Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ուժերը

Մայիս 08,2012 11:30

Շատ-շաւո զայրացած եմ։ Ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ ընտրողների հանդեպ այն վերաբերմունքից, որ դրսեւորում են մի կողմից մեր քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ այն, իբր հեղափոխական, ինտելիգենտ վայ մտավորականները, ովքեր օրեր շարունակ «լռված» «Ֆեյսբուքում», մեղադրում են ժողովրդին՝ ծախվելու, սխալ կողմնորոշվելու, կամազուրկ լինելու, չպայքարելու եւ այլնի մեջ։ Ինչ պիտակ ասես չեն կպցնում ընտրողին՝ էլ ոչխար, էլ ծախու ստրուկ։ Հուսահատության ու արհամարհանքի ի՛նչ թատրոն են բեմադրում՝ բա մենք ու մեր երեխաները ո՞նց ապրենք այս ստրուկների երկրում, վերջ՝ կործանվեց այս երկիրը, «կողպեք դրեցինք այս երկրի վրա», ազգովի կարտագաղթենք ու այսպես շարունակ։ Ասել եմ ու էլի եմ ասում՝ այս երկրի ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ուժերը, իր իշխանությունն ու մտավորականությունը։ Նա կեղծ սեթեւեթանքների չի տրվում, բայց կեղծիքը մաշկով է զգում, սուրբ չի ձեւանում, բայց սուտ սրբերին անմիջապես ճանաչում է։ Եվ միշտ ընտրում է չարյաց փոքրագույնին։ Այն ուժին, ով վտանգների ու արհավիրքների միջով իրեն չի տանելու, չի խաբելու, հարմար պահի չի ծախվելու, չի դավաճանելու։ Նրան շատ ավելի հասկանալի են Գագիկ Ծառուկյանի պարզ ու կիսագրագետ խոսքը, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ոլոր-մոլոր դիվանագիտական կամ քաղաքագիտական վերլուծությունները։ Նա պատրաստ է ներել Արթուր Բաղդասարյանին ու հասկանալ նրա անվերապահ նվիրումը Սերժ Սարգսյանին, բայց Դաշնակցության «համ նալին, համ մեխին» քաղաքականությունը չի ընդունում։ Այս ամենն անշուշտ որոշակի համեմատությունների ու չափերի մեջ։ Նա պատրաստ է անգամ շանս տալ այս նոր ու խառնիճաղանճ դաշինքին՝ «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ», բայց տեր-պետրոսյանական խաղերը նրա համար անընդունելի են։

Այս ընտրություններում, ըստ իս, անակնկալներ չեղան, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է եւ բացատրելի։ Անշուշտ, ուռճացված են ՀՀԿ-ի ձայները, եւ դա բացատրվում է նաեւ այն խուճապով, որ տիրում էր իշխանական շրջանակներում, ինչպես ռուսն է ասում՝ «պերեստառալիս», բայց այն պատկերը, որ ունենք մայիսի 7-ին, լիովին կանխատեսելի էր։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031