«Չեմ արձագանքում, որովհետեւ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետը չէ: Երբ բոլոր քաղաքական ուժերն արդեն պատրաստ կլինեն, կոնսուլտացիաներ կարվեն բոլորի հետ, Հանրապետականն ինքն իր ներսում, իր մարմինների միջոցով վերջնական եզրակացության կհանգի եւ պաշտոնական տեսակետն ու մեր մոտեցումները կներկայացնենք հասարակությանը»,- Aravot.am-խնդրանքին` արձագանքել նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի հայտարարությանն այն մասին, որ մոտ 160 հազարով ավելացել է ընտրությունների մասնակցողների թիվը, ինչը կասկածելի է եւ, որ ինքը ուժերի ներկայիս դասավորության պարագայում դեմ կլինի կոալիցիայի ձեւավորմանը, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանը:
Օսկանյանի հայտարարությունները մեր զրուցակիցն ընկալում է իբրեւ նրա անձնական կարծիք եւ գտնում է, որ յուրաքանչյուր մարդ ունի անձնական կարծիք ունենալու իրավունք:
Իսկ բոլոր նրանց, ովքեր «շահարկում» են ընտրությունների մասնակցողների թիվը, ում համար այդ թիվն «ուռճացված» է թվում, Գալուստ Սահակյանը հակադարձում է. «Յուրաքանչյուր քաղաքական թիմ, եթե խնդիր ունի, ցավոտ է ընդունում: Ընտրություններից հետո նման բաները շատ բնական եմ համարում: Իսկ ընտրությունները, դա փաստեցին նաեւ միջազգային դիտորդների վերլուծությունները, որ լավ էին կազմակերպված: Առավել եւս, հենց ընտրության օրը պարզ դարձավ, որ հասարակությունն այս ընտրություններին ավելի կազմակերպված մասնակցեց: Բացի դրանից, ընտրություններից հետո էլ լավ էին զգում իրենց, որ վերջապես Հայաստանում հնարավոր դարձավ ժողովրդավարական ավելի մեծ մեկնարկ ունեցող երկիր դառնալու գաղափարախոսությունը: Դա մենք դրական ենք համարում: Նրանք ովքեր խնդիրներ են ունեցել կամ փորձել են սեփական PR-ի տեսակետից կանխատեսումներ անել` այսօր պիտի նման մեկնաբանություններ անել: Ցավի զգացումը, անարդյունք լինելու մոտեցումները, մարդկանց դրդում է որոշակիորեն ավելի կրքոտ հանդես գալ»:
Այնուհադերձ, Սահակյանը նկատում է, որ ինչպես քարոզարշավին, այնպես էլ հետընտրական զարգացումներում, ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի նկատմամբ «հարվածային, հարվածելու» մոտեցում չի ցուցաբերելու:
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին` իր կարծիքով կա՞ն կոալիցիա կազմելու հնարավորություններ, քանի որ այս պահին ՀՀԿ-ն միանձնյա էլ կարող է իշխել, Գալուստ Սահակյանն ասաց. «Մենք մի քաղաքական սկզբունք ունենք` կոալիցիաները ինքնանպատակ չեն կազմվում, այլ եթե դա երկրի շահերից է բխում: Բնականաբար, եթե այնպիսի մեկնություններ կամ վերլուծություններ լինեն, որ անհրաժեշտ է, որ ավելի մեծ ձայներ վերցրած ուժերը հանդես գան միասնական ճակատով` երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար, կոալիցիա կամ ինչ-որ մի այլ անուն դրվի, էական չէ: Մենք համագործակցության, համաձայնեցված աշխատանքի փորձ ունենք եւ առաջիկայում, կարծում եմ, համաձայնությունների անհրաժեշտություններ կլինեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ