Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական, բայց ամփոփ արդյունքներն ու հրապարակել է նոր գումարման խորհրդարան անցած ուժերի ցանկն ըստ՝ նրանց ստացած քվեների համամասնության, ու թեեւ բացի իշխող ՀՀԿ-ից մյուս բոլոր ուժերը, մեղմ ասած, վերապահումով են վերաբերում այդ արդյունքներին, այդուհանդերձ, նրանք բոլորն էլ այսօր ձեռնպահ են մնում ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություն անելուց:
Aravot.am-ի՝ ընտրությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ՀՅԴ ԳՄ անդամ եւ այդ կուսակցության նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե Դաշնակցության Գերագույն մարմինը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Նա տեղեկացրեց նաեւ, որ միջկուսակցական միասնական շտաբում, որտեղ միավորվել էին Դաշնակցությունը, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, այսօր նիստ գումարելու որեւէ պայմանավորվածություն չկա:
«Ժառանգությունը», որտեղ եւս դժգոհություններ կան ընտրության արդյունքների վերաբերյալ , ընտրությունները կգնահատեն միայն վաղը: Այդ մասին մեզ փոխանցեց կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ