Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դիտորդների նախնական եզրակացության ամբողջական տեքստը

Մայիս 07,2012 16:05

ԵԱՀԿ կայքում հրապարակվել է Միջազգային դիտորդական առաքելության ամբողջական հայտարարությունը մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների նախնական հանգամանքների եւ եզրակացությունների վերաբերյալ:

Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրասիսկո-Խավիեր դե Դոննեան (Բելգիա) ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի կողմից նշանակվել է որպես հատուկ համակարգող՝ կարճաժամկետ դիտորդների առաքելությունը համակարգելու նպատակով: Վինթերբորնի (Միացյալ Թագավորություն) Բարոնուհի Նիքոլսոնը ղեկավարում է ԵԽԽՎ պատվիրակությունը և Կշիշտոֆ Լիսեկը (Լեհաստան) ղեկավարում է ԵԽ պատվիրակությունը: Ռադմիլա Շեկերինսկան (Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն) ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարն է, ժամանել է 2012թ. մարտի 22-ին:

Գնահատումն իրականացվել է՝ որոշելու, ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվել է ամբողջ գործընթացի ավարտից առաջ: Ընտրությունների վերջնական գնահատականը, մասամբ, կպայմանավորվի ընտրական գործընթացի մնացած փուլերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունքների ամփոփմամբ և հետընտրական հնարավոր դիմումների և բողոքների լուծմամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի ամբողջական վերջնական իր զեկույցը, ներառյալ հնարավոր բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, ընտրական գործընթացների ավարտից հետո մոտ ութ շաբաթ անց: ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույզը կներկայացնի 2012թ. հուլիսի 5-9-ը կայանալիք իր տարեկան նիստում: ԵԽԽՎ-ն կներկայացնի իր զեկույցը մայիսի 25-ին Տիրանայում իր մշտական հանձնաժողովի նիստում: ԵԽ-ն իր զեկույցը կներկայացնի Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի հաջորդ ժողովի ժամանակ:

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունում 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ: Միևնույն ժամանակ, քարոզչության վերաբերյալ դրույթների խախտման հետևանքով անհավասար մրցակցային դաշտը, ընտրողների վրա ճնշման դեպքերը և դիմումների ու բողոքների քննության գործընթացներում թերությունները մտահոգությունների տեղիք են տվել: Ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո և մինչև քվեարկության օրը կազմակերպված են եղել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ եղանակով: Քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ և խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական բնույթի խնդիրներով և գործընթացին՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտություններով: Հավաքների, խոսքի և տեղաշարժվելու ազատությունները հիմնականում հարգվել են և թեկնածուները, հիմնականում, հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել:

Կուսակցությունների և հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունը ընտրական գրոծընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է, թեպետ բոլոր շահագրգիռ կողմերը ընդգծել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը:

Ընտրություններն անցկացվել են 2011թ. ընդունված նոր Ընտրական օրենսգրքով: Անկախ որոշ թերություններից, Օրենսգիրքն ընդհանուր առմամբ կայուն իրավական դաշտ է ապահովում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

Ընդհանուր առմամբ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են պրոֆեսիոնալ և  արդյունավետ կերպով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) հիմնականում աշխատել են բաց և թափանցիկ եղանակով, և օրենքով սահմանված բոլոր վերջնաժամկետները պահպանվել են: Բայց և այնպես, այն եղանակը, որով ԿԸՀ-ն անդրադարձել է բողոքներին, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից մշտադիտարկված լրատվամիջոցներն իրականացրել են հիմնական քաղաքական մասնակիցների լայնածավալ լուսաբանում՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց ձայնն ընտրողներին հասանելի դարձնել: Հանրային հեռարձակողը կուսակցություններին տրամադրել է անվճար և վճարովի եթերաժամանակ Ընտրական օրենսգրքի համաձայն: Սա թերևս բարելավում կարող է համարվել՝ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չի արձանագրել

Օրենսգրքում լրատվամիջոցներին առնչվող դրույթների որևէ խախտում: Թեկնածուների գրանցման ընթացակարգն ընդհանուր առմամբ ամբողջական է եղել, թեպետ, քաղաքացիության և մշտական բնակության հինգ տարվա պահանջը չի համապատասխանում ԵԱՀԿ պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Համամասնական ցուցակների գրանցման ժամանակ գենդերային պահանջները պահպանվել են, սակայն այս քվոտան պահպանելու մեխանիզմ առկա չէր, կին թեկնածուներ իրնքնաբացարկ հայտնելու դեպքերում:

Ընտրողների ցուցակների ճշտությունը և ընտրակեղծիքների համար դրանց հավանական չարաշահման հնարավորությունը, որպես մտահոգություն բարձրացվել է մեծ թվով թեկնածուների կողմից՝ ավելացվելով ընտրական գործընթացների նկատմամբ ընդհանուր թերահավատությունը: Մինչ ընտրության օրը ընտրողների ցուցակները հասանելի են եղել հասարակության կողմից ստուգման համար, իսկ իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել դրանց որակը և ճշտությունը վերանայելու և բարելավելու համար: Չնայած ընտրողների գրանցմանն ուղղված բարեփոխված օրենսդրությանը, ընտրողների ցուցակների ճշտության վրա բացասաբար է ազդել տարբեր հաստատությունների միջև տվյալների փոխանակման ոչ բավարար կարգավորվածությունը:

Ընտրական օրենսգրքի քարոզչությանն առնչվող դրույթները երբեմն խախտվել են, մեծամասամբ տեղական իշխանությունների և որոշ կուսակցությունների կողմից: Սա ներառում է դասերի ժամանակ քարոզչական միջոցառումներին ուսուցիչների ներգրավվածությունը, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների կողմից մարդկանց և համայնքներին նվերներ տալը, և քարոզչական նյութեր փակցնելը դպրոցների և համայնքային նշանակության շենքերին: Դիտարկված այդ դեպքերը նպաստել են ընտրությունների մասնակիցների համար անհավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, և ընտրողների վրա ճնշումների դեպքերի հետ միասին հակասում են ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությանը: Սա ընդգծում է բոլոր շահագրգիռների կողմից նոր Ընտրական օրենսգրքի արդար և պատշաճ կիրառման անհրաժեշտությունը: Նոր Ընտրական օրենսգիրքը խստացրել է քարոզարշավի ֆինանսավորման կանոնները: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության սահմանափակ անկախությունը և քարոզարշավին ուղղված ծախսերի նեղ իրավական սահմանումը դեռևս պետք է հասցեագրել:

Դիմումների և բողոքների համար իրավական դաշտը և այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները և դատարանները քննել են ընտրական վեճերը, հաճախ թողել են շահագրգիռ անձանց առանց իրենց բողոքների արդյունավետ քննության՝ հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին: Ընտրական օրենսգիրքը խստորեն սահմանափակում է բողոք ներկայացնելու իրավունքը, և ընտրական իրավունքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել վերադաս դատարան: ԿԸՀ-ն գրանցել է 54 տեղական ՀԿ-ներ, ավելի քան 27,000 դիտորդներով, ընտրությունները դիտարկելու համար: Ընտրությունների մասնակիցները նշանակել են մեծ թվով վստահված անձանց:

Քվեարկության օրը, ընդհանուր առմամբ, հանգիստ և խաղաղ էր: ԿԸՀ-ն հայտարարել է քվեարկության նախնական արդյունքների 62 տոկոսը: Դիտարկված ընտրական տեղամասերից զգալի մեծ մասում քվեարկության գործընթացը կանոնակարգված և լավ կազմակերպված է եղել: Սակայն, կազմակերպչական խնդիրներ, գործընթացի անհարկի միջամտության և լուրջ խախտումների դեպքեր են դիտարկվել բավական մեծ թվով ընտրական տեղամասերում: Բազմակի քվեարկությունից խուսափելու համար նախատեսված թանաքը նախատեսված արդյուքը չի ունեցել: Դիտարկված ընտրական տեղամասերից մեկ հինգերորդում ձայների հաշվարկը բացասական է գնահատվել՝ ընթացակարգային խնդիրների և առանձին լուրջ խախտումների հետևանքով: Չնայած նկատված ոչ համապատասխան տարածքների և մարդկային կուտակումների, արդյունքների ամփոփման գործընթացը դրական է գնահատվել գերթե բոլոր ԸԸՀ-ներում:

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

 Նախապատմություն

2012 թվականի փետրվարի 23-ին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել են 2012 թվականի մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները: Ազգային Ժողովի նախորդ ընտրությունները կայացել էին 2007 թվականին, երբ Նախագահ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), համապատասխանաբար 63 և 22  պատգամավորական մանդատներով, հանդես եկան որպես իշխող ուժ: Այս երկու կուսակցությունները, Օրինաց երկիր կուսակցության (ՕԵԿ) հետ միասին, ձևավորեցին կառավարությունը: Խորհրդարանական այլ կուսակցություններն են Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և Ժառանգությունը: Հայ ազգային կոնգրեսը, կոալիցիա, որը ղեկավարում է նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,  արտախորհրդարանական հիմնական ուժն է:

Իրավական Դաշտ և Ընտրական Համակարգ

Սահմանադրությունը երաշխավորում է ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այնուամենայնիվ, թեկնածուների համար հինգ տարվա քաղաքացիության և մշտական բնակության պահանջը և անկախ կատարած հանցագործության ծանրությունից բոլոր դատապարտյալներին ընտրելու իրավունքից զրկելը նվազեցնում են ընտրության բացարձակ իրավունքի երաշխիքն ու որպես թեկնածու առաջադրվելու իրավունքները և չեն  համապատասխանում միջազգային չափանիշներին:

Նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 2012թ. մայիսին: Թեպետ Ընտրական օրենսգիրքն ընդունվել էր ընտրություններից բավական առաջ, բավարար ժամանակ տրամադրելով ծանոթանալու համար, ինչ որ առումով առկա էր իրազեկման պակաս և շահագրգիռ մարմինների կողմից նոր կարգավորումների սխալ մեկնաբանություն: Ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգիրքը սահմանում է կայուն դաշտ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Այնուամենայնիվ, դրա արդար և պատշաճ կիրառումը բոլոր շահագրգիռների կողմից նույնքան կարևոր է, ինչքան ինքը օրենքը: Օրենսգիրքը ներկայացնում է մի շարք կարևոր բարեփոխումներ, որոնցից որոշները հիմնված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) նախկին հանձնարարականների վրա: Այնուամենայնիվ, մնացել են մի շարք էական թերություններ: Մինչև Օրենսգրքի ընդունումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ընդունել էր մի շարք լիացուցիչ կարգավորումներ:

Ոլորտին առնչվող այլ օրենքներից են ՀՀ օրենքը «Կուսակցությունների մասին» (2002) և «Հավաքների ազատության մասին» նոր ՀՀ օրենքը (2011): «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը և Քրեական օրենսգիրքը փոփոխվել են 2011-ին՝ ավելացնելով հանցագործությունների համար սահմանվող պատժաչափերը, ինչպես նաև սահմանելով նոր հանցագործություններ: Թեպետ  զրպարտությունը և կեխծ լուրեր տարածելը 2010թ.-ին ապաքրեականացվել են, զրպարտիչ բնույթի քարոզչական նյութեր տարածելը մնացել է քրեական հանցագործություն: Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են, զուգահեռ խառը ընտրական համակարգով: 131 պատգամավորներից 90-ը ընտրվում են համամասնական ընտրակարգով՝ մեկ համապետական ընտրատարածքից: Պատգամավորական մանդատ ստանալու համար կուսակցությունները պետք է ստանան վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը: Դաշինքները պետք է ստանան առնվազն յոթ տոկոս: Մնացած պատգամավորներն ընտրվում են 41 ընտրատարածքներից՝ յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:

Ընտրական Գործընթացների Կազմակերպում

Ընտրական գործընթացները կազմակերպվել են պրոֆեսիոնալ և պատշաճ կարգով՝ ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգով: Այն ներառում է ԿԸՀ-ն, 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) մեկական յուրաքանչյուր ընտրատարածքի համար և 1,982 տեղամասային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ): Բոլոր ընտրական հանձնաժողովները բախկացած են 7 անդամից: Կուսակցությունները, և գրանցված մեկ դաշինքը և թեկնածուները կարող են նշանակել վստահված անձանց: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ն և ԸԸՀ-ներն այլևս չեն նշանակվում

կուսակցությունների առաջադրմամբ: ՏԸՀ-ները ժամանակավոր գործող մարմիններ են և ձևավորվել են նախքան ապրիլի 11-ը: ՏԸՀ երկու անդամ նշանակվել են համապատասխան ԸԸՀ-ի կողմից, իսկ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցություն նշանակել է մնացած ՏԸՀ հինգ անդամներից մեկին: Նշանակման գործընթացում այն պահանջը, որ ԿԸՀ և յուրաքանչյուր ԸԸՀ առնվազն երկու անդամը ոչ

բավարար ներկայացչություն ունեցող սեռի են, պահպանվել է: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց վստահությունը ընտրությունների կազմակերպման տեղական մակարդակի նկատմամբ, քանի որ նրանք կարող էին ՏԸՀ անդամներ առաջադրել: ՀԱԿ- ը, որը որպես խորհրդարանից դուրս ուժ չունի ՏԸՀ անդամներ, արտահայտել է իր անվստահությունը:

Մինչև քվեարկության օրը գործընթացը կազմակերպվել է հիմնականում պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով:Կ ԸՀ-ն և ԸԸՀ-ներն աշխատել են բաց և թափանցիկ եղանակով՝ տեղեկատվություն տրամադրելով և իրենց նիստերին մուտք ապահովելով վստահված անձանց, դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Բոլոր իրավական ժամկետները պահպանվել են: ԿԸՀ և ԸԸՀ որոշումներն ընդունվել են սահմանափակ բաց քննարկումների միջոցով, որոշակիորեն նվազեցնլով դրանց թափանցիկությունը: ԿԸՀ-ն բավարար մանրամասնությամբ պարզաբանել է ընթացակարգային ամենակարևոր հատվածները և ընդունված որոշումները ընտրությունների օրվանից բավական առաջ տեղադրել իր կայքում:

Ընտրատարածքների ձևավորման ընթացքում ԿԸՀ-ն հետևել է օրենքի պահանջին, համաձայն որի մարզում կազմավորված ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընտրողների թիվը չպետք է ավելի քան 10 տոկոսով շեղվի մարզի ընտրատարածքի միջին չափից: Նոր դրույթը (Ընտրական օրենսգրքի հոդված 17.2) սահմանում է, որ ընտրատարածքի սահմանները չպետք է հատեն մարզային սահմանները: Արդյունքում, երկու մարզերում ընտրատարածքների ընտրողների թվաքանակը զգալիորեն տարբերվում է ընտրողների միջին թվաքանակից, ինչը որոշ առումով ազդում է ընտրության հավասարության վրա:

ԿԸՀ-ն հեռուստատեսությամբ ընտրողների իրազեկում է իրականցրել, ինչպես նաև թողարկել է պաստառներ և թռուցիկներ՝ կենտրոնանալով քվեարկության ընթացակարգերի վրա: Այն ամբողջ երկրում կազմակերպել է վերապատրաստումներ ԸԸՀ և ՏԸՀ անդամների մեծ մասի համար. ՏԸՀ  երապատրաստումներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների կողմից:

Ընտրողների Գրանցումը

ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչությունը (ԱՎՎ) պատասխանատու է ըտրողների համազգային էլեկտրոնային ռեգիստրի մշտական պահպանման համար, որը հիմնված է բնակչության պետական ռեգիստրի վրա և պարբերաբար թարմացվում է: Օրենքով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակները կազմվել են ընտրողների ռեգիստրից ըստ ընտրական տեղամասերի և փակցվել են ընտրական տեղամասերում և տեղադրվել են ԱՎՎ կայքում՝ առաջին անգամ ներբեռնման հնարավորությամբ: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրության օրը ընտրողների գրանցում, ինչը հակասում է ընդունված փորձին: Պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակությունը բավարար կարգավորված չի եղել: Մտահոգիչ է մնում ընտրություններից երկու օր առաջ, ինչպես նաև ընտրության օրը, ընտրացուցակներում բազմաթիվ մուտքագրումների  հնարավորությունը: ԱՎՎ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ Ոստիկանությունը ջանքեր է գործադրել ընտրողների ռեգիստրից մահացած քաղաքացիների տվյալները հանելու ուղղությամբ, մինչդեռ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը ժամանակին և պատշաճ ձևով չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այդ իսկ պատճառով, մահացած հայտարարված ընտրողները ռեգիստրից հանվել են բարեկամների կամ հարևանների գրավոր հայտարարությունների հիման վրա:

Ապրիլի 28-ին մի խումբ պատգամավորներ վիճարկել են Ընտրական օրենսգրքի այն դրույթների սահմանադրականությունը, որն արգելում է ընտրություններից հետո ընտրողների կողմից ստորագրած ընտրողների ցուցակների հասանելիությունը: Մայիսի 5-ին Սահմանադրական դատարանը հաստատել է դրույթների սահմանադրականությունը և պարզաբանել, որ դրանք չեն բացառում ցուցակների հասանելիությունը՝ անձանց ընտրական իրավունքների պաշտպանության համար: Ընտրություններից առաջ, կուսակցությունների մեծ մասը, ի հավելումն ընտրական գործընթացների հանդեպ անվստահությանը, մտահոգություն են արտահայտել ընտրողների ռեգիստրի որակի վերաբերյալ: Նրանք պնդել են, որ ռեգիստրում առկա թերությունները, ինպես օրինակ, ուրճացված թվերը, մահացած անձանց առկայությունը և միևնույն հասցեում մեծ թվով անձանց գրանցումը, կարող է շահարկվել ընտրությունների օրը: Նրանք նաև մտահոգություն են արտահայտել արտերկրում ապրողների և 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մոտ 157,000 գրանցված ընտրողների թվի աճի վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները հաստատել են վեց դեպք, երբ քանդված, կամ 1987թ-ի երկրաշարժից վնասված շենքերում դեռևս գրանցված ընտրողների առկայություն: Ընտրացուցակների ճշտությունը և որակը բարելավելու նպատակով՝ Ոստիկանությունը, տեղական իշխանությունների, կուսակցությունների և տեղական դիտորդների հետ համագործակցությամբ, ձեռնարկել է բազմաթիվ միջոցներ: Ոստիկանությունն իրականցրել է անմիջապես տներում ստուգումներ, ստեղծել է «թեժ գիծ» և ԿԸՀ-ի հետ համատեղ, լրատվամիջոցներով իրականացրել է ընտրողների համար

տեղեկատվական արշավ: Ընտրության օրից առաջ գրանցված են եղել 2,484,003 ընտրողներ: Ի պատասխան, շահագրգիռ կողմերի՝ մեծ թվով նոր անձնագրեր թողարկված լինելու մտահոգության վերաբերյալ, ԱՎՎ-ն նշել է, որ 2011-2012 թվականների ընթացքում նոր թողարկված անձնագրերի թվի աճը հիմնականում պայմանավորված է եղել նախկին անձնագրերի փոխարինումով:

Թեկնածուների Գրանցում

Թեկնածուների գրանցման գործընթացը համապարփակ է եղել: Ընտրությունների համամասնական ընտրակարգով բաղադրիչի համար ԿԸՀ-ն գրանցել է բոլոր 9  կուսակցությունների ցուցակները ներկայացված 8 կուսակցությունների և 1կուսակցությունների դաշինքի կողմից, որը կազմում է 1,016 թեկնածու: Սա ընտրողներին տրամադրել է ընտրության լայն հնարավորություն: ԸԸՀ-ները գրանցել են 155 թեկնածուներ 41 ընտրատարածքներում, որոնցից 89 առաջադրվել են 13 կուսակցությունների կողմից և 66 ինքնաառաջադրմամբ: Երկու ինքնառաջադրված թեկնածուների գրանցումը մերժվել է: Մեծամասնական ընտրակարգի առումով, այլընտրանքը երբեմն սահմանափակվել է՝ թվով ինն ընտրատարածքներում միայն մեկ կամ երկու թեկնածուի գրանցմամբ: Գրանցումից հետո 12 թեկնածու համամասնական ցուցակից և մեծամասնական ընտրակարգով առաջադրված 18 թեկնածու ինքնաբացարկ են հայտնել: Թիվ 21 ընտրատարածքում ինքնաառաջադրված ապրիլի 6-ին ծեծի ենթարկված և դրանից հետո ինքնաբացարկ հայտնած թեկնածուի գործը, իշխանությունների կողմից դեռևս քննվում է:\

Հինգ տարվա մշտական բնակության պահանջը, որպես թեկնածու առաջադրվելու իրավունք ունենալը որոշելու համար, հստակորեն կարգավորված չի: ԿԸՀ-ն չի անդրադարձել այս խնդրին, ինչը հանգեցրել է այս առումով թեկնածուների գրանցման հստակ նորմերի բացակայության: Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի թեկնածուների համամասնական ցուցակները ունենան երկու սեռի ներկայացուցիչներ յուրաքանչյուր հինգ թեկնածուների թվում, սկսած երկրորդ թեկնածուից: Այս քվոտայի պահպանման արդյունավետությունը լիակատար չէ, քանի որ ցուցակի գրանցումից հետո թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել և սկզբնական գենդերային համամասնությունը վերականգելու պահանջ չկա: Բոլոր կուսացությունները առաջադրել են կանանց՝ օրենքի պահանջին համապատասխան: Նախնական, 235 կին թեկնածու է գրանցվել համամասնական ընտրացուցակում (23 տոկոս), որոնցից 7-ը ինքնաբացարկ են հայտնել: Արդյունքում, կանանց համամասնությունը ՕԵԿ ցուցակում 20 տոկոսից նվազել է: Մեծամասնական ընտրապայքարում գրանցվել էին 12 կին թեկնածու (8 տոկոսից պակաս), որոնցից մեկը ինքնաբացարկ է հայտնել: Թվով 41 ընտրատարածքներից 32-ը չունեն կին թեկնածու: Քարոզչության Միջավայրը և Քարոզչության Ֆինանսավորումը Նախընտրական քարոզչությունը ակտիվ էր, մրցակցային և ընդհանուր առմամբ, խաղաղ: Մրցակցությունը եռանդուն էր բոլոր մասնակիցների, այդ թվում կառավարությունում ներկայիս գործընկերների միջև: Հավաքների, խոսքի և տեղաշարժվելու ազատությունները հիմնականում պահպանվել են: ՀԱԿ թեկնածուների կողմից վիրավորական լեզվի օգտագործման որոշ դեպքեր են արձանագրվել: Եղել է բռնության չորս դեպք տարբեր կուսակցությունների կողմնակիցների միջև: Իշխանությունները բոլոր մասնակիցներին տրամադրել են անվճար տարածքներ պաստառների և քարոզչության համար՝ ինչպես պահանջվում էր Ընտրական օրենսգրքով: Այնուամենայնիվ, մասնակիցները ոչ միշտ են հետևել օրենքին, հատկապես պաստառներ և քարոզչական նյութեր օգտագործելու տեսանկյունից: Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքը ընդգծել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը: Իշխանությունների, ընտրությունների մասնակիցների և քաղաքացիական հասարակության կողմից եղել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք նպատակ են ունեցել ապահովելու գործընթացների ամբողջականությունը: Միևնույն ժամանակ, քարոզարշավը հատկանշվել է ընտրողների ցուցակների թերությունների, ձայներ գնելու, ընտրակեղծիքները հեշտացնելու նպատակով անձնագրեր թողարկելու և ընտրողներին վախեցնելու վերաբերյալ մեղադրանքներով: Այդ իսկ պատճառով, հասարակական վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների ամբողջականության վերաբերյալ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Գլխավոր դատախազությունը և Ոստիկանությունը իրենց՝ ընտրական խախտումները արձանագրելու գործողություններում թափանցիկ են եղել: Այնուամենայնիվ, հնարավոր իրավախախտների նկատմամբ ոչ մի պատժամիջոցներ չեն նշանակվել, շատ գործեր կարճվել են, որոշները միայն ակնհայտորեն մակերեսային հետաքննությունից հետո: Երեք դեպքերով Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, այն հիմնավորմամբ, որ իրավախախտների քրեական հանցագործություն կատարելը արդարացված է եղել իրենց իսկ ընտրական իրավունքները պաշտպանելով: Նման անգործությունը հակասում է օրենքի գերակայության սահմանադրական սկզբունքին: Ընտրողների վրա ճնշումները, ինչպես օրինակ, աշխատողներին ՀՀԿ հանրահավաքներին մասնակցել ստիպելը և ընդդիմության հանրահավաքներին մասնակցելուն խոչընդոտելը, մտահոգություն են առաջացրել: Նման գործելաոճը հարցականի տակ է դնում, թե ինչ չափով են ընտրողներն ազատ եղել քննարկել և ուսումնասիրել բոլոր մասնակիցների տեսակետները, և քվեարկել՝ առանց հետագա պատժից վախենալու, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից արձանագրվել են Ընտրական օրենսգրքով արգելված վարչական ռեսուրսների չարաշահման որոշ դեպքեր: Թեպետ Ընտրական օրենսգիրքն արգելում է ուսումնական ոլորտում աշխատողների կողմից քարոզչության և աշխատանքային պարտականությունների համատեղումը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները դիտարկել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀԿ-ն ակտիվորեն ներառել է ուսուցիչներին և աշակերտներին քարոզչական միջոցառումներում, նաև դասերի ժամանակ: Մի դեպքում, Լոռվա մարզում, ուսուցիչը և տեղական իշխանությունները խնդրել են ծնողներին մասնակցել ՀՀԿ միջոցառմանը: Երկարաժամկետ դիտորդները արձանագրել են ՀՀԿ քարոզչական նյութեր և կուսակցական դրոշակներ մի շարք դպրոցների շենքերի վրա: Տեղական մակարդակով ՀՀԿ քարոզարշավն իրականացվել է դպրոցների տնօրենների ակտիվ մասնակցությամբ: Մի դեպքում, մասնավոր համալսարանի ռեկտորը դասերի ժամանակ խրախուսել է ներկաներին քվեարկել ՀՀԿ թեկնածուների օգտին:

Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում ուսումնական ոլորտի աշխատակիցների մարդկային ռեսուրսը, խախտել է Ընտրական օրենսգրքի 18-րդ և 22-րդ հոդվածները: Դեռ ավելին, նման գործունեությունը նպաստել է մասնակիցների համար անհավասար մրցակցային դաշտի ապահովմանը՝ հակասելով ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիգրուպ» ընկերությունը քարոզարշավի ընթացքում մոտ 500 տրակտոր է բաժանել: Ծրագիրը միահյուսվել է ԲՀԿ քարոզարշավին: Ընտրական օրենսգրքի 18.7 հոդվածը արգելում է ընտրությունների մասնակիցներին և նրանց հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպություններին, նախընտրական քարոզչության ժամանակ ընտրողներին տրամադրել կամ խոստանալ ապրանքներ և ծառայություններ: Այս հարցի վերաբերյալ բողոքին ի պատասխան, ԿԸՀ-ն որոշել է, որ օրենքի խախտում չկա: Այն հիմնավորել է իր որոշումը ԲՀԿ տրամադրած բացատրություններով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է նաև մի քանի դեպքեր, երբ ՀՀԿ թեկնածուները չեն հետևել սույն հոդվածի դրույթներին:

Նոր Ընտրական օրենսգիրքը խստացրել է քարոզարշավի ֆինանսավորման կանոնները: Այնուամենայնիվ, առկա են երկու հիմնական մտահոգություններ. վերահսկիչ-վերստուգիչ ծառայության սահմանափակ անկախությունը ԿԸՀ-ից, և ընտրական ծախսերի նեղ իրավական սահմանումը: Մոտ 12 մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն բացել քարոզարշավի համար հատուկ հաշվեհամարներ, իսկ 1 թեկնածու՝ նախքան քվեարկության օրը ծախսեր չի հայտարարագրել: Մյուս բոլոր թեկնածուները հայտարարագրեր են ներկայացրել ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը, և որոնք, սահմանված ժամկետներում հրապարակվել են: Մինչև քվեարկության օրը քարոզչության ֆինանսավորման հետ կապված խախտումների ոչ մի դեպք չի գրանցվել ԿԸՀ-ի կողմից:

Լրատվամիջոցները

 Հայաստանում հեռուստատեսությունը տեղեկատվության ամենակարևոր աղբյուրն է: Տպագիր մամուլի շրջանառությունը սահմանափակված է քիչ տպաքանակով: Չնայած աննշան բովանդակային տարբերությանը, ապրիլի 8-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավի ժամանակ հեռարձակողները մատչելի են եղել բոլոր խոշոր կուսակցությունների համար՝ ըստ այդմ հնարավորություն ընձեռելով ընտրողներին տեղեկանալու նրանց քաղաքական դիրքորոշման մասին: Սա թերևս բարելավում կարող է համարվել՝ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ընթացքում կարգավորում է ամբողջ լուսաբանումը՝ ներառելով պահանջներ նորությունների լուսաբանման, վճարովի գովազդների և անվճար եթերաժամանակի վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված լրատվամիջոցներն իրենց լրատվական հաղորումներում իրականացրել են վեց խոշոր կուսակցությունների և դաշինքի լայնածավալ լուսաբանում: Նրանք նաև ցուցադրել են կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ հարցազրույցներ, բայց միան 19 բանավեճ: Յոթ դեպքում հրավիրվածներից մեկը կամ ավելին չեն ներկայացել նախատեսված բանավեճին: Մեծամասնական թեկնածուների լուսաբանումը սահմանափակ է եղել: Հանրային հեռարձակողը՝ հանրային հեռուսատեսությունը և ռադիոն, կուսակցություններին տրամադրել են անվճար և վճարովի եթերաժամանակ: Դիտարկված հեռարձակողները պահպանել են քարոզարշավի լռության վերաբերյալ դրույթները:

Հ1 հանրային հեռուստաընկերությունը իր նորություններում 20 տոկոս լուսաբանել է ՀՀԿ-ին, 19 տոկոս՝ ՀԱԿ-ին, 12 տոկոս՝ ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, և Ժառանգությանը և 8 տոկոս՝ ԲՀԿ-ին: Նորությունների լուսաբանումը հիմնականում չեզոք բնույթ է կրել, սակայն որոշակի դրական երանգ է արձանագրվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հանդեպ: Հանրային ռադիոն իր լուսաբանումը խոշոր կուսակցությունների միջև հիմնականում հավասարապես է բաշխել: Թեպետ օրենքը սահմանում է, որ պետական թերթերը պետք է անկողմնակալ լինեն, Հայաստանի Հանրապետություն օրաթերթն իր ծավալի 24 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին՝ հիմնականում չեզոք կամ դրական երանգով, 12 տոկոս՝ պետական պաշտոնյաներին և 5 տոկոս՝ Նախագահին՝ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում:

Դիտարկված մասնավոր հեռարձակողները ցուցաբերել են որոշակի քաղաքական տարանջատում: Կենտրոն Հ/Ը-ն աջակցել է ԲՀԿ-ին, իսկ Երկիր Մեդիան՝ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին: Հ2-ը, Արմենիա Հ/Ը-ն և Շանթ Հ/Ը-ն իրականացրել են խոշոր կուսակցությունների անկողմնակալ լուսաբանում, բայց առավել դրական երանգով է ներկայացվել ՀՀԿ-ն (Հ2, Արմենիա Հ/Ը, և Շանթ Հ/Ը), ՕԵԿ` (Հ2), ԲՀԿ` (Շանթ Հ/Ը) և ՀԱԿ՝( Շանթ Հ/Ը): Ազատ եվրոպա/ազատություն ռադիոկայանն առավել բացասական երանգով է արտահայտվել ՀՀԿ-ի հանդեպ:

Օրենքի համաձայն, ապրիլի 17-ին և 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակել է լրատվամիջոցների դիտարկաման իր երկու զեկույցները: Այս զեկույցներում նշված չէ Ընտրական օրենսգրքի որևէ խախտում, սակայն ՀՌԱՀ-ն պաշտոնական նամակներ է ուղարկել չորս հեռուստաընկերությունների՝ նշելով հեռուստաալիքների լուսաբանումների ժամանակ կողմնակալության մասին:

Որոշ դեպքերում հեռուստաալիքները, սեփական նյութերի վրա հիմնվելու փոխարեն, իրենց նորությունների հեռարձակման ընթացքում օգտագործել են նույն քարոզչական նյութը, որը օգտագործվել է նաև քաղաքական գովազդում: Նման գործելաոճը վնասում է լրատվական հաղորդման արժանահավատությանը և նվազեցնում է լրատվամիջոցի անկախությունը քաղաքական դաշտից, և կարող է ապակողմնորոշիչ լինել դիտողների համար:

 Դիմումներ և Բողոքներ

Այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները և դատարանները քննարկել են ընտրություններին առնչվող բողոքները, հաճախ շահագրգիռ անձանց թողել են առանց իրենց բողոքների արդյունավետ քննության՝ հակասելով ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 5.10 պարբերությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածին: Ընտրական հանձնաժողովները և  դատարանները հիմնականում որդեգրել են խիստ ձևական մոտեցում բողոքներն ուսումնասիրելիս: Բողոք բերելու և առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկելու սահմանափակ իրավունքը գումարվում են ընտրական բողոքների արդյունավետ լուծման բացակայությանը: Ի լրումն, դիմումների և բողոքների իրավական բովանդակությունը բավական բարդ է:

Համեմատած քիչ թվով պաշտոնական բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին, չնայած մեծ թվով ոչ պաշտոնական բողոքների մասին է բարձրաձայնվել: Տարբեր շահագրգիռ անձինք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրենց անվստահությունն են հայտնել ընտրական գործընթացների կազմակերպման, դատարանների և իրավապահ մարմինների կողմից ընտրություններին առնչվող բողոքները անաչառ և արդյունավետ լուծելու վերաբերյալ, և որ հասարակական երկմտանք կա  ընտրական իրավախախտումները հայտնելու հետ կապված: Ինչպես նաև ակնհայտ է եղել բողոքարկման գործընթացների վերաբերյալ գիտելիքների պակաս:

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով, իսկ ԿԸՀ-ի դեմ բոլոր բողոքները Վարչական դատարանի ընդատությանը տակ են:36 Դիմողները իրենց ընտրությամբ կարող են միանգամից դիմել Վարչական դատարան, առաջացնելով վերադաս հանձնաժողովի հետ իրավասությունների համընկնում: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքները բացառապես Սահմանադրական դատարանի իրավասության ներքո են: Նոր Ընտրական օրենսգրքի դրական հատկանիշներից է այն պահանջը, որ ընտրական հաձնաժողովների կողմից բողոքների քննարկման ժամանակ պատշաճ պետք է իրականացվի պատշաճ վարչական վարույթ: Ինչևէ, Ընտրական օրենսգիրքն անհիմն սահմանափակում է բողոք ներկայացնելու նրանց իրավունքը, ում անձնական ընտրական իրավունքները վտանգված են, ըստ էության մերժելով ընտրողի՝ հիմնական ընտրական իրավունքների խախտման համար դատական պաշտպանություն ստանալու իրավունքը, 37 և ընտրական իրավուքների վերաբերյալ դատարանի որոշուները բողոքարկման ենթակա չեն: Քվեարկության օրվանից առաջ ԿԸՀ-ն ստացել է մոտ 494 դիմում:

Դրանց գերակշռող մասը (461) ներկայացվել է միևնույն անձի կողմից, որոնք հինականում վերաբերվել են որպես թեկնածուներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քարոզչություն իրականացնելուն և լրատվության անհամաչափ լուսաբանմանը: ԿԸՀ-ն մերժում է այս բողոքների քննությունը՝ հիմնավորելով, որ անհատ անձինք նման բողոքներ բերելու իրավունք չունեն: Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն ուսումնասիրել է այս դիմումներում ներկայացված որոշ փաստեր և խախտումներ չի հայտնաբերել: Գրեթե բոլոր մյուս դիմումների քննությունը ԿԸՀ-ի կողմից մերժվել է ձևական հիմքերով կամ հաճախ մերժվել է առանց բողոքի էության կամ ապացույցների պատշաճ ուսումնասիրության:

Որոշ որոշումներում բացակայել է պատշաճ իրավական հիմքը: Քվեարկության օրվանից առաջ 30 բողոք է ներկայացվել ԸԸՀ-ներին, որոնք հիմնականում առնչվել են քարոզչության կանոնների խախտումներին, ներառյալ ձայների գնում, քարոզչություն դպրոցներում և պաստառների վերաբերյալ կանոնների խախտում: Գործերի մեծ մասը պատշաճ կերպով չի քննարկվել: Որոշ դեպքերում նախազգուշացումներ են տրվել թեկնածուներին՝ պաստառների վերաբերյալ նորմերը խախտելու համար: Մի քանի թեկնածու դիմում են ներկայացրել, որպեսզի, ընտրական իրավախախտումներ թույլ տված այլ թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչվի, բայց դրանցից ոչ մեկը չի բավարարվել: Թիվ19 և 23 ԸԸՀ-ները որոշումներ են ընդունել, ըստ որոնց տնօրեններին և ուսուցիչներին արգելված չէ քարոզչություն անել դպրոցներում, ինչը Ընտրական օրենսգրքի անհիմն նեղ մեկնաբանություն է: ԿԸՀ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկել այս խնդիրը քննարկելու համար, սակայն մի բողոքի վերաբերյալ այն որոշել է, որ դպրոցներում քարոզչական շտաբներ բացելը արգելված չէ: Վարչական դատարանը անփոփոխ է թողել թիվ 23 ԸԸՀ-ի որոշումը:

Թեկնածուների գրանցման վերաբերյալ չորս գործեր ներկայացվել են Վարչական դատարան: Թեկնածուն, ում գրանցումը մերժել են և մեծամասնական (10-րդ ընտրատարածք), և համամասնական ընտրակարգով, բողոքել է, որ ԱՎՎ-ն անհիմն մերժել է իրեն հինգ տարվա մշտական բնակության վկայագիր տալ, և արդյունքում թե ԸԸՀ-ն, թե ԿԸՀ-ն ոչ իրավաչափ կերպով մերժել են իր գրանցումը: Երկու մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ (թիվ 19 և 37 ընտրատարածքներում) բողոքել են, որ իրենց հակառակորդները անօրինական կերպով են գրանցվել՝ չհամապատասխանելով հինգ տարվա մշտական բնակության պահանջին: Դատարանը մերժել է ԿԸՀ և ԸԸՀ դեմ բոլոր չորս գործերը ձևական հիմքերով՝ առանց բուն խնդրի ուսումնասիրության, թե արդյոք մշտական բնակության պահանջը իրավականորեն բավարարված է եղել: Քվեարկության օրվանից առաջ 22 բողոք է ներկայացվել Վարչական դատարան: Գրեթե բոլորի քննությունը մերժվել է կամ մերժվել՝ ձևական հիմքերով, առանց բողոքի բուն էությունը քննելու կամ առանց լուրջ իրավական հիմքի:

 Տեղական և Միջազգային Դիտորդներ

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների տեղական և միջազգային դիտարկում: ԿԸՀ-ն հավատարմագրել է դիտորդներ 10 միջազգային կազմակերպություններից և ավելի քան 27,141 դիտորդ 54 տեղական ՀԿ-ներից: Հավատարմագրման գործընթացն ընդհանուր առմամբ ամբողջական է եղել, սակայն օրենքի պահանջների նեղ և բառացի մեկնաբանության որոշ դեպքեր հանգեցրել են 10 տեղական կազմակերպությունների հավատարմագրումը մերժելուն: 4,310 տեղական ՀԿ-ների դիտորդներ չեն կարողացել հանձնել ԿԸՀ պարտադիր ստուգարքը կամ որոշել են այն չհանձնել և հետևաբար չեն կարող դիտարկել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները պարբերաբար իրենց մտահոգությունն են հայտնել տեղական դիտորդների պարտադիր հավատարմագրման վերաբերյալ, մի խնդիր, որը նախկինում  բարձրացվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկյան հանձնաժողովի և կողմից: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել նախկին Ընտրական օրենսգրքի 30.6 հոդվածը հանելու վերաբերյալ, որը դիտորդներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն էր շնորհում՝ ընտրական գործընթացների վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտելու համար: Ինչևէ, այս մտահոգությունների պատասխանը եղել է 2010 թվականին Քրեական օրենսգրքից զրպարտության դրույթների հանելը:

 Ընտրությունների Օրը

Քվեարկության օրը, ընդհանուր առմամբ, հանգիստ և խաղաղ էր: ԿԸՀ-ն հայտարարել է քվեարկության նախնական արդյունքների 62 տոկոսը: Ժամը 1:30-ից սկսած, ԿԸՀ-ն սկսել է իր կայքում հրապարակել համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքների՝ ըստ յուրաքանչյուր ընտրական տեղամասի տվյալները, ինչը նպաստել է  արդյունքների ամփոփման ընթացքի թափանցիկությանը:

Այն դեպքում, երբ բացման գործընթացները դրական են գնահատվել դիտարկված գրեթե բոլոր ընտրական տեղամասերում, քվեարկության ընթացքը բացասաբար է գնահատվել ավելի քան 10 տոկոսում, ինչը զգալի է: Դիտարկված ընտրական տեղամասերից զգալի մեծ մասում քվեարկության գործընթացը կանոնակարգված և լավ կազմակերպված է եղել, սակայն, կազմակերպչական խնդիրներ, գործընթացի անհարկի միջամտության և լուրջ խախտումների դեպքեր են դիտարկվել բավական մեծ թվով ընտրական տեղամասերում: Այցելած ընտրական տեղամասերից 8 տոկոսում դրսում առկա են եղել քարոզչական նյութեր:

Դիտարկված ընտրական տեղամասերից 15 տոկոսում կազմակերպվածության բացակայությունը կամ ՏԸՀ անդամների և կուսակցությունների/թեկնածուների վստահված անձանց կամ դիտորդների միջև ծագած վեճերը բացասաբար են ազդել ընտրական գործընթացի վրա: Միջազգային դիտորդներն արձանագրել են մարդկանց կուտակումներ դիտարկված ընտրական տեղամասերից 16 տոկոսում, դրսում ընտրելու սպասող մեծ խմբեր՝ 15 տոկոսում և լարվածություն կամ անհանգստություն՝ 6 տոկոսում: Գրեթե բոլոր դիտարկված ընտրական տեղամասերում ներկա են եղել վստահված անձինք, իսկ տեղական դիտորդներ՝ 87 տոկոս ընտրական տեղամասերում: Դիտարկված ՏԸՀ-ներից 12 տոկոսում, համապատասխան իրավասություն չունեցող անձինք, հիմնականում վստահված անձինք, միջամտել են կամ ուղղորդել են ՏԸՀ աշխատանքները: Միջազգային դիտորդներն արձանագրել են որոշ անձանց կողմից ընտրողների ընտրության վրա ազդելու փորձերի (դիտարկված 4 տոկոս ընտրական տեղամասերում), ինչպես նաև ընտրողներին վախեցնելու դեպքեր (2 տոկոս): Քվեարկության օրը ձայների գնման պնդումների վերաբերյալ հայտարարություններ են ներկայացվել Ոստիկանություն և մի քանի քրեական գործեր են հարուցվել: Միջազգային դիտորդներն արձանագրել են մի շարք լուրջ խախտումներ, ներառյալ խմբակային ընտրություն (12 տոկոս դիտարկված ընտրական տեղամասերում), վստահված անձանց կողմից ընտրություն (4 տոկոս), բազմակի ընտրության (2 տոկոս) և ընտրողների ցուցակներում մի շարք նույնանման ստորագրությունների առկայության (2 տոկոս) դեպքեր: Դիտարկված ընտրական տեղամասերից 7 տոկոսում ընտրատուփերը պատշաճ կարգով կնքված չեն եղել դիտարկման ժամանակ:

Ընտրության գաղտնիությունը ոչ միշտ է ապահովվել, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են գաղտնի նշում կատարել իրենց քվեաթերթիկների վրա (12 տոկոս) կամ նախքան ընտրախցից դուրս գալը դրանք ծրարի մեջ դրել (13 տոկոս):Միջազգային դիտորդները դեպքեր են արձանագրել, երբ վստահված անձանց կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների կաղմից տեսանկարահանումը խախտել է ընտրության գաղտնիությունը: Ընտրողների անձերի ստուգման ընթացակարգերը հիմնականում պահպանվել են, դիտարկված ընտրական տեղամասերից 3 տոկոսում ընտողներին չեն թողել քվեարկել, քանի որ նրանց անունները ընտրացուցակում չեն եղել: ԿԸՀ տվյալների համաձայն, քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ավելացված անձանց թիվը շատ քիչ է եղել:

Ընտողների անձնագրերում դրվող հատուկ կնիքի թանաքը (բազմակի ընտրության դեմ երաշխիք) պետք է տեսանելի լիներ 12 ժամ, բայց անցել է շատ ավելի շուտ: Որպես ԿԸՀ-ի, որը նախապես չէր ստուգել թանաքը, և ԸԸՀ-ների կողմից տրված հակասական ուղղորդումների արդյունք, ՏԸՀ-ները շարունակել են օգտագործել ցնդող թանաքը, մինչդեռ մյուսները օգտագործել են ընտրական ծրարները կնքելու համար նախատեսված թանաքը կամ երկու տիպի թանաքներնել՝ խառը:

Միջազգային դիտորդների կողմից դիտարկված ընտրական տեղամասերում կանայք 32 տոկոսում եղել են ՏԸՀ նախագահ և 44 տոկոսում՝ ՏԸՀ անդամ:

Դիտարկված ընտրական տեղամասերից գրեթե մեկ հինգերորդում ձայների հաշվարկման գործընթացը բացասաբար է գնահատվել: Որոշ ՏԸՀ-ներ անմիջապես քվեարկության ավարտից հետո չեն սկսել ձայների հաշվարկը կամ չեն իրականացրել օրենքով պահանջվող ստուգիչ գործողություններ, ինչպես օրինա, ընտրացուցակում ընտրողների ստորագրությունները հաշվելը: Քիչ թվով ՏԸՀ-ներ են հաշվարկն իրականացրել ոչ թափանցիկ եղանակով: Դիտարկված ձայների հավարկի չորս դեպքերից մեկում իրավասություն չունեցող անձինք են մասնակցել: Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես օրինակ,  արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերի նախապես լցոնվել են (5 դեպք): Արդյունքները արձանագրություններում հաճախ չեն ստուգվել, երեքից մեկ ՏԸՀ-ում արձանագրությունը լրացնելու հետ կապված խնդիր է եղել և չորսից մեկ ՏԸՀ-ն չի հրապարակել արձանագրությունների պատճեները՝ հասարակական ստուգման համար:

Քվեարկության գիշերը միջազգային դիտորդների կողմից դիտարկված 41 ԸԸՀ-ներից 33-ում արդյունքների ամփոփման գործընթացը դրական է գնահատվել: Չնայած գրեթե բոլոր ԸԸՀ-ներում գործընթացը եղել է թափանցիկ, շատ ԸԸՀ-ների տարածքներ եղել են մարդկանցով գերլցված և ՏԸՀ արձանագրությունները ստանալու և մշակելու համար ոչ համապատասխան: Միջազգային ֆիտորդներն արձանագրել են, որ շատ ՏԸՀ-ներ արդյունքների արձանագրությունները ամբողջությամբ լրացված չեն եղել և հաճախ ԸԸՀ-ները ստիպված են եղել ուղղել թվաբանական սխալները (օրենքի համաձայն):

Արձանագրվել են արդյունքների վերաբերյալ տվյալների մշակման հետ կապված խնդիրների մի քանի դեպքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031