Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, նախագահական ընտրությունները գուցե անակնկալներով լինեն, քանի որ կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը

Մայիս 07,2012 17:57

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս անգամ խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ էին այնքանով, որ ցանցային ակտիվիզմը լուրջ դեր կատարեց: Aravot.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց՝ օրինակ, 2008 թվին եւս ցանցը դերակատար էր, սակայն նեղ շրջանակներում, մինչդեռ այժմ շատ ավելի լայն էր, դրա համար էլ քաղաքական ուժերը մաքսիմալ օգտագործեցին ցանցի հնարավորությունները: Անդրադառնալով, թե կոնկրետ որ կուսակցությունն ինչպես աշխատեց սոցցանցերում մինչ ընտրությունները՝ Մարտիրոսյանը նշեց, որ կիրառվեցին PR տեխնոլոգիաներ, օրինակ՝ գրանցվեցին կեղծ օգտատերեր ու փորձեցին «խաղեր տալ». «Օրինակ՝ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ունենալով մեծ քանակի երիտասարդներ, փորձում էին վարել բաց քարոզչություն, ինչն էլ բավականին զանգվածային տարածում էր ստացել: Եթե գնահատելու լինենք նրանց վարած քարոզչությունը, ապա գնահատականը 3-4-ի մոտ էր: «Ժառանգությունը» հիմնականում ուներ աջակիցներ՝ կուսակցությունից դուրս, այսինքն՝ ուղղակի քաղաքացիներ, իսկ կոնկրետ կուսակցության մեջ կային մի քանի վառ անհատականություններ, եւ կոնկրետ դեմքերն էին աշխատում: ՀՅԴ-ն աշխատում էր ավանդական տարբերակով՝տեսանյութեր, ելույթներ Youtube-ում դնելով: ՕԵԿ-ը ոչինչ չէր անում: Կոմկուսը, Դեմկուսը ընդհանրապես չկային: Իսկ ընդհանուր առմամբ մեծ քանակի վատ տեխնոլոգիաներ էին օգտագործում, այն, ինչ ընդունված է աշխարհում, օրինակ՝ միմյանց մասին կեղտոտ նկարներ տարածելու տեսքով»:

Մարտիրոսյանը Վարդան Օսկանյանին փուչիկներ նվիրող երիտասարդների քայլի մասին հետեւյալ կարծիքի է. «ՀՀԿ եւ ԲՀԿ պայքարը շատ յուրահատուկ էր: Նրանք հիմնականում միմյանց դեմ բացահայտ չէին գործում, իսկ վերջում՝ ընդհարումը գնաց գերկոշտ եղանակով, նրանք իրար դեմ ելան եւ համարժեք բաներ արեցին: Այսինքն՝ Օսկանյանը փուչիկների պահն անմիջապես բռնացրեց, որպեսզի «ալիք գցի» Facebook-ում ու ստացավ այն, ինչ պետք է ակնկալեր: Կողմերը գնացին իրար համարժեք, կոշտ հարվածների, իսկ դա առաջին անգամը չէր»:

Հարցին՝ Facebook-ցիներին ավելի շատ ընտրությունների ընթա՞ցքն էր հետաքրքրում, թե՞ ավարտը՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Վերջին մեկ ամսում Facebook-ի այցելուների թիվն ընկավ: Չնայած այսպիսի պահերին միշտ հակառակն է լինում, այցելությունների թիվն աճում է, բայց մարդիկ հոգնեցին, որովհետեւ ամբողջ Facebook-ը քաղաքականացված վիճակների մեջ էր: Չնայած կային նաեւ այնպիսիք, որոնք հետաքրքրված էին, ազարտի մեջ, բայց, ընդհանուր առմամբ՝ ցանցային պատերազմը, 2007-2008 թվականների հետ համեմատ, շատ ավելի նեղ էր, փոքր ու ագրեսիվ»:

Ասել, թե խորհրդարանական ընտրություններն արտացոլեցին քաղաքական ուժերի շանսերը նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ Սամվել Մարտիրոսյանի, այդպես չէ, քանի որ նախագահականը կարող է մի քանի ձեւաչափով ընթանալ, որովհետեւ գոյություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը. «Այսինքն՝ կգա նա, թե չէ, դեռ պարզ չէ: Եթե գա, ուրիշ բան է ստացվում, եթե չգա՝ լրիվ այլ տարբերակ է: Նախագահական ընտրությունները գուցե անակնկալներով լինեն, կամ ոչինչ էլ չլինի, ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին. չնայած՝ օրինակ 2007 թվականին էլ ոչ մեկը չէր մտածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031