Մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր ԱՊՀ դիտորդների այս հայտարարությունը կրկնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Aravot.am-ի հարցին, թե ինչու է մերժել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ՝ կնիքները ընտրություններից առաջ փորձաքննության ենթարկելու առաջարկությունը, որը վկայակոչել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե կնիքներն օքսիդանալու են 3-4 ժամում, պարոն Մուկուչյանը բացատրեց. «Ըստ էության անհասկանալի են, թե որտեղից են այդ լուրերը սպրդել: Ես առաջարկել էի, որ յուրաքանչյուրը գար ու ստուգեր կնիքը: Չէ, փաստորեն ճիշտ չէ, որովհետեւ այդ կնիքի նյութը երեկ փորձարկվեց: Համենայնդեպս իմ անձնագրում դրոշմակնիքը մինչեւ այսօր առկա է: Իսկ թե ինչու է այդ դրոշմակնիքը շուտ անհետանում, մանրամասն երեկ ասել եմ»: Պարոն Մուկուչյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի այն տեղեկատվությունը, ըստ որի, կնիքների հետ կապված խնդիրը ոչ թե վերացել է մի քանի ժամում, ինչպես երեկ ինքը վստահեցնում էր, այլ ինչպես տարածել էր ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, անգամ ԵԱՀԿ դիտորդներն են ժամը 2-ի դրությամբ ականատես եղել օքսիդացող կնիքներին, պարոն Մուկուչյանը կրկնեց, որ այդ խնդիրը եղել է քվեարկության առաջին մասում եւ 1-1,5 ժամվա ընթացքում խնդիրը վերացվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ