թաքցնել, չարանենգորեն շուռ տալով նախագահի վրա:

– Կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչների՞ նկատի ունեք:

– Բացարձակապես: Մեր քաղաքական ուժերի հիմնական կորիզը շատ առողջ է: Ուրիշ բան, որ գտնվեցին մարդիկ, ովքեր անգամ այդ դժբախտությունը փորձեցին օգտագործել սե PR անելու, սեւացնելու ՀՀԿ-ին եւ հանրապետության նախագահին: Նմաններն էլ կային, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում համապատասխան դիտարկումներ էին արել՝ թե ապշում եմ: Եթե չես հասկանում, պիտի ապշես:

– Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի…

– Որ Վարդան Օսկանյանն է եղել՝ դուք ասացիք: Եթե դա Վարդան Օսկանյանն է եղել, ես պիտի ասեմ՝ այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց:

– Դուք հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետագա համագործակցությունը միեւնույն կոալիցիայում, այն բանից հետո, երբ վերջին պահին անգամ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, հատկապես հայտնի տեսանյութը, որտեղ Վարդան Օսկանյանին փուչիկներ են նվիրում՝ վիրավորական արտահայտություններով:

– Երբեւէ չի կարելի ԲՀԿ-ն նույնացնել Վարդան Մինասիչի հետ: Դուք դրանով վիրավորում եք այն հազարավոր ԲՀԿ-ականներին, ովքեր որպես լիդեր ճանաչում են Գագիկ Ծառուկյանին եւ ոչ երբեք նվեր ստացած Վարդան Մինասիչին: Համոզված եմ, որ հարգելով իրենց նախագահին՝ ԲՀԿ-ականների մեծ մասը զիջողաբար է մոտենում կուսակցության երկրորդ համարի տակ հայտնված Վարդան Մինասիչին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031