Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են մտածում այն ընդդիմադիրներն ու չընդդիմադիրները, որ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս «վերցնել, բայց ուրիշի օգտին քվեարկել

Մայիս 08,2012 12:36

Շատ հետաքրքիր կացություն է այն առումով, որ եթե կուսակցությունները համրություն են պահում, ապա նրանց տարբեր ներկայացուցիչներ ու կողմնակիցներ առաձնապես ակտիվ են այսպես կոչված սոցցանցերում, ֆեյսբուքում։ Երեկ նույնիսկ նման երկխոսություն էր շրջանառվում. «Գնացի ընտրատեղամաս, քվեարկեցի, շրջեցի քաղաքում՝ ամեն ինչ հանգիստ էր, սովորականի պես։ Մտա ինտերնետ, վատացա՝ ահազանգերից ու դրանց հերքումներից»։

Մարդկայնորեն, իհարկե, հասկանալի ու տրամաբանորեն բացատրելի է որոշ շփոթմունքն ու ջղային, հաճախ ագրեսիվ ու հայհոյախառն պահվածքը, որ այս օրերին նկատվում է կուսակցականացված «ֆեյսբուքիստների» մեկնաբանիչ վարքում։ Մարդիկ կամ գոնե նրանց մի մասը, պարփակվելով սեփական, հաճախ թյուր ընկալումներով, ընկել էին իրենց իսկ ձեւավորած երեւակայական պատկերի լուրջ ազդեցության տակ։ Եվ հոգեբանորեն չեն կարողանում ընդունել արձանագրված իրողությունը։
Դե, նրանք էլ արտահայտվում են, ինչը բացատրելի է ու բնական։ Բացատրելի, բայցեւ անհասկանալի ու ինչ-որ տեղ նաեւ քաղաքական ծայրահեղականություն են այդ կարգի անձանց մաղձոտ հայտարարությունները, թե՝ «ժողովուրդը ծախվել ա», «Ժողովուրդ չի…», եւ այսպես շարունակ, մինչեւ ոչ մեջբերելի արտահայտություններ։
Հասկանալի՞ է, չէ, որ այս խմբի ներկայացուցիչները շարունակ հոլովում են «ընտրակաշառք» բառը։ Ու միանգամից վրա պրծնում «ժողովրդին»։
Հանգիստ թողեք ժողովրդին, թեկուզ այն պարզ պատճառով, որ եթե մարդիկ չեն քվեարկել ձեր օգտին, ապա առնվազն հիմարություն է հավաքական վիրավորանքներ շրջանառել։ Հետո՞ ինչ, որ այս կամ այն քաղաքացին, քաղաքացիների խմբերը ձեր ուզածը չեն արել։ Դա դեռ ժողովրդին վրա պրծնելու առիթ չէ։
Այո, եղել են խախտումներ, բայց դրանք ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, խեղաթյուրե՞լ են այդ արդյունքներն ու պատկերը։ Ինչպես դժվար չէ նկատել տարբեր օտարերկրյա դիտորդական առաքելությունների հայտարարություններից, արդյունքների վրա էապես ազդող խախտումներ չեն եղել։
Այո, ընտրակաշառքի դեպքեր էլ են եղել։ Բայց ո՞ւր են թունդ ընդդիմադիրների բռնած ընտրակաշառողները։ Ընդհանրապես, զգացմունքային բացականչություններից զատ, խախտումների վերաբերյալ կա՞ն ծանրակշիռ, հընթացս չհերքված փաստեր, տվյալներ։ Չնայած, օրինակ, ՀԱԿ-ի կիրակնօրյա մոտեցմանը՝ ներկայացնել ընտրախախտումների հնարավորինս «տպավորիչ» ու ընդարձակ ցանկ, էական խախտման փաստեր չկան։
Եվ, ի դեպ, ի՞նչ են մտածում օրինակ այն ընդդիմադիրներն ու չընդդիմադիրները, որ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս «վերցնել, բայց ուրիշի օգտին քվեարկել։ Այլ կերպ ասած, հորդորում էին կրկնակի անբարո քայլերի դիմել։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031