ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խախտելով հետընտրական լռությունը` «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին ասել է. «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որևէ խնդիր չի լուծում և որևէ հակակշիռ չի ստեղծում խորհրդարանում»:
Այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պարոն Օսկանյանի հայտարարությունն իրենք չեն մեկնաբանում: Տիկին Զոհրաբյանը հավելեց նաեւ, որ ԲՀԿ-ի հետընտրական լռությունը կպահպանվի նաեւ առաջիկա երկու օրերի ընթացքում. «ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների պաշտոնական արդյունքերը, որից հետո մենք քաղխորհրդի նիստ կհրավիրենք եւ մեր տեսակետը կհրապարակենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև