Թեպետ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն արդեն պատմության գիրկն են անցել, բայց նոր է միայն սկսում ուրվագծվել դրանց արդյունքների ամբողջական պատկերը, ուստի այս քաղաքական իրադարձության վերաբերյալ դեռեւս շատ բան է խոսվելու եւ գրվելու։
Ներկա հանգրվանում հետաքրքիր է համեմատական վերլուծություն անցկացնել 2007-ին ու 2012-ին ընտրված խորհրդարանների միջեւ դրանց ընդհանրություններն ու տարբերությունները բացահայտելու նպատակով։ Համեմատության կարիք է զգում ոչ միայն ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, այլեւ քանակական ու որակական կազմը, որը որոշ չափով փոխվել է։
Այս նպատակով փորձենք միմյանց բաղդատել 2007-ի եւ 2012-ի ընտրությունների նախնական արդյունքները։
Եվ այսպես. 2007-ին համամասնական ընտրակարգով խորհրդարան էին անցել ՀՀԿ-ն (32, 89 տոկոս), ԲՀԿ-ն, (14,7), ՀՅԴ-ն (12,75), ՕԵԿ-ը (6,85), եւ «Ժառանգությունը»(5,82) նախնական ցուցանիշներով։
2012-ի ընտրությունների նախնական պատկերն այսպիսին է՝ ՀՀԿ (43,94), ԲՀԿ (30,13), Հայ ազգային կոնգրես (7,08), «Ժառանգություն» (5,77), ՀՅԴ (5,72), «Օրինաց երկիր» (5,48)։
Այսպիսով, թեեւ ուժերի ընդհանուր հարաբերակցությունը գրեթե չի փոխվել, այնուամենայնիվ մեկով ավելացել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի քանակական կազմը՝ ի դեմս կոնգրեսի, որն այլեւս «փողոցային ընդդիմություն» չէ։
Ինչ վերաբերում է ներկա խորհրդարանի որակական կազմին, ապա այն զգալի փոփոխության է ենթարկվել՝ ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանամետ ուժերի ինտելեկտուալ ընդհանուր մակարդակի որոշակի բարելավման միջոցով։ Օրինակ, իշխող Հանրապետականը խորհրդարանում ներկայացված է լինելու ոչ միայն իր կազմում նախկինում գերակշռող մեծահարուստներով, այլեւ բազմաթիվ երիտասարդներով, որոնք չեն ծուլանա խորհրդարանական աշխատանքներին մասնակցելու հարցում։
Դրական բարելավումներ են արձանագրվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների որակական ցուցանիշներում, քանզի, օրինակ, Վարդան Օսկանյանի կամ Հմայակ Հովհաննիսյանի ինտելեկտուալ կարողություններին ոչ ոք չի կասկածում (ինչպես էլ վերաբերվես այդ գործիչներին)։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու ՕԵԿ-ին, ապա այս երկու խմբակցությունները, թեեւ մասամբ են պահպանել իրենց նախկին կազմը, բայց նախորդ գումարման խորհրդարանում եւս խիստ ակտիվ էին ու գործունյա։ Ուստի կասկած չկա, որ այդ ավանդույթը շարունակելու են նաեւ ներկա Ազգային ժողովում։
Ազգային ժողովի համար էական ու շոշափելի կորուստ է ՀՅԴ խմբակցության թվակազմի զգալի կրճատումը, որի հետեւանքով ակտիվ եւ արդյունավետ գործունեությամբ աչքի ընկած մի շարք բարձրակարգ պատգամավորներ դուրս են մնացել խորհրդարանից։
Կարելի է արձանագրել, որ մայիսի 6-ին ընտրված խորհրդարանը ավելի բազմազան է ընդդիմության տարբեր ջոկատների ներկայացվածության առումով եւ որոշ չափով ավելի ինտելեկտուալ նախորդի համեմատ։ Ընդդիմությանը տրվելու է իր տեսակետների հիմնական նրբերանգներն արտահայտելու լիակատար հնարավորություն, սակայն որոշումների կայացման առումով իշխող քաղաքական ուժը պահպանելու է իր մենաշնորհը, որի վրա լուրջ ազդեցություն չի կարող գործել անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծաքանակ եւ ուժեղ խմբակցութան գոյությունը։
Հիմնական հարցականը նոր կառավարող կոալիցիայի ձեւավորման հնարավորության եւ նրա հավանական մասնակիցների հարցն է, քանզի ակնհայտ է, որ Հանրապետականը կարող է «յոլա գնալ» նաեւ առանց դրա։ Այստեղ է թաքնված առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական ինտրիգը, քանզի 2013-ի փետրվարին Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնցում գործող նախագահի թեկնածությանն անվերապահորեն սատարելու պատրաստակամություն են հայտնել առայժմ միայն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը»։
Հենց այստեղ է, որ կարող է ուրվագծվել նաեւ Ազգային ժողովի մեծամասնության ու փոքրամասնության հետագա հարաբերությունների ընթացքը եւ դրա հնարավոր անդրադարձը 2013 թվականի նախագահական ընտրությունների վրա, որոնք ընթանալու են սկզբունքորեն նոր իրավիճակում։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»