Մեդիամաքս: ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանը հերքել են համացանցում տարածված լուրերը Աբովյան 3 հասցեում տեղակայված «ԱՕՔՍ»-ի շենքը քանդելու մտադրության մասին:
Մեդիամաքս-ի թղթակիցն այսօր առավոտյան հանդիպել է Կարո Այվազյանին, այնուհետեւ` Սամվել Մայրապետյանին ու պարզաբանումներ ստացել կառուցապատման նախագծի եւ իրականացվող շինարարական աշխատանքների մասին:
Կարո Այվազյանն ասել է, որ Պուշկինի փողոցի 14 հասցեի հողամասը, որտեղ «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունը հյուրանոց է կառուցում, գտնվում է Երեւանի պատմական միջուկի պահպանված հատվածում (հարող տարածքում պահպանվել է 17-րդ դարում կառուցված Լալայանց փողոցի մի հատվածը, որը կառուցապատված է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբների պատմամշակութային հուշարձան-շենքերով):
Կարո Այվազյանը Մեդիամաքս-ին ասել է, որ այդ հանգամանքից ելնելով, կառուցապատողին առաջարկվել է հատկացված տարածքում իրականացնել Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգնումը եւ Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի միջեւ ստեղծել հետիոտն կապ` փողոցի կառուցվածքի վերին շերտի ծածկույթը իրականացնելով ավանդական ձեւով:
Կառուցապատողին առաջարկվել է նաեւ հյուրանոցային համալիրի ծավալում պահպանել Աբովյան փողոցի N 3 հուշարձան-շենքի մասը կազմող կցակառույցը:
Մեդիամաքս-ի հետ զրույցում Լոկալ Դիվելոփերզ»-ի նախագահ Սամվել Մայրապետյանն ասել է, որ այդ առաջարկներն ընկերության կողմից ընդունվել են: Նա տեղեկացրել է նաեւ, որ արդեն իսկ պատկառելի գումարներ են ներդրվել Աբովյան փողոցի N 3 ու 3/1 հուշարձան-շենքներում հիմքերի ու պատերի ուժեղացման աշխատանքների իրականացման համար:
«Շեշտում եմ, որ աշխատանքներն իրականացվում են ոչ թե «ԱՕՔՍ»-ի շենքում, այլ դրա ետնամասում գտնվող կցակառույցում», – ասել է Սամվել Մայրապետյանը: