Aravot.am-ն այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, հաղորդակցման բաժնի տնօրեն Նեյլ Սայմոնից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ եք արդյոք, որ քարոզչության ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ բախումներ կային եւ հաշվի առնելով, որ ընտրակաշառքների համար ձերբակալվել են հատկապես «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցները՝ մտահոգություն չունե՞ք, որ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվել եւ այս ճանապարհով ՀՀԿ-ն փորձում է ինչ-որ տեղ պատժել ԲՀԿ-ին՝ պատասխանեց. «Նրանք, ովքեր բողոքներ ունեն եւ արձանագրել են այդ խախտումները, պետք է որ պատշաճ ակնկալիքներ էլ ունենան»:
Ըստ նրա` պետական մարմինները պետք է կատարեն իրենց գործառույթները եւ կիրառեն օրենքը՝ առանց խտրականության եւ հաշվի չառնելով կուսակցական պատկանելությունը. «Օրենքի գործադրումն ընտրովի, ըստ հայեցողության չպետք է լինի: Այդ դեպքում, երբ ոչ պատշաճ մոտեցում կլինի համապատասխան իրավապահ մարմինների կողմից, ավելի բացասական ազդեցություն կունենա մեր գնահատականների ու դիտարկումների վրա»:
Նշենք, որ այսօր միջազգային դիտորդները մեր խորհրդարանական ընտրությունների մասին իրենց գնահատականը տալիս նույնպես ասացին, որ իրենք նկատել են որ շատ դեպքերում հանձնաժողովի նախագահը չէր արձանագրում խախտումները, որ անհավասար էր դաշտը քաղաքական ուժերի համար: Դիտորդները տեղեկացել էին, որ ընտրակաշառքների համար ձերբակալություններ են եղել եւ իրենք հետեւելու են, թե ինչպես պատժվեցին նրանք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև