Եթե փորձենք ամփոփել 2012-ի մայիսի 6-ի դասերը, ապա կստացվի.
1/ Ընտրախախտումների 90-ականներին բնորոշ եղանակները՝ լցոնումներ, թվանկարչություն, ծեծ ու ջարդ եւ այլն, անդարձ անցել են պատմության գիրկը։ Լրագրողները լավ կհիշեն, թե ինչքան վտանգավոր էր ընտրատեղամասում երկար մնալն ու կեղծիքների ականատես լինելը։ Ինչ ասես չէր կարող կատարվել ձայնագրիչը ձեռքին երիտասարդ լրագրողուհիների հետ՝ սեռական բնույթի հայհոյանքներ լսելուց մինչեւ ծեծվելն ու տեղամասից դուրս շպրտվելը։
2/ Ընտրախախտումները լատենտային՝ քողարկված բնույթ են կրում, որոնք իրականացվում են ոչ թե քվեարկության բուն օրը, այլ քվեարկությունից օրեր, անգամ շաբաթներ առաջ, ուստի եւ դրանք դժվար բացահայտվող են դարձել, եւ դրանց դեմ պայքարելն է բարդացել։
3/ Ընտրակաշառքի ու սպառնալիքների միջոցով արդյունքի հասնելն այլեւս մեր ընտրությունների անբաժանելի մասնիկն է դարձել, եւ քանի որ հասարակությունն արդեն վարժվել է դրան, այն արմատախիլ անելու համար լուրջ աշխատանք է հարկավոր տանել՝ դաստիարակչականից մինչեւ մշակութային քաղաքականություն։
Կարդացեք նաև
4/ Քանի դեռ մեր հասարակությունն աղքատ է եւ անգործ, ընտրակաշառքի ու ադմինիստրատիվ ռեսուրսի դեմ պայքարը եթե ոչ անիմաստ, ապա չափազանց բարդ է։ Մի տեսակ փակ շրջան է ստեղծվել՝ իշխանությանը ձեռնտու չէ անկախ, ինքնաբավ ու գրագետ հասարակություն ունենալը, իսկ քանի դեռ չունենք սոցիալապես ապահովված, աշխատող ու մտածող հասարակություն, չենք ունենա նորմալ ընտրություններ, ուստի եւ չեն ձեւավորվի հասարակությանը ծառայող եւ արդար ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանություններ։
Այնուամենայնիվ, ես տեսնում եմ առաջընթացը եւ հույսս չեմ կորցնում, որ գալու է այն օրը, որ ընտրությունների արդյունքներն իմ սրտով են լինելու։
«Հրապարակ»