Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրկային հոգեբանության կոալիցիան

Մայիս 08,2012 11:51

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները բացահայտեցին, որ Հայաստանի հասարակությունը տառապում է անհույս մազոխիզմով:

Չնայած ամիս առ ամիս աղքատանալուն, չնայած սոցիալ-տնտեսական աղետալի վիճակին, գների շարունակական բարձրացմանը, արտագաղթի տեմպերի հսկայական աճին, ժողովրդագրական լրջագույն անկմանը, արդարության դեֆիցիտին, այս ժողովուրդն իրեն նման վիճակի մեջ դրած իշխանության նկատմամբ լցված է ուղղակի անանձնական սիրով: Պլատոնական այնպիսի սեր, որով ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանության համար պատասխանատու ուժին` ՀՀԿ-ին առանձնակի նախանձախնդրությամբ փոխանցում է իրեն ևս 5 տարի ղեկավարելու իրավունքը:

Առավոտյան ժամը ութից քնաթաթախ մարդիկ սկսում են թակել դեռևս չբացված ընտրատեղամասերի դռները, հերթեր կանգնում դրանց առաջ և անտրտունջ քվեարկում անգամ անձնագրերում դրոշմակնիքների ցնդելու, այսինքն` օրենքի խախտումը հանդուրժելու, գուցե դրանից օգտվելու գնով: ՀՀԿ-ի նկատմամբ հավատով տոգորված մարդիկ մասսայաբար սկսեցին վաճառել իրենց քվեն` գուցե իսկապես համոզված լինելով, որ ոչ թե 5 հազար, այլ արդեն 20 հազար դրամ բաժանելը վերափոխվելու և իրենց կյանքը փոխելու հիրավի ամենաուղիղ ճանապարհն է:

Ինքնավաճառման ու սադոմազոխիստական այս սիրախաղերի մեջ ո’չ հանրությունը, ո’չ էլ այս տոնավաճառը սարքած իշխանությունը չնկատեցին, որ ՀՀԿ-ն այնքան ձայն է հավաքել, որ գրեթե 200 հազարով գերազանցել է նույնիսկ 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված և համաժողովրդական վստահության արժանացած «Միասնություն» դաշինքի ստացած քվեների չափը: Հետաքրքականն այն է, որ դրանից առաջ գրեթե բոլոր սոցհարցումների տվյալներով հանրությունը չէր վստահում ընտրական համակարգին: Բայց մի անհասկանալի պատճառով ընտրողների 62 տոկոսից ավելին, ահա, որոշում է մասնակցել ընտրություններին:

Ու քանի որ ըստ նախապես հրապարակված ընտրացուցակների` ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր մոտ  2 մլն 400 հազար մարդ, ստացվեց այնպես, որ այս ընտրություններին ավելի շատ մարդ մասնակցեց, քան նախորդ բոլոր համապետական ընտրություններին: Սա մի «գլուխկոտրուկ» է, որն առաջադրվել է ամբողջ քաղաքական դաշտին:

Ընտրացուցակները այս ընտրությունների աքիլլեսյան գարշապարը դարձան: Եվ չնայած դրան` ընտրարշավի ընթացքում քաղաքական ուժերի մեծ մասը ոչ թե կենտրոնացան դրանցում տվյալների ճշտման վրա, ինչը մանրազնին ու հետևողական աշխատանք էր պահանջում, այլ դրա փոխարեն նախապատվությունը տվեցին ներկուսակցական ինտրիգների ծավալմանը, ընտրախախտումների դեմ պայքարի միայն ֆորմալ կողմի ապահովմանը:

Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերից շատերը հանրային հանդիպումների ընթացքում բացահայտ կոչ էին անում մարդկանց` վերցնել բաժանվող ընտրակաշառքները, բայց քվեարկել խղճի մտոք: Ընտրակաշառքի բաժանման այն ծավաները, որոնք առկա էին հատկապես մարզերում, ցույց տվեցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ նման խորհուրդը: Նախկինում չէր եղել որևէ ընտրություն, որի ժամանակ փող բաժանողներն այսքան բացահայտ ու լկտի աշխատեին, վերցնողներն էլ այսքան ցինիկ ու պահանջկոտ գտնվեին:

Հեռավոր մարզերից եկող քվեարկության առաջին արդյունքները ցույց էին տալիս, թե ինչ ավերիչ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը: ՀՀԿ-ին տրված քվեների թիվն անցնում էր 60-65 տոկոսից: Դրանք սկսեցին նվազնել միայն Երևանում քվեարկության արդյունքներն աստիճանաբար հրապարակելուն, այսինքնՙ ընտրակաշառքների բաժանումը քիչ թե շատ ավելի վերահսկելի գոտի մտնելուն զուգընթաց:

Արդյունքում ՀՀԿ-ն գերակատարեց իր պլանը. ԿԸՀ-ն նրա համար ցույց տվեց այնպիսի արդյունք, որը բավարար է ոչ միայն խորհրդարանական, այլև անգամ նախագահական ընտրությունների համար: Խնդիրն այն է, որ նման ցուցանիշ ներկայացնելով` իշխանությունը փաստացի հասկացնում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը 2013-ին արդեն իսկ գրպանում դրված է: Բոլոր այլընտրանքային ուժերին, որոնք կարող էին մրցակից լինել, վերապահվել է «վստահության քվե» 5-7 տոկոսի սահմաններում, որը չի կարող նախագահական ընտրություններին մասնակցության հիմք դառնալ:

Հասարակության մի մասի տգիտությունը, վաճառվելու անամոթությունը և վերարտադրվող ուժերի անսահման իշխանատենչությունը ստեղծել են մի յուրօրինակ դաշինք, մի գորդյան հանգույց, որը ոչ միայն չափազանց դժվարացնում է այն քանդելը, այլև սպառնում է վերջնականապես իմաստազրկել ընտրական համակարգը: Սրանք ոչ թե զուտ իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստել, այլև մարտահրավերներ, որոնք չեզոքացնելու միջոցները չգտնելու պարագայում կարող ենք հայտնվել անելանելի փակ շղթայում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031