Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Ճիշտ կլիներ՝ Օսկանյանը գնար հիվանդանոցներ»

Մայիս 07,2012 17:08

Ինչո՞վ էին տարբերվում այս խորհրդարանական ընտրությունները նախորդներից, ու ինչպիսին էր քաղաքական ակտիվությունը համացանցում, Aravot.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասաց. «Այս խորհրդարանական ընտրությունները նախորդից տարբերվում էր նրանով, որ, օրինակ, 4-5 տարի առաջ այդքան էլ զարգացած չէր ցանցայինը, այս անգամ սոցիալական ցանցերի բում կարելի էր նկատել եւ տեսնել բազմաթիվ հարթակներ, շատ մարդ, լիքը կուսակցականներ, թե որպես անհատներ եւ թե կուսակիցներ շատ ակտիվ ներգրավված էին Facebook-ում»:

Քոչարյանի ձեւակերպմամբ՝ համացանցային բանավեճային կուլտուրան կամ մարդկանց համոզելն՝ ընտրել այս կամ այն կուսակցությանը, բավականին ցածր մակարդակի վրա էր: Իսկ թե ո՞ր ուժերի ներկայացուցիչներն էին ավելի ակտիվ, պասիվ, գրագետ կամ անհաջող աշխատում, հակաքարոզչություն անում ցանցերում՝ մեր զրուցակիցն ասաց.«Ամենաակտիվը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» էին, բայց վերջին երկուսը հիմնականում եղել են անհատներով ներկայացած, իսկ, օրինակ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նաեւ կուսակցության տեսքով էին ներկայանում: ՕԵԿ-ին չեմ նկատել ընդհանրապես, ՀՅԴ-ն առանձին պատգամավորների տեսքով էր ներկա: Բավականին կոռեկտ եղել են ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», մնացածը շատ հաճախ անցնում էին քաղաքակրթության շրջանակները»:

Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններն արտացոլեցի՞ն քաղաքական ուժերի շանսերը նախագահական ընտրությունների ժամանակ, Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ մարդիկ կարող են մոտավորապես կանխագուշակել, թե ինչ նախնական կապիտալով կարող են մտնել ընտրություններ: Տեսնել կոնկրետ այս արդյունքներով, թե քաղաքական գործիչները ինչքա՞ն ձայն կհավաքեն նախագահական ընտրությունների ժամանակ, դեռեւս շուտ է, որովհետեւ մարդիկ, որոնք քվեարկել են որեւէ կուսակցության օգտին, պարտադիր չէ, որ նախագահականին էլ քվեարկեն նույն կուսակցության առաջնորդի օգտին»:

Մեկնաբանելով Facebook-ում տարածված տեսանյութը, որտեղ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի քարոզարշավի միջոցառման ժամանակ առաջացած պայթյունից տուժած երեխաները քվեարկության օրը փուչիկներով դիմավորում են Վարդան Օսկանյանին՝ Քոչարյանն ասաց. «Շատ նորմալ եմ գնահատում այդ քայլը, որովհետեւ երեխաներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել: Կոնկրետ ես շատ բացասաբար եմ վերաբերվում Օսկանյանի Facebook-ում գրածին, դրա փոխարեն ճիշտ կլիներ նա վեր կենար գնար հիվանդանոցներ, տեսնելու, թե ինչ վիճակ է այնտեղ տիրում: Իսկ փուչիկ նվիրելը այդ երեխաների գործն է, ու մեզ մոտ հասարակությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ու վերաբերմունքը հայտնել այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Ինձ համար որպես երեւույթ դա նորմալ էր: Իսկ թե ինչքանով էր դա սիրուն կամ տգեղ, առանձին հարց է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031