Բացասականն այս ընտրություններում՝ էլի ընտրակաշառք, էլի վարչական լծակներ, էլի ճնշումներ:
Համեմատաբար դրականն այս ընտրություններում՝ հատուկենտ էին լցոնումները, «կառուսելները», ծեծուջարդը, լրագրողների գործունեության խոչընդոտումները:
Բայց մի երեւույթ ինձ համար առանց որեւէ վերապահման է դրական: Ընտրողները կարծես թե չեն ներում, այսպես ասենք, ոչ բավարար սկզբունքայնությունը: Նրանք մի քանի անգամ՝ անկախ վարչական լծակներից ու ընտրակաշառքներից, ընտրել էին անկախ, ընդդիմադիր մի թեկնածուի, որն ի դեպ՝ հետո բավական արդյունավետ օրենսդիր գործունեություն էր ծավալում: Բայց այս անգամ ընտրությունից առաջ նա փոխեց ճամբարը եւ ստացավ գնահատականը՝ քվեների տեսքով:
Երկրորդ օրինակը: Նախորդող ընթացքում իշխանական այլ ուժերից մի կուսակցության չձերբազատելով ու դրա ղեկավարի մականունով անգամ կարգախոս ձեւավորելով՝ մի ուժի ներկայացուցիչները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընտրությունից առաջ հանկարծ մոռացան նույնիսկ այդ մականունը: Սա ուղղակի պատմական տեսանյութ է:
Կարդացեք նաև
Եվ անգամ այդ քաղաքական ուժի որոշ կողմնակիցներ էին թեթեւ շոկ ապրել՝ դիտելով իրենց առաջնորդի ասուլիսը, ինչպես իրենք էին ձեւակերպում՝ մարտի 1-ի պատասխանատուներից մեկի հետ:
Ինչեւէ, նախորդ ընտրություններում հակառակ ընտրակաշառքներին, ճնշումներին ու վարչական լծակներին ձայներ ստացած ու հսկայական մարդկային կապիտալ արձանագրած քաղաքական միավորումը հիմա հազիվհազ հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը: Տեսնես այս փաստը որեւէ եզրակացության տեղիք կտա՞ այս միավորման գործիչներին, թե՞ ամեն ինչ բացատրելու են միայն իրենց գործունեության հետ որեւէ կապ չունեցող դրդապատճառներով: