Այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններ գրանցեցին:
Առաջին առանձնահատկությունն այն է, որ համարյա ոչ մի ձայն չի կորչում եւ փոշիանում այս անգամ, քանի որ խորհրդարանից դուրս մնացող ուժերի հավաքած տոկոսը հազիվ 2 է: Իսկ մնացածը կարծես քարտեզով դրված-գծած լինի:
Երկրորդն այն է, որ պարզվեց, որքան էլ տարօրինակ է, ընտրողը, ընտրական տարիքի ժողովրդի մեծ մասն այնքան էլ դժգոհ չէ իր կյանքից, փաստորեն ու այն չի ուզում փոխել, այլապես իր քվեների մոտ 75 տոկոս չէր տա 10 տարի իշխանության ղեկի մոտ եղած կուսակցություններին (ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին 75 տոկոսից ավելի քվե ունեն): Ահա եւ ընտրողների մեծ մասը 5 տարի այլեւս իրավունք չի ունենալու նվնվալու կամ բողոքելու, թե մեր կյանքի որակը վատն է, որ սոցիալական իրավիճակն անտանելի է եւ այլն: Նրա ընտրությունը բոլորովին այլ բան է նշանակում, ուրեմն: Անկախ այն բանից, որ այլընտրանք չի տեսել, կամ այլ ուժերի հետ մեծ հաշվով հույս չի կապել: Այսինքն` մեր կյանքն ու ընտրողի ընտրությունն իրար չեն բռնում:
Նորից ու կրկին ակնհայտ դարձավ անընդհատ եւ ընտրությունից ընտրություն հայ իրականության մեջ ավելի ակնառու դարձող այն իրողությունը, որ որ հայ ընտրողը քաղաքական ընտրություն չի անում, այլ առաջնորդվում է բոլորովին ուրիշ իրողություններով: Այնպես որ բազմաբարդ այն ծրագրերը, որ քարոզչության ընթացքում մեր կուսակցությունները եւ նրանց ներկայացուցիչները լցնում էին ընտրողի ականջը, բոլորովին իզուր էին:
Կարդացեք նաև
Առավել իրատեսական, առավել գործուն կարգախոսներ են աշխատում այդպիսով, ավելի պարզ խոստումներն են ազդում, ու գաղափարական հեռանկարները մեր ժողովրդի գերակշիռ մասին անտարբեր են թողնում, որքան էլ ցավալի է դա ընդունելը: Ավելի գործուն եւ ազդեցիկ է խմբային շահը, օրվա կարիքը եւ այլն, եւ սա հայ ընտրողի դժբախտությունը կարելի է համարել:
Վերհիշելով ընտրական օրվա պատկերը` կարելի է նաեւ գծել ընտրությունների կոնկրետ առանձնահատկություններ:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԱԶԳ»