Այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպմանը հարցին՝ Ձեր արձանագրած խախտումներն ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր Դե Դոնեան պատասխանեց. «Երկու տիպի խախտումներ կային՝ նրանք, որոնք հերթեր էին առաջացնում, անկազմակերպության բերումով, նման խնդիրներ որոշ դեպքերում տեսել ենք, բայց անշուշտ դա չի հանգեցնում ընտրությունների արդյունքի փոփոխությանը, քանի որ հերթերը կամ քաոսային իրավիճակը տեղամասերում մարդկանց հետ չեն պահում քվեարկելուց, նրանք չէին հիասթափվում ու գնում տուն: Ուստի համարում եմ, որ երեկ մեր նկատած մի շարք նման խախտումները ենթակա են շտկման, բայց էական չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մեզանից ոմանք ականատես են եղել ընտրողների վրա ճնշումների, բայց բավական սահմանափակ դեպքերի: Մյուս տիպի խախտումները նրանք են, որոնք կարող են փոփոխել արդար մրցակցությունը: Օրինակ, եթե մի կազմակերպության ղեկավարը մի տեղ 500 հատ տրակտոր է բաժանում, ապա քիչ հավանական է, որ դա որոշ տեղերում իր ազդեցությունը չթողնի: Իսկ արդյոք նման երեւույթը հիմնովին կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքների վրա, սա մի հարց է, որ թողնում եմ ԿԸՀ-ի հայեցողությանը: Մի կուսակցություն, որ դպրոցներն օգտագործում է իր ընտրարշավը կազմակերպելու համար, էլ չեմ ասում ուսուցիչների օգտագործումը: Սրանք փաստեր են, որոնց իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն` ընտրությունների օրինականացման համար: Իմ երկրում նման երեւույթները լուրջ քննության առարկա կհանդիսանային»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ