Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Բանավեճերի չմասնակցելը եւս քաղաքական մշակույթի խախտում է (Տեսանյութ)

Մայիս 07,2012 15:12

Այսօր «Ուրբաթ» ակումբում  Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ՀՀ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման եզրափակիչ հաշվետվությունը: Մշտադիտարկումն իրականացվել է մարտին եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում, արվել են որոշակի եզրակացություններ, որոնց մասին հայտնեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ առաջին անգամ լուրջ բողոքներ չկան՝  կապված ԶԼՄ-ում ընտրարշավի լուսաբանման հետ: Խնդիրները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտին, օրինակ՝ սահմանված ժամանակից դուրս քաղաքական գովազդին:

«Այդպիսի նյութեր եթեր են գնում բոլոր հեռուստաընկերություններով, սակայն հարցն այլ է, երբ դրանք ներկայացնում են ոչ թե որպես կուսակցության ուղերձ, այլ խմբագրության կողմից վերամշակված նյութ»,-ասաց Բ. Նավասարդյանը՝ միաժամանակ հավելելով, որ հասարակությունը 4 շաբաթ ունի ընտրություն կատարելու համար, ինչը բավարար ժամանակ չէ:

Չնայած ԶԼՄ-ների կողմից լավ լուսաբանմանը, ԵՄԱ նախագահը կարեւոր խնդիր է համարում կուսակցությունների կողմից որոշ թերությունների առկայությունը, օրինակ՝ քաղաքական բանավեճերին չմասնակցելը եւ միջոցառումների մասին լրագրողներին ժամանակին չտեղեկացնելը: «Դա քաղաքական մշակույթի խախտում է համարվում: Բանավեճերին քիչ են մասնակցել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը: Հրաժարվելու դեպքում քո տեղը գրավում է հակառակորդը ու խոսում քո դեմ»,-ասաց փորձագետը:

Ըստ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ՀՀ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվության, առավել շատ եթերաժամանակ է տրվել հաջորդաբար ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՕԵԿ-ին, ՀԴԿ-ին, ՀԿԿ-ին եւ «Միավորված հայեր» կուսակցությանը. «Քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն է դրսեւորել «Արմնյուզը», 2-րդ եւ 3-րդ տեղում են «Կենտրոնը» եւ «Երկիր Մեդիան»: Քիչ լուսաբանումով աչքի են ընկել «Հ1»-ը, «Արմենիան» եւ «Շանթը», իսկ «Շողակաթը» հավատարիմ է մնացել իր՝ որպես հոգեւոր-մշակութային հեռուստաալիքի ուղղվածությանը»,-նշված է հաշվետվությունում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031