Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում կմիանա

Մայիս 08,2012 13:12

Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է՝ ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին եւ նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեեւ հնարավոր է, բայց այս պահին՝ դժվար պատկերացնելի:

Ամենաօպտիմալ տարբերակը հետեւյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում եւ հանդես է գալիս ինքնուրույն՝ կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաեւ՝ տապալել կառավարության բերած օրենքները: Որքան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի՝ երեք նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

Չլինելով Կոնգրեսի կամ որեւէ այլ քաղաքական ուժի համակիր՝ ուրախ եմ, որ ՀԱԿ-ը հայտնվել է խորհրդարանում: Նախ՝ պատգամավոր լինելը ենթադրում է պատասխանատվության եւ լրջության այլ մակարդակ: Երկրորդ՝ սկզբունքային եմ համարում, որ պատգամավոր է, ըստ ամենայնի, դառնալու Հրանտ Բագրատյանը. համաձայնեք, տարբեր բաներ են՝ քննադատել կառավարությանը ասուլիսներում, թե ԱԺ-ի ամբիոնից: Եթե կառավարությունը կատարի ոչ խելամիտ քայլ (ինչը նա բազմիցս արել է այս 4 տարվա ընթացքում), պարոն Բագրատյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Հովհաննիսյանը, նույն Վարդան Օսկանյանը պառլամենտական կոռեկտության սահմաններում պետք է ցույց տան ճիշտ ճանապարհը: Կամ՝ կհամոզեն կառավարությանը, իսկ եթե չհամոզեն, ապա հասարակությունը կիմանա այլընտրանքային դիրքորոշումները, եւ դա կլինի շատ լավ նախընտրական քարոզչություն՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ:

Հիմնական մարտահրավերներն այսօր, իհարկե, սոցիալ-տնտեսական են: Նոր խորհրդարանն այստեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախորդը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031